5 դասական սիրավեպ, որ արժե կարդալ - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

11/29/2021

5 դասական սիրավեպ, որ արժե կարդալ

 Սիրավեպեր կարդալ սիրում ենք շատերս, սակայն քիչ է պատահում, որ գտնում ենք այնպիսի մի սիրավեպ, որն իսկապես դիպչում է մեր սրտին: Ռոմանսով լի նման գործեր են գրել դասականները, որոնք կարողացել են սերը նկարագրել այնպես, որ նրանց պատմությունը ներխուժի մեր սրտերը, հարմար տեղավորվի այնտեղ ու փակի դուրս տանող դռներն ու պատուհանները՝ երկար ժամանակ բնակություն հաստատելով այնտեղ:



1.  Էմիլի Բրոնտե՝ «Մոլեգին հողմերի դարավանդ»| «Wuthering Heights» 

«Մոլեգին հողմերի դարավանդը» Էմիլի Բրոնտեի միակ նովելն է: Ընդամենը մեկ նովելով այս Բրոնտեն կարողացավ դառնալ բոլոր ժամանակների ամենասիրված դասական հեղինակներից մեկը: Գործը հրապարակվել է 1847թ.-ին և քանի որ այն ժամանակ կանանց թույլ չէին տալիս հրապարակել իրենց գործերը, Էմիլին իր համար ընտրել էր Էլիս Բել կեղծանունը: Նա մահացել է գրքի թողարկման հաջորդ տարին՝ 30 տարեկան հասակում: Նրա քույրը՝ Շարլոտ Բրոնտեն, որը հեղինակել է մեկ այլ հայտնի դասական գործ՝ «Ջեյն Էյր»-ը, քրոջ մահից հետո խմբագրել է «Մոլեգին հողմերի դարավանդը» և 1850թ.-ին հրապարակել այն Էմիլի Բրոնտեի իրական անունով:


Գիրքը առեղծվածներով, անիծված սիրով ու տարբեր սարսափ դրվագներով լի մի գործ է, որի գլխավոր հերոսներն են Քեթրին Էրնշոուն և Հիթքլիֆը, որոնք փոքր տարիքից միասին մեծանալաով սկսում են իրար սիրել: Հիթքլիֆը, որը ծառայող է աշխատում Էրնշոուների ագարակատանը, իր հանդեպ ցուցաբերված վատ ու անհարգալի վերաբերմունքի պատճառով հեռանում է, և վերադառնում է միայն տարիներ անց՝ որպես արդեն հարուստ մարդ: Նա սկսում է վրեժ լուծել իրեն ցավ պատճառած մարդկանցից: Այս գրքի հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, որոնցից մեկում Հիթքլիֆին մարմնավորում է Թոմ Հարդին:



2. Մարգարետ Միթչել՝ «Քամուց քշվածները»|  «Gone With the Wind»

Մարգարետ Միթչելի այս հայտնի գործը սիրո, պատերազմի ու երազանքների մասին է: Գիրքը, որը նաև արժանացել է Պուլիցերյան մրցանակի, հիմք է հանդիսացել համանուն մի ֆիլմի համար, որը գրքի հետ միասին դասվում է դասականների շարքում:


Հեղինակը մի պատկեր է ստեղծել, որը հստակ կերպով նկարագրում է ԱՄՆ-ն քաղաքացիական պատերազմի տարիներին: Դեպքերի կենտրոնում գտնվում է Սքարլետ Օհարան, որն իր որոշումների և պատերազմի պատճառով հայտնվում է այնպիսի իրավիճակներում, որոնք մաս մաս կոտրում են իր սիրտը: Սակայն իր ուժեղ բնույթի և Ռեթ Բաթլերի օգնությամբ նա փորձում է ոտքի կանգնել:



3. Ջեյն Օսթին՝ «Հպարտություն և նախապաշարմունքներ» | «Pride and Prejudice»

Բոլոր ժամանակների այս հայտնի սիրավեպը չէր կարող չընդգրկվել մեր այս ցանկում: «Հպարտություն և նախապաշարմունքները» պատմում է սրամիտ ու խելացի Էլիզաբեթ Բենեթի և պարոն Դարսիի ծանոթության, զավեշտալի ու «վիրավորական» շփման և վերջապես փոխըմբռնման մասին: Սա օրինակներից մեկն է այն առաջին գործերի, որտեղ կինը հանդես է գալիս որպես ուժեղ, համառ, խելացի ու ֆեմինիստ:



4. Լև Տոլստոյ՝ «Աննա Կարենինա» | «Anna Karenina»

Լև Տոլստոյի այս դասականում նկարագարվում են 19-րդ դարի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ազնվականական միջավայրերի առօրյան, բարքերը, կյանքը, ռոմանսը: Այն պատմում է  մի ամուսնացած կնոջ՝ Աննա Կարենինայի ու սպա Վռոնսկիի ողբերգական սիրո մասին։  Նրանց սիրո ողբերգությունը, թվում է, ավելի մեծ կործանարար ուժ է ունենում, երբ հեղինակը հակադրում է այն իրենց ընտանիքների ու շրջապատի ուրախ, անհոգ կյանքին:



5. Վիկտոր Հյուգո՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը» | «The Hunchback of Notre Dame»

Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակում ապրում է Կվազիմոդոն՝ տաճարի սապատավոր ու խուլ ժամկոչը: Իր արտաքինի պատճառով բազմաթիվ անգամներ ծաղրի առարկա դառնալուց հետո, նա գրեթե խուսափում է մարդկանց հետ շփվել: Նրան խղճում է միայն Էսմերալդան՝ գնչու պարուհի, ում նա միանգամայն նվիրվում է: Տաճարի եկեղեցականներից մեկը՝ Քլոդ Ֆրոլոն նույնպես համակրում է գնչուհուն, սակայն վեջինս անընդհատ մերժում է նրան: Սա բարկացնում է Ֆրոլոյին, որը փորձում է կործանել Էսմերալդային և միայն Կվազիմոդոն կարող է փրկել նրան:



No comments:

READ MORE