Դիրքերում կանգնած են լեգենդար ջոկի հրամանատարներ - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

6/12/2021

Դիրքերում կանգնած են լեգենդար ջոկի հրամանատարներ

 ՍՈԹՔ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2-րդ բանակային կորպուսի պաշտպանության գոտու մարտական դիրքերում կանգնած զինծառայողների մարտական ոգին բարձր է, և նրանք ամեն վայրկյան պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը, ով ներկայացնում էր Սոթք հանքավայրի մոտ գտնվող նոր մարտական դիրքերից մեկը։




«Հավաստիացնում եմ, որ զինծառայողների մարտական ոգին բարձր է։ Մարտական դիրքերում կանգնած են լեգենդար ջոկի հրամանատարներ, որոնց սխրանքները կմնան պատմության մեջ։ Պատերազմի ժամանակ իրենք իսկ ղեկավարել են մարտական գործողությունները»,- ընդգծեց Պետրոսյանը։


Հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Վարուժան Թումանյանը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է և պաշտպանել է Քարվաճառի «Հովազ-1» մարտական դիրքը, պատմում է, որ մինչև պատերազմի ավարտը մնացել են իրենց դիրքում կանգուն։


«Երբ սկսվեց պատերազմը Քարվաճառի զորամասերից մեկում էի։ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին մեր դիվիզիոնի վրա, տագնապով բարձրացանք դիրքեր։ Ես «Հովազ-1» մարտական դիրքն եմ պաշտպանել, հակառակորդին հաջողվել էր այն գրավել, սակայն մենք հակագրոհով հետ ենք վերցրել դիրքը ու մինչև պատերազմի ավարտը եղել ենք այդ դիրքում»,- ասաց Թումանյանը։


Ժամկետային զինծառայողը նշեց, որ պատերազմի ընթացքում իրեն հոգեպես ուժեր տալիս ժողովրդի օգնությունը, հրամանատարների խոսքերը։



 «Նոյեմբերի 9-ից հետո տխուր էինք, ընկճված, սակայն շատ հարցերին ըմբռնումով էինք մոտեցել։ Ամեն ինչ կունենա իր ժամանակը, մի փոքր ուժեղանանք՝ մեր ուզածով կլինի։ Իհարկե, հավատում եմ՝ կորցրած տարածքները հետ ենք բերելու, ուղղակի ժամանակ է պետք ուժեղանալու համար»,- նշեց Թումանյանը։


Վարուժանին մնացել է ծառայելու 30 օր։ Հարցին, թե ինչ կտանի իր հետ ծառայությունից, Վարուժանը պատասխանեց, որ լավ ընկերներ ու հիշողություններ։


Կարեն Խաչատրյան




Комментариев нет: