Երբ Մոնթեի նկարի մոտ կանգնած ժպտում է, իսկ բռունցքով ցույց է տալիս իր` զինվորի անպարտելի կերպարը, միանգամից հիշում եմ կենդանի լեգենդի խոսքերը` իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք...
Մոնթեի գործը շարունակողներից է Վահագն Սաղաթելյանը, ում մասին պատմելուց կլինեմ անկեղծ։ Զինվորականի ընտանիքում է ծնվել Վահագնը։ Հայրը պահեստազորի փոխգնդապետ է։ Եվ հենց մանկուց էլ հայրենիքի հանդեպ սերը ամրացավ ու դարձավ հզոր վահան, որ իր հետ մինչև հիմա ունի Վահագնը։ Ամենահայրենասերների, ամենանվիրյալների համար է Հայաստանն ու Արցախը, ինչպես մի մարմին` անբաժան ու անսասան։
Չզարմանաք վերջին բառիս վրա, այո, անսասան, որովհետև այս երկրի տերը հայ զինվորն է, որի նմանը չկա ուրիշ տեղ։ Խոհեմ ու խելացի է մեր նյութի հերոս զինվորը, պարտականությունների կատարման առումով երբևէ չթերացող, ընկերասեր ( այդ սիրո մեջ էլ չի թերանում երբեք)։ -Հայրենիքն ու բանակն ինձ համար անփոխարինելի սրբություններ են, և ես հպարտ եմ, որ հայրենիքիս զինվորն եմ,-ասում է զրուցակիցս` ավելացնելով,- ինձ բախտ վիճակվեց ծառայությունս սկսել դրախտավայր Եղնիկներում։ Նոր ծանոթություններ, նոր կյանք, որը նույնքան հետաքրքիր էր, որքան և դժվար,-անկեղծանում է։ Պատերազմն այդ դժվարության մեջ ցավ ներարկեց։
Վահագնը իր երդման պահողն ու երկիրը պաշտպանողների շարքերում է։ Երբ 44-օրյա պատերազմը սկսվեց, ինքը զինվորական հոսպիտալում էր գտնվում: Հենց նույն օրն էլ մեկնեց զորամաս` առաջին պատահած զինվորական մեքենայով։ Հայրը, ով ռազմական մեծ փորձ ու գիտելիքներ ունի, իսկույն կամավորագրվեց` առանց երկմտելու։ Ինչպես շատերը, այնպես էլ իրենք` հայր ու որդի դարձան մարտական ընկերներ։ -Եղբայրս, ով Ապրիլյան պատերազմի մասնակից է, շարունակեց իր պայքարը 44-օրյա պատերազմում։ Ինձ համար մեծ օրինակ է թե՛ եղբորս թե՛ հորս կատարածը, և ես չուզեցի անմասն մնալ,-մեզ հետ զրույցում ասել է Վահագն Սաղաթելյանը` շարունակելով,-ճիշտ է, այս պատերազմը տարբերվում էր նախորդ պատերազմներից, բայց մեր ոգին անկոտրում էր։ Այս պարտությունը ես չեմ ընդունում, մենք նորից կկերտենք հաղթանակներ, հետ կբերենք մեր կորցրածը,-վստահեցնում է։ Վահագնը մեծ ցավ է ապրում, որ կորցրեցինք գրեթե ամբողջ Արցախը, հազարավոր հայորդիներ իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին, կորցրեց նաև շատ հարազատ ընկերներ։ Զինվորը հույսը չի կորցնում, այլ համոզված է` կվերագտնենք մեզ ու մոխիրներից վեր կհառնենք` որպես փյունիկ։ Վահագնը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող է, սակայն 6 ամիս սովորելուց հետո զորակոչվել է բանակ։ Շատ ծրագրեր ունի, որոնց իրագործման ճանապարհին չի նահանջելու։ Մեծ է ցավը, անդառնալի են կորուստները... -Չեմ ուզում մանրամասն պատմել այն զգացողությունների մասին, ինչ կատարվել են մարտի դաշտում։ Նա հայ զինվորի համազգեստը պատվով է կրում, և միանշանակ` երդմանը հավատարիմ ծառայում է հայրենիքին` ամուր պահելով սահմանի իրեն վստահված հատվածը։
© shamshyan.com
Комментариев нет:
Отправить комментарий