Հայտնի է, թե քանի ուսուցիչ է դիմել կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար. թիվը կանխատեսվածից բավական փոքր է - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

6/03/2021

Հայտնի է, թե քանի ուսուցիչ է դիմել կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար. թիվը կանխատեսվածից բավական փոքր է

 Աշխատավարձերի բարձրացման նպատակով ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ին լրացել է: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացանք, որ համապատասխան քննություններին մասնակցելու համար դիմել է 1300 ուսուցիչ:



Դեռ վերլուծություն չի արվել, թե որ առարկայի համար և որ մարզերից են ուսուցիչներն առավելապես հայտ ներկայացրել: Վերլուծությունը կկատարվի առաջիկա օրերի ընթացքում, և մինչև օգոստոսի մեկը նախարարությունը կկազմվի այդ ուսուցիչների ցուցակը, որից հետո կներկայացնի ԳԹԿ:


Նշենք, որ հենց ԳԹԿ-ն է կազմակերպելու ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը:


Նկատենք, որ կամավոր ատեստավորման համար հայտ ներկայացրած ուսուցիչների թիվը բավակականին քիչ է՝ համեմատած նախարարության կանխատեսումների: Ըստ կրթական գերատեսչության կանխատեսման՝ այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը պետք է լիներ 2070, որոնց 76.8 տոկոսը՝ 1590-ը, կհաղթահարեր սահմանված շեմը և կստանար աշխատավարձի 30-50% հավելավճար:


Նշենք նաև, որ այս տարի առաջին անգամ է իրականացվելու առարկայական գիտելիքների ստուգման միջոցով ատեստավորման գործընթացը. ուսուցիչները խուսափե՞լ են այս ձևով իրենց գիտելիքները ստուգելու տարբերակից, թե՞՝ ոչ, դժվար է ասել, սակայն ավելի վաղ ուսուցիչների հետ մեր խոսակցության ժամանակ նրանցից շատերն իրենց դժգոհությունն էին հայտնել կամավոր ատեստավորման անորոշ, անհայտ հարցաշարերի վերաբերյալ: Ավելի ուշ, սակայն, ԳԹԿ-ն հրապարակեց քննություններ վերաբերկալ ուղեցույցեր: Ուսուցիչներից ոմանք ընդհանրապես գործընթացը համարել էին վիրավորական՝ նշելով, որ ստաժավոր ուսուցիչներին նման վերաբերմունքի արժանացնելը վիրավորական է, մի մասն էլ ասում էին, որ կսպասեն առաջին փուլին, որպեսզի մոտավորապես հասկանան, թե նման ռիսկի գնալը արդյո՞ք իրենց հետագա գործունեությանը չի խանգարի:


Հիշեցնենք, որ այս տարի ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ եւ երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Երկրորդ տարում այն կանցկացվի 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար և պարտադիր կդառնա համակարգ նոր մուտք գործող այն ուսուցիչների համար, որոնք դասավանդելու են 7-12-րդ դասարաններում: Երրորդ տարում ատեստավորումը կանցկացվի 1-4-րդ դասարաններում (5-12-րդ դասարաններում) դասավանդող բոլոր ուսուցիչների, ինչպես նաև պարտադիր՝ 1-12-րդ դասարաններում դասավանդել ցանկացող՝ համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների համար:


Հավելյալ վարձատրության իրավունք 80 տոկոս եւ ավելի արդյունք ապահոված մանկավարժները: 80-89 տոկոս արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կստանան հավելավճար՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով, իսկ 90-100 տոկոս արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կստանան հավելավճար 50 տոկոսի չափով: Այն ուսուցիչները, որոնք 60-79 տոկոս արդյունք կապահովեն, պարզապես կհամարվեն ատեստավորումն անցած, եւ նրանց աշխատավարձը կպահպանվի: 


Կլինեն նաեւ ատեստավորումը չանցած ուսուցիչներ, եւ այդ դեպքում հնարավոր է՝ նրանք զրկվեն աշխատելու իրավունքից: Սա, սակայն, կլինի միայն այն դեպքում, երբ 0-59 տոկոս արդյունք ունենան ու երկրորդ վերաատեստավորման ժամանակ եւս չկարողանան դրական արդյունք ապահովել: Առաջին անգամ ատեստավորումը չանցած ուսուցիչները մեկ տարի անց պարտադիր կվերաատեստավորվեն, իսկ արդեն երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցիչների դասավանդման իրավունքը կկասեցվի՝ մինչև իրենց հայեցողությամբ հաջորդ վերապատրաստմանը մասնակցելը և վերաատեստավորման դրական արդյունք ունենալը:



Комментариев нет: