Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը Բելառուսին կմատակարարի ամենաժամանակակից զենքերը: Այդ մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է այսօր՝ հունիսի 1-ին, Ռուսաստանի հետ համագործակցության վերաբերյալ նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների թեմաներից մեկը վերաբերում էր ռազմարդյունաբերական համագործակցությանը, այդ թվում՝ Բելառուսին ժամանակակից զենքի մատակարարմանը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
«Որևէ քննարկում չի եղել Ռուսաստանի զինված ուժերը մշտական հիմունքներով Բելառուս տեղափոխելու և ռազմաբազաներ ստեղծելու վերաբերյալ, դա ընդհանրապես չի քննարկվել»,- հայտարարել է Լուկաշենկոն:
«Կլինեն որոշակի կասկածներ, կնկատվի ակտիվացում ՆԱՏՕ-ում, ռազմական բախման վտանգ, 24 ժամվա ընթացքում ռուսական ստորաբաժանումներն ու զորքերը կմտնեն Բելառուս»,- նշել է նախագահը:
Լուկաշենկոն վստահեցրել է, որ Պուտինի հետ բանակցություններում չի քննարկվել Բելառուսի ինքնիշխանության հարցը:
«Որպեսզի չլինեն ենթադրություններ, թե մենք «հանձնում ենք» մեր ինքնիշխանությունն ու անկախությունը, ասեմ, որ այս թեմայով ոչ մի խոսակցություն չի եղել: Մենք այդ մասին ընդհանրապես չենք խոսել: Հիշեցնեմ, որ մեզ միայն մեկ բան է պետք՝ հավասար պայմաններ՝ տնտեսվարող սուբյեկտների, անհատների համար»,- ասել է Լուկաշենկոն:
Մայիսի 28-ին Սոչիում տեղի ունեցան Պուտին-Լուկաշենկո բանակցությունները, իսկ մայիսի 29-ին կայացավ երկու ղեկավարների հանդիպման ոչ պաշտոնական մասը:
No comments:
Post a Comment