Ռոբերտ Քոչարյանին մեծ ֆիասկո է սպասվում. Արման Բաբաջանյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

6/06/2021

Ռոբերտ Քոչարյանին մեծ ֆիասկո է սպասվում. Արման Բաբաջանյան

 ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին «Լուսավոր Հայաստան»  կուսակցության նախընտրական ցուցակում էր, 2021-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել իր  «Հանուն Հանրապետության» կուսակցությամբ:




Արման Բաբաջանյանն ընտրություններին դաշինքով հանդես կգա  «Քրիստոնեա- ժողովրդավարական» կուսակցության հետ: Դաշինքի վարչապետի թեկնածուն հենց Արման Բաբաջանյանն է:



Պատգամավորի խոսքով՝ ի սկզբանե  «Հանուն Հանրապետություն» կուսակցությունը քաղաքական դաշտում խնդիր էր դրել ապահովել լայն համախմբում այն քաղաքական ուժերի, որոնց համար Հայաստանի ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը քննարկման առարկա չեն, եւ համատեղ ջանքերով, նախ, բացառել նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմի մնացուկների ռեւանշի որեւէ հնարավորություն, մյուս կողմից, ստիպել իշխանությանը հետեւողականորեն իրագործել երկրում արմատական համակարգային բարեփոխումների օրակարգը։ Իսկ Լեւոն Շիրինյանը, որը «Քրիստոնեա- ժողովրդավարական» կուսակցության ղեկավարն է, առաջինն է կիսել իրենց մտահոգությունները ու պատկերացումները:


ՀԺ-ի հարցազրույցը Արման Բաբաջանյանի հետ՝ ստորեւ.


- Պարոն Բաբաջանյան, մինչ հայտարարելը, որ դաշինք եք կազմելու Լեւոն Շիրինյանի հետ, մամուլում շատ էր շրջանառվում, որ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը դաշինք է կազմելու «Հանրապետություն» կուսակցության հետ, դիտարկե՞լ էիք այդ տարբերակը, քննարկում ունեցե՞լ եք Արամ Սարգսյանի հետ:



- Անշուշտ, մենք «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, իմ լավ բարեկամ Արամ Սարգսյանի հետ եւս ունեցել ենք քննարկումներ վերը նշված օրակարգով։ Սակայն, պարոն Սարգսյանը որոշեց առաջիկա ընտրություններին մասնակցել առանձին, եւ այդ որոշման մասին պաշտոնապես հայտարարություն արեց, որն էլ մենք ընդունեցինք ի գիտություն։ 


- Ձեր թիմն սկսել է մարզային այցելությունները: Քաղաքացիների հետ հանդիպումներից ի՞նչ եզրահանգման եք գալիս: Ի՞նչ քաղաքական տրամադրություն ունեն նրանք:


- Գլխավոր եզրահանգումն այն է, որ տարիներով Հայաստանի հարյուրավոր բնակավայրեր, այնտեղ ապրող քաղաքացիներ մնացել են երկրի հասարակական-քաղաքական կյանքից վտարված, օտարված, բազում պարզագույն խնդիրներ մնացել են չլուծված, քանզի երեւանյան բարձր կաբինետներում, որոնք քսան տարի շարունակ զավթված են եղել կազմակերպված քրեական խմբավորման կողմից, այդ հարցերի նկատմամբ վերաբերմունքը «լավագույն դեպքում» եղել է հանցավոր անտարբերությունը, մարդկանց ուղղակի մղել են արտագաղթի՝ գլուխները խնդիրներից ազատելու համար։


Ինչ վերաբերվում է քաղաքական տրամադրություններին, ապա ուզում եմ շեշտել, որ համատարած զզվանք կա «նախկինների» նկատմամբ։ Սակայն, նաեւ մեծ է հիասթափությունը գործող իշխանությունից, որի բազում բացթողումների պատճառով «նախկինների» առանձին շրջանակները փորձում են ռեւանշ ձեռնարկել եւ, ամենակարեւորը՝ դա անհնարին չեն համարում։ Չկողմնորոշված, հիասթափված քաղաքացիների սեգմենտը չափազանց մեծ է, եւ այդ սեգմենտին չի բավարարում այն քաղաքականությունը, որը նա տեսնում է։



- 26 քաղաքական ուժ հայտ է ներկայացրել մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Ինչի՞ կարող է հանգեցնել սա, ինչի՞ հետ է կապված քաղաքական ուժերի այսքան մեծ հետաքրքրությունն ընտրությունների նկատմամբ:


- Իհարկե, մարդկանց անօտարելի իրավունքն է քաղաքականապես ինքնադրսեւորվել ընտրություններին, եւ այսպիսի մասնակցությունը վկայում է առաջիկա ընտրությունների մեծ կարեւորության մասին, որին արժանացնում է մեր հասարակության քաղաքականապես ակտիվ մասը։ Սակայն, մյուս կողմից, 26 ուժերի մասնակցությունը վկայում է երկրում կուսակցական համակարգի անկատարության, քաղաքական հասունությունից բավականին հեռու լինելու մասին։ Բայց եւ, եկեք ընդունենք, որ սա այն գործընթացն է, որով մենք պետք է անցնեինք 1990-ականներին, ինչը տեղի չունեցավ, քանզի երկրի բնականոն ընթացքը խաթարվեց սովետական մնացուկների եւ կրիմինալ խմբավորումների կողմից՝ առաջին իշխանությունների կոպիտ սխալների արդյունքում։


- Տարբեր տարիների ՀՀ-ում  ընտրություններն ուղեկցվում են ընտրակաշառքների բաժանմամբ, ընտրակեղծիքներով... Այս ընտրություններին այդպիսի դեպքերը բացառո՞ւմ եք, թե՞ սպասում: Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ այժմյան իշխանությունները չեն կարող դիմել կեղծարարության, քանի որ ռեսուրս չունեն: Դուք ի՞նչ կասեք:


- Ինչպես ասում են, արդեն օդից կախված բազմաթիվ լուրեր կան, որ այս կամ այն ուժերը սկսել են մեծ գումարներ ծախսել, ձեւավորել ընտրակաշառքի բաժանման եւ ձայների գնման, ոչ վաղ անցյալից հայտնի ենթակառուցվածքը։ Նաեւ տեղեկություններ են շրջանառվում տարբեր կոռումպացված եւ կրիմինալ շրջանակների գերակտիվացման մասին։ Բնականաբար, տնօրինելով ահռելի կարողություններ, այդ շրջանակները պետք է ակտիվանային, այլ հարց է, որ չբարեփոխված, հետեւաբար՝ վատ կառավարվող պետական ինստիտուտներն ինչպես են արձագանքում նման տեղեկատվությանը։ Գործող իշխանությունները չեն կեղծելու ընտրությունները, այդտեղ ես մտավախություն չունեմ։ Վտանգն այլ տեղ է՝ այնտեղ, որտեղ կա դրանում հմտացածների փորձը, կարողությունները եւ, ամենագլխավորը, անհագ ցանկությունն ամեն գնով հասնել «ռեւանշի»: Նրանք պարզապես այլ բան չեն սովորել, այլ բանի ընդունակ չեն։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը լայն իմաստով ամենապերճախոս կերպով բնորոշում է ավելի շատ իրեն, քան իր ասածի հասցեատերերին, եթե այն չկոչենք ինքնախոստովանական ցուցմունք։


- Ընտրությունների երկրորդ փուլ լինելու հեռանկար տեսնո՞ւմ եք: Եվ ընդհանրապես, ընտրությունների ինչպիսի՞ ելք եք կանխատեսում:


- Մեծ հաշվով, որեւէ հեռանկար բացառելը սխալ եմ համարում։ Բայց եւ այնպես, իշխող քաղաքական ուժը, գոնե վստահելի սոցհարցումների տվյալներով, մնում է առաջատար։ Վստահ եմ նաեւ, որ մեր դաշինքը եւս այս ընտրություններին կարժանանա տասնյակ հազարավոր ընտրողների հավանությանը, եւ մենք պատկառելի ներկայություն կունենանք ապագա խորհրդարանում։ Իսկ պատմականորեն դատապարտված քաղաքական միավորներն, իմ համոզմամբ, չնայած փակ տարածքներից տիրաժավորվող հոխորտանքների, իրենց ակնկալած որոշիչ քանակի ձայներ, այնուամենայնիվ, չեն ստանա։


- Վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանը ակտիվ հայտարարություններով է հանդես գալիս, որ մինչեւ քոքը մաշեցնելու են այսօրվա իշխանությունների ռեյտինգը, դրա հետ մեկտեղ էլ պնդում, որ իր իշխանության գալուց հետո վենդետաներ չեն լինելու: Ինչպե՞ս եք վերաբերում Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելու գաղափարին, ընտրած մարտավարությանը եւ կրկին երկրի ղեկին հայտնվելու հնարավորությանը:


- Քոչարյանը եւ վենդետան լիակատար հոմանիշներ են, համենայն դեպս, իր անփառունակ կառավարման տարիները հենց դրա վառ վկայությունն են, եւ թող հույսը չդնի մարդկանց կարճ հիշողության վրա, այն էլ՝ Գուգլի դարաշրջանում։  Անիմաստ է։ Քոչարյանը դասական հիբրիդային պատերազմ է հայտարարել մեր երկրին, վարում է այդ պատերազմը, նպատակ դնելով այն վերազավթելու եւ խուսափելու անխուսափելի արդարադատությունից, քողարկվելով պսեւդոքաղաքական ծխածածկույթով։ Վստահաբար, նրան սպասում է մեծ ֆիասկո։


- Ձեր ելույթներում շատ եք խոսում դատական իշխանության թերացումների, կոռումպացված լինելու, վեթինգի չիրականացման մասին: Եթե այժմյան իշխանությունների փոխարեն դուք ունենայիք 3 տարի ժամանակ այդ բարեփոխումներն իրականացնելու համար, ինչի՞ց այն կսկսեիք, ինչպե՞ս եք պատկերացնում դատական իշխանությունում բարեփոխումները:


- Այո՛, պատգամավորական գործունեությանս զգալի մասը հատկացրել եմ հենց դատական համակարգում ցավալիորեն այդպես էլ չկայացած՝ կենսական կարեւորության բարեփոխումներին։ Պետության զավթման, այն հանցագործությունների գործիքի վերածման գործում անցյալից ժառանգած դատական համակարգն իր այսպես կոչված դատավորներով՝ ուղղակի հանցակից է։ Սակայն, արձանագրելով վերոնշյալը, իրականությունն այն է, որ այդ մարդիկ շարունակում են տնօրինել եւ վճռել քաղաքացիների եւ մեր պետության ճակատագիրը։ Սա ուղղակի անընդունելի եւ անհանդուրժելի է։ Իհարկե, անցած երեք տարին այդ իմաստով ահռելի ժամանակ է, որպեսզի բազմաթիվ հրատապ խնդիրներ լուծվեին։ ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ընդունվող տասնյակ դատավճիռները, որոնք արձանագրում են մարդու իրավունքների խախտում եւ սահմանում փոխհատուցումներ վճարել մեր հարկատու քաղաքացիների հաշվին, ունեն առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատավորների՝ շատ կոնկրետ անուն-ազգանուններ։ Այդ մարդկանց նույնիսկ դատարանների շենքին մոտենալը պետք է օր առաջ արգելել, ուր մնաց նրանց պաշտոնավարման շարունակությունը։ Հայաստանում դատական համակարգի, դատախազության, քննչական մարմինների, հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների անձնակազմի վեթինգը պետք է լինի ոչ թե որպես միանվագ ակտ, այլ մշտական գործող ինստիտուտ։ Ահա՛ թե ինչ ենք մտադիր օր առաջ ներդնելու մեր երկրում։


- Կարո՞ղ եք առանձնացնել «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի նախընտրական ծրագրի ամենակարեւոր կետերից մի քանիսը, որոնք կարծում եք՝ զարգացած ու ամուր պետություն ունենալու գրավականն են:


- Մեր ծրագրի գլխավոր ուղենիշներն են ապագայի պատերազմներին պատրաստ մարտունակ բանակը եւ անառիկ սահմանները, դիվերսիֆիկացված արտաքին, անվտանգության, պաշտպանական, արտաքին տնտեսական քաղաքականությունները, գիտության եւ կրթության ոլորտների արմատական բարեփոխումներն, ուղղված բարձրագույն ստանդարտների ներդրմանը եւ ինտեգրմանը առաջատար համակարգերին։


Ծրագիրն ուղենշում է նաեւ դատաիրավական բարեփոխումները, տնտեսական նոր կարգը, ինտենսիվ գյուղատնտեսության շեշտակի զարգացումը եւ այլն։


Անյուտա Աթանեսյան




Комментариев нет: