ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում է: Նա Ջրաշեն գյուղում հանդիպում է համայնքի բնակիչների հետ: Վարչապետի պաշտոնակատարը խոսել է համայնքի խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին:
Ըստ Փաշինյանի, գյուղում կկառուցվի մանկապարտեզ, բայց պայմանով, որ գործարկումից հետո ամբողջ ծախսն իր վրա կվերցնի համայնքը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև սահմանային խնդիրների մասին՝ հիշեցնելով իր առաջարկը, որն ընդունվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից:
«Խնդիրները կիսատ-պռատ թողնել չի կարելի, պետք է սեփական շահերին համապատասխան գտնվեն լուծումներ: Մեր խնդիրը խաղաղ դարաշրջան սահմանելն է»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ մյուս ուժերը նշում են, որ իրենք խաղաղ սահմաններ էին ստեղծել, սակայն խաղաղ սահմաններ մենք չենք ունեցել, հազարավոր զոհեր ենք ունեցել խաղաղ սահմանների պարագայում:
«Ռոբերտ Քոչարյանի պաստառներին գրցված է՝ «խաղաղ սահմաններ»: Իրենք ինչո՞վ են էդ հարաբերական խաղաղությունն ապահովել: 1998 թվականից մինչև 2008 թվականը Ադրբեջանին ինչ պետք է եղել ստանալ բանակցային սեղանի շուրջ, Ռոբերտ Քոչարյանը նրանց տվել է:
Առաջինը՝ Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողնելը: Դա եղել է Ադրբեջանի երազանքն ու գերագույն նպատակը:
Երկրորդը՝ տարածքների փոխանակման կոնտեքստում Ռոբերտ Քոչարյանը ստեղծել է այնպիսի բանակցային բովանդակություն, որը եղել է Ադրբեջանի երկրորդ երազանքը: Ըստ դրա, Շուշին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից անջատվում ու ինչպես այն ժամանակ ԱԳ նախարարն էր ասվում՝ բերվում է օկուպացված տարածքների շարք:
Երրորդը՝ Մեղրիի փոխանակման ծրագիրը. դա Ռոբերտ Քոչարյանն իր կոտրած ձեռքով տարել է Անվտանգության խորհրդի նիստի քննարկման: Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն իրենց կյանքի գնով Մեղրին փրկել են:
Ամբողջությամբ նենգափոխվել է Ղարաբաղի հարցի բովանդակությունը: Ձևավորվել են մադրիդյան դավադիր սկզբունքները, որոնք էլ բերել-հանգեցրել են պատերազմի: Ձևավորվել է բանակցային այնպիսի բովանդակություն, որ պետք է շրջանները փոխանցվեին Ադրբեջանին ու մենք պայքարել ենք դրա դեմ: Էն, որ իրենք բանակցային գործընթացով փորձել են հանձնել, դավաճանություն չեն համարում, իսկ մեր պայքարը դրա դեմ՝ համարում են »,-ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ հույս ունի, հունիսի 18-ին բոլոր քաղաքական ուժերի առաջին դեմքերի բանավեճին կտեսնի Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին ու դեմ առ դեմ կքննարկեն բոլոր հարցերը:
Комментариев нет:
Отправить комментарий