Նոր աղմուկ. Արցախում պահանջում են հեռացնել Տատիկ-պապիկի արձանի կողքին տեղադրված հակահայկական քանդակը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/25/2021

Նոր աղմուկ. Արցախում պահանջում են հեռացնել Տատիկ-պապիկի արձանի կողքին տեղադրված հակահայկական քանդակը

 Արցախում պահանջում են հեռացնել «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկի») հուշակոթողի տարածքում տեղադրված «Արցախի բանալին» անվանումով արձանը:



Մարդիկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստարկված դիտարկումներ են արել այն մասին, որ տեղադրված քանդակը հայկականության հետ որեւէ աղերս չունի, բացառությամբ նրա, որ ներքեւի մասում մեսրոպյան այբուբենն է (առանց ներկայիս այբուբենի վերջին 3 տառերի): Օգտատերերն ընդգծել են, որ քանդակի թե՛ վերեւի բազմաթեւ աստղը, թե՛ հուռութքը հոգեւոր խորհրդանիշներ են, բայց, միանշանակ, ոչ հայկական: Ավելին, ըստ հանրության ճնշող մեծամասնության կարծիքների, Ստեփանակերտի սրտում տեղադրված քանդակն ադրբեջանական տարրեր է պարունակում. աստղը Ադրբեջանի գերբն է, իսկ հուռութքը Մուհամեդ մարգարեի աղջկա «Ֆաթիմայի ձեռք» իսլամական ամուլետն է:


Արձանի նկարների մեկնաբանություններում միայն քննադատություն է, մարդիկ պահանջում են անհապաղ հեռացնել «կուռքը»՝ սպառնալով՝ այլապես իրենք դա կանեն ու շատ կոպիտ ձեւով:


Անհասկանալի սիմվոլիստիկայով արձանի մասին շատերն էլ կարծիք են հայտնել, թե տեղադրվածը սատանիստական է, մասոնական: «Փորձում են հանրության աչքը կամաց-կամաց վարժեցնել ամեն տեսակի զազրելիությունների՝ լինի դա մշակույթի ոլորտում, թե մարդկային հարաբերությունների»,- մտահոգություն է հայտնել ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:


Մարդիկ նաեւ հարցադրում են արել, թե ինչո՞ւ են այդ պատկերները տեղադրվել Արցախի ամենասուրբ վայրում՝ արցախահայության սիմվոլ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի մոտակայքում. «Ի՞նչ եք ուզում դրանով ասել, հանեք ու շպրտեք այդ սատանայական եւ իսլամական դավանանքի նշանակություն ունեցող պատկերը, մի պղծեք մեր սրբավայրը»:



Բազմաթիվ են նաեւ այն մեկնաբանությունները, որ Արցախի բանալին այլեւս արցախցու ձեռքերում չէ, իսկ իշխանությունները օր օրի ժողովրդին ավելի են համոզում իրենց անճարության եւ անթասիբության մեջ:


Հարցը բարձրաձայնած Արցախում ապրող լրագրող Բելլա Լալայանն էլ, մեկնաբանություններում թեգելով հոգեւոր հայր Տեր Ներսես Գարեգին Ասրյանին, հարցադրում է արել, թե արձանի վերեւի բազմաթեւ աստղը ու Հռութքը ինչքանո՞վ կապ ունեն մեր հավատի ու կրոնի հետ: Հոգեւորականն էլ շեշտել է. «Դրական իմաստով՝ ոչ մի: Բացի այբուբենից՝ մեզ հետ կապված այլ բան չտեսա: Ավելի շատ կախարդության եւ սնոտիապաշտության տիրույթից են»: Տեր Ներսեսը նաեւ հավելել է. «Չգիտեմ՝ ինչ մղում են ունեցել նախաձեռնողները, բայց առնվազն տարակուսանք հարուցող երեւույթ է»:


Ըստ դիտարկումների՝ քրիստոնեական եկեղեցին խստորեն մերժում է հուռութքների եւ հմայիլների օգտագործումն ու պաշտամունքը։ Իսկ ինչ վերաբերում է աստղին, ապա հայկական որեւէ եկեղեցու կամ խաչքարի վրա չկա 9 թեւանի աստղ:



Աղմուկից հետո «Արցախի բանալին» անվանումով քանդակի վրա փորագրված հայերեն այբուբենի եւ «Հուոռութ» գրված հատվածները ցելոֆանով փակել են:


Ստեփանակերտի քաղաքապետարանը նախորդ գիշեր նկարել է այն ու հայտարարություն տարածել՝ պարզաբանելով, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կարգադրությամբ՝ բանալու տեսքով արձանի վրա բոլոր գրությունները այլեւս տեսանելի չեն, քանի որ դրանք նախագծով նախատեսված չեն եղել:


«Ինչ վերաբերում է կոնկրետ բանալուն, ապա նրա ճակատագիրը կորոշվի շուտով՝ մասնագիտական եզրակացությունից հետո»,- ասված է հայտարարության մեջ:


Ակնհայտ է, որ քանդակի տեղադրումից ու բացման արարողությունից գրեթե մեկ ամիս անց Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից արված հայտարարությունը հանրության ճնշման ներքո է:


Լրատվամիջոցների հրապարակումներից տեղեկանում ենք, որ «Արցախի բանալին» տեղադրվել է ապրիլի 29-ին՝ հայր ու որդի Արկադի եւ Գոռ Գրիգորյանների նախաձեռնությամբ: Մտահղացումն էլ պատերազմից առաջ է եղել: Աշխատանքները սկսված են եղել տեղադրելուց մեկ ամիս առաջ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի, ավագանու անդամների համաձայնությամբ, ինչպես նաեւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի հովանավորությամբ:


Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սամվել Ղուլյանը «Հայկական ժամանակին» հայտնեց՝ քանի որ արձանի նշանակության մասին հարցի շուրջ երկու բեւեռներ են առաջացել, այն ներկայացվել է հայաստանյան հետազոտական կենտրոններին, որպեսզի վերջնական եզրակացություն ստացվի: Ղուլյանը չցանկացավ մեկնաբանել առաջիկայում քանդակի հնարավոր ապամոնտաժման մասին տեղեկությունները:


Մեր տեղեկություններով՝ քաղաքապետարան են հրավիրվել նաեւ արձանի նախաձեռնողները: Այս պահին նրանց հետ եւս քննարկումներ են ընթանում: Հնարավոր է՝ քանդակը ձեւափոխման ենթարկվի:



Комментариев нет: