«Բարսելոնայի» ու «Ռեալի» սարսափը. ինչպիսի ակումբ է Հարոյանի «Կադիսը» - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/28/2021

«Բարսելոնայի» ու «Ռեալի» սարսափը. ինչպիսի ակումբ է Հարոյանի «Կադիսը»

 



Հայաստանի հավաքականի առաջատար պաշտպան Վարազդատ Հարոյանը պաշտոնապես դարձավ «Կադիսի» ֆուտբոլիստ և էլ ավելի հետաքրքիր դարձրեց Լա լիգան: 28-ամյա ֆուտբոլիստը մոտ մեկ ամիս էլ կանցկացնի «Աստանայում» և հուլիսից կմիանա իր նոր ակումբին: Այդ թիմը մեծ աղմուկ էր բարձրացրել ավարտված մրցաշրջանում՝ դառնալով գրանդ ակումբների սարսափը: Այն ունի հավատարիմ երկրպագուներ և Պրիմերայում մնալու հավակնություններ: VNews.am-ը ներկայացնում է Հարոյանի նոր ակումբը:

Պատմության ամենահաջող ժամանակահատվածը
«Կադիսն» իր պատմության ընթացքում 13 անգամ է խաղացել Իսպանիայի ուժեղագույն առաջնությունում: Լավագույն արդյունքը 12-րդ տեղն է, որը գրանցվել է երկու անգամ՝ 1987/88 մրցաշրջանում և 2020/21: Այո, ավարտված մրցաշրջանը լավագույն արդյունքի կրկնությունն է, բայց այն յուրահատուկ է նաև այլ պատճառով:


Լա լիգայում չեմպիոն դարձավ «Ատլետիկոն», բայց այդ նվաճման մեջ քիչ չէ նաև «Կադիսի» գործոնը: Ալվարո Սերվերայի գլխավորած թիմը միավորներ փախցրեց «Բարսելոնայից» ու «Ռեալից»: Կատալոնացիներին «Կադիսը» հաղթեց սեփական հարկի տակ (2:1) և ոչ-ոքի (1:1) կորզեց «Նոու Կամպում»: «Կադիսի» ևս մեկ զոհ դարձավ Մադրիդի «Ռեալը», որը սեփական հարկի տակ անդալուզցիներին զիջեց 0:1 հաշվով:

maxresdefault 11 960x540 - «Բարսելոնայի» ու «Ռեալի» սարսափը. ինչպիսի ակումբ է Հարոյանի «Կադիսը»
Դրախտային վայր
Կադիսն Իսպանիայի ամենահարավային նահագն է, գտնվում է Անդալուսիայի ինքնավար մարզում: Կադիսը նաև ամենահարավային քաղաքներից է և գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին: Այն աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է՝ 3125 տարեկան: Այդուհանդերձ, քաղաքը մեծ չէ, այնտեղ բնակվում է մոտ 133 հազար մարդ:

Կադիսում բազմաթիվ տեսարժան վայրեր կան, որոնցից մեծ մասն առնչվում են քաղաքի դարավոր պատմությանը: 1980 թվականին հնէաբանները հայտնաբերեցին թատրոն, որը անտիկ շրջանում երկրորդ խոշորագույն թատրոնն էր:

Քաղաքը հիմնադրել են փյունիկցիները, ինչը խորհրդանշական է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան Վարզադատ Հարոյանի համար: Քաղաքի բնակիչները խենթանում են նրանց թիմի համար: Մեկ անգամ նրանք նույնիսկ արտագնա հանդիպմանը մեկնել են ռեկորդային՝ 8000 երկրպագուներով:

Քաղաքի մյուս դիտարժան վայրերից մեկը «Կադիսի» մարզադաշտն է Ռամոն դե Կարնիսան, որը տեղավորում է մոտ 20 հազար հանդիսական: Ստադիոնը հիմնադրվել է 1955 թվականին և անվանվել նախկին քաղաքապետի պատվին: Բացման խաղում «Կադիսը» մրցել է «Բարսելոնայի» հետ և պարտվել 0:4 հաշվով:

Cadiz Quay and Cathedral 960x696 - «Բարսելոնայի» ու «Ռեալի» սարսափը. ինչպիսի ակումբ է Հարոյանի «Կադիսը»
Ինչու՞ է Հարոյանը հարկավոր «Կադիսին»
Տրանսֆերի պաշտոնական հաստատումից քիչ հետո Վարազդատը հարցարզույց տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքին և խոստովանեց, որ տեղափոխությունը կազմակերպել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը: Մեր մարզիչը իսպանական ակումբի նախագահ Մանուել Վիսկաինոյի մոտ ընկերն է:

Բայց Կապառոսը պատահական չէ Հարոյանին «գործուղում» հենց «Կադիս». այդ ակումբը որակյալ պաշտպանի կարիք ունի: Չնայած նրան, որ Պրիմերայում «դեղին սուզանավը» (նրանք նույն մականունն ունեն ինչ «Վիլյառեալը») գրավել է 12-րդ տեղը, թիմը բաց է թողել 58 գոլ: Դա վատագույն ցուցանիշն է առաջնությունում:

Մեր ընտրանին

Էդգար Բաբայանը կխաղա մոդայիկ ակումբում. այն անբախտ է, բայց չհանձնվող
«Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում
Նա 2 տարի ծառայեց բանակում, իսկ այսօր հավաքականի առաջատարներից մեկն է․ Տիգրան Բարսեղյանի պատմությունը
Փորձառու մարզիչ Ալվարո Սերվարան, որը թիմի ղեկին է արդեն 5 տարի,  մրցաշրջանում հետ չի կանգնել 4 պաշտպանով խաղալու ծրագրից: Եթե մարզիչը մտադիր չէ փոխել իր մոտեցումները, դա նշանակում է Հարոյանը մեկնարկային կազմի համար պետք է պայքարի կենտրոնական պաշտպան Ֆալիի կամ Խուան Կալայի հետ: Ֆալին թիմի անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկն է: Ավարտված մրցաշրջանում նրանից շատ խաղաժամանակ ստացել է միայն դարպասապահ Յերեմիաս Լեդեսման: Այդ պատճառով հայ ֆուտբոլիստին հեշտ չի լինի անմիջապես մեկնարկային կազմում հայտնվել:

«Կադիսը» նախընտրում է երկրորդ համարով խաղալ և սպասել մրցակիցների սխալներին: Պատահական չէ, որ ակումբը Պրիմերայի տնային խաղերում 18-րդ տեղում էր, իսկ արտագնայում՝ 8-րդ: Մրցակիցների հարկի տակ «դեղին սուզանավը» խաղում է հոգերազատ ֆուտբոլը, իսկ տանը ստիպված է ավելի համարձակ գործել, որովհետև ոչ բոլոր մրցակիցներն են պատրաստ մրցակցի հարկի տակ խաղալ բաց ֆուտբոլ:

Վիճակագրությունը նույնպես ցույց է տալիս «Կադիսի» պնդման ճշգրտությունը: Թիմը գնդակին տիրում է խաղաժամանակի  38,5 տոկոսը: Դա հսկայական տարբերություն է ոչ միայն առաջատարներից, այլև նույնիսկ նախավերջին տեղից (5 տոկոսի տարբերություն): Համեմատության համար նշենք, որ այդ ցուցանիշով նախավերջին տեղում գտնվող «Գրանադայի» և հինգերորդ տեղում հայտնված «Ռեալ Սոսյեդադի» միջև տարբերությունն ընդամենը 10 տոկոս է:

2Z7A9510 960x674 - «Բարսելոնայի» ու «Ռեալի» սարսափը. ինչպիսի ակումբ է Հարոյանի «Կադիսը»
«Կադիսին» Հարոյանը կօգնի նաև գրոհը պաշտպանությունից սկսելու գործում: Անդալուզցիները Պրիմերայում, դիպուկ փոխանցումների ցուցանիշով՝ 68,8 տոկոս, նախավերջին տեղում են : Այդ պատճառով հաճախ ստիպված են գրոհը զարգացնել դեպի առաջ՝ հեռահար փոխանցումներով, որտեղ գնդակի համար հիանալի է պայքարում «Կադիսի» պատմության ամենաաստղային ֆուտբոլիստներից մեկը՝ Ալվարո Նեգրեդոն: Պատահական չէ, որ օդային մենապայքարների հաղթանակներով «Կադիսն» Իսպանիայի հինգերորդ թիմն է:

Նման զգույշ խաղը ենթադրում է, որ հարկավոր է շատ մենապայքարներ հաղթել, մրցակցի հարվածները վնասազերծել և փոխանցումներն ընդհատել: Բոլոր այդ ցուցանիշներով Սերվարայի թիմը թոփ-6-ում է:

Հարոյանը հայտարարեց՝ միշտ զգացել է, որ խաղալու է թոփ թիմում և նրա կանխազգացումը կատարվեց: Այժմ նրան հարկավոր է իր կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն անցկացնել, որովհետև «Կադիսին» հաջորդ անգամ կարող է բախտ չվիճակվել մնալ Լա լիգայում՝ նման քանակի բաց թողած գոլերի պարագայում : Թիմի կազմն էլ աստղային չէ և ոչ էլ բարձր է դասվում մասնագետների շրջանում: Օրինակ, Transfermarkt-ն ամենաթույլն էր համարում Պրիմերայի բոլոր 20 թիմերի հաշվարկով:

«Կադիսը» «դեղին սուզանավ» մականունը ստացել է 1980-90-ականներին՝ իր տեղը հերոսաբար  ուժեղագույն լիգայում պահպանելու շնորհիվ: Անդալուզցիներն անհաջող էին մեկնարկում մրցաշարում, բայց հետո սուզանավի նման կարողանում էին չխորտակվել և դուրս գալ ջրի երես:  Դա հուշում է, որ Աֆրիկայի մոտ գտնվող իսպանական այդ շոգ քաղաքում իսկական մարտիկներ են բնակվում: Բայց շուտով նրանց կմիանա այնպիսի մարտիկ, ինչպիսին վաղուց չեն տեսել:




Комментариев нет: