Ահազանգ․ քաղաքացին, սրտի արատով զորակոչվել է բանակ․ պատմում է մայրը - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

5/10/2021

Ահազանգ․ քաղաքացին, սրտի արատով զորակոչվել է բանակ․ պատմում է մայրը

 Medmedia.am-ին է դիմել քաղաքացի Կարինե Նահապետյանը ու տեղեկացրել, որ որդուն՝ Վահրամ Նահապետյանին, ծնվ․՝ 2000թ-ին, առանց պատշաճ բուժզննման զորակոչել են բանակ՝ ծառայության։



«Տղայիս ուղարկել են ծառայության, առանց հետազոտության։ Հետազոտություն բացարձակ չի եղել, գրել են՝ առողջ է և ուղարկել ծառայության։ Երկու տարի էլ հետաձգել էին ատամների համար, քանի որ լիովին փչացած էին ու բուժում չի ստացել, ուղղակի հետաձգել են։ Տղաս, մարտի 31-ին զորակոչվեց բանակ, Իջևան։ Այնուհետև՝ վիճակը կտրուկ վատացել է չաստում, մի քանի օր սանչաստում պառկել է, բայց վիճակը ավելի է վատացել։ Դրանից հետո տղայիս ուղարկել են Վանաձորի ԲԿ, էնտեղ չեն հասկացել ինչ է կատարվում։ Այնուհետև ուղարկել են Երևան, Մուրացանի զինվորական հոսպիտալ, այնտեղ էլ բացահայտվել է, որ սրտի խնդիր ունի, բերել են Սրտաբանական հիվանդանոց ու պարզվել է՝ սրտի արատ ունի, մի փականը ի ծնե չկա»,-հուզված պատմեց տիկին Կարինեն ու նշեց, որ տղային չեն զննել, եթե նորմալ հետազոտություն անցներ խնդիրը կբացահայտվեր․


«Այս պահին տղաս դեռ հետազոտվում է սրտաբանականում, բժշկուհին ասաց, որ հետազոտվելուց հետո կտանեն Մուրացանի հոսպիտալ, հանձնաժողովը կպարզի ծառայության պիտանի է՞, թե՞ կզորացրվի»,-նշեց տիկին Կարինեն։


Ի դեպ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն, օրինակ, իր դիրքորոշումներում նշել է, որ թեև պետությունն է որոշում զորակոչիկների առողջության և պիտանիության չափանիշները, այնուամենայնիվ զորակոչիկները պետք է ֆիզիկապես և հոգեպես պատրաստ լինեն զինվորական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված փոփոխությունների մարտահրավերներին: Նրանք պետք է պատրաստ լինեն նաև զինված ուժերի անդամներին բնորոշ պարտականության ու պատասխանատվության բարձրացմանը: Երիտասարդ առողջ մարդու համար զինվորական ծառայությունը կարող է որևէ խնդիր չառաջացնել, մինչդեռ այն կարող է լուրջ բեռ դառնալ անձի համար, ով առողջական խնդիրների պատճառով չունի բավարար ֆիզիկական տոկունություն: Հետևաբար, հաշվի առնելով զինվորական ծառայության պահանջները, պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն ներդնելու զորակոչիկի փաստացի առողջական վիճակը բժշկական փորձաքննությամբ ստուգելու չափանիշներ, որպեսզի նրանց առողջությունը զինվորական ծառայության ընթացքում վտանգի չենթարկվի։


Նշենք, որ այս արդիական խնդիրը մշտապես Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում է։ 2020 թվականին շարունակվել են բավականին մեծ թվով բողոքներ ստացվել ոչ միայն զորակոչիկների, այլև պարտադիր ժամկետային զինծառայողների անհրաժեշտ բժշկական հետազոտությունների և դրանց արդյունքներով պայմանավորված՝ պատշաճ փորձաքննությունների իրականացման հետ կապված: Ըստ Պաշտպանի՝ խնդրահարույց է զորակոչիկին այն բժշկական հաստատություն լրացուցիչ հետազոտության ուղեգրելը, որի հետ կապված զորակոչիկը բողոք է ներկայացրել:


«Այսպիսի, պրակտիկան առաջին հերթին խնդրահարույց է զորակոչիկի պատշաճ բժշկական հետազոտությունների իրավունքի ապահովման տեսանկյունից, քանի որ այն բժշկական հաստատությունը, որի հետազոտությունները զորակոչիկը գնահատում է ոչ օբյեկտիվ, կարող է կաշկանդված լինել նախկինում իր կողմից տրված ախտորոշմամբ: Միևնույն ժամանակ, նույն բժշկական հաստատություն զորակոչիկին հետազոտության ուղեգրումը կարող է զորակոչիկի մոտ արդարացիորեն հետազոտության ոչ օբյեկտիվ լինելու կասկածներ առաջացնել»,-նշված է զեկույցում։

Комментариев нет: