Հայաստանի հավաքականի նորեկ. «Երազանքս իրականություն դարձավ» - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/26/2021

Հայաստանի հավաքականի նորեկ. «Երազանքս իրականություն դարձավ»

 «Արարատ-Արմենիայի» կենտրոնական պաշտպան Ալբերտ Խաչումյանն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական: 21-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի մեկնարկում քիչ խաղաժամանակ էր ստանում, սակայն մարզչական փոփոխությունից հետո դարձել է երևանյան թիմի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ և արժանացել Խոակին Կապառոսի ուշադրությանը:



VNews.am-ը զրուցեց Խաչումյանի հետ, որը խոսեց իր զգացողություններից՝ առաջին անգամ ազգային հավաքական հրավիրվելուց հետո, ինչպես նաեւ իր ակնկալիքների մասին:



Առաջին անգամ եք հրավիրվել Հայաստանի հավաքական: Ինչպիսի՞ն էին առաջին զգացմունքները:


Ճիշտն ասած՝ անակնկալի եկա, բայց նաև ուրախացա, որովհետև իմ երազանքն իրականություն դարձավ: Հիմա կփորձեմ արդարացնել սպասելիքները:


Հրավերի մասին ինչպե՞ս իմացաք:


Ընկերոջս հետ էի զրուցում, երբ հանկարծ նա ասաց, որ «Արարատ-Արմենիան» ինստագրամյան իր էջով հրապարակեց նկար, որում նշված է՝ ես հրավիրվել եմ հավաքական:


Հայաստանի հավաքական արտագնա ընկերական հանդիպումներ է անցկացնելու Խորվաթիայի ու Շվեդիայի պես ուժեղ թիմերի դեմ: Ի՞նչ սպասելիքներ ունեք այդ խաղերից:


Մենք այդ հանդիպումների միջոցով պետք է նախապատրաստվենք ավելի կարևոր խաղերին: Իհարկե, երկու թիմերն էլ շատ ուժեղ են, բայց մեծ ակնկալիքներ ունեմ այդ խաղերից: Պետք է լավ խաղանք և հաղթանակով վերադառնանք Հայաստան: Ես էլ իմ հերթին ամեն ինչ կանեմ, որ հաջող ելույթ ունենամ և ամրապնդվեմ հավաքականում:


papikyan khachumyan 960x640 - Հայաստանի հավաքականի նորեկ. «Երազանքս իրականություն դարձավ»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից արդեն արձագանք եղե՞լ է Ձեր հրավերի վերաբերյալ:


Ոչ, բայց նախկինում ինձ հաճախ էին հորդորում լավ մարզվել, աշխատել, որ ազգային հավաքականում միանամ նրանց: Ասում էին ինձ սպասում են հավաքականում:


Վերջին հանդիպումներում կրկին դարձել եք «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: Ի՞նչ է հիմա փոխվել, որ նախկինում չէր ստացվում:


Երևի մարզիչների հետ է կապված: Նոր մարզիչներն ավելի շատ են վստահում ինձ, ես էլ արդարացրի սպասելիքները: Նաև հարկավոր է նշել, որ Վակուլենկոն վնասվածք էր ստացել: Ես նրան փոխարինեցի 1-2 խաղում և մարզիչները զգացին, որ արդարացնում եմ ինձ ու մյուս հանդիպումներում էլ շանս տվեցին:


Մեր ընտրանին


«Ամեն ինչ անելու եմ, որ կրկին հրավիրվեմ Հայաստանի հավաքական». Արտյոմ Միքայելյան

«Շատ ուրախացա, բայց նաև շփոթվեցի». Շաղոյանը՝ Հայաստանի հավաքական հրավերի և իր ապագայի մասին

Հայաստանի հավաքականում 5 նորեկ կա. ովքեր են նրանք

Դավիդ Կամպանյայի ժամանակ քիչ խաղաժամանակը ինչո՞վ էր պայմանավորված:


Կոնկրետ պատճառ չկա: Երևի, մարզիչն ինձ չէր տեսնում մեկնարկային կազմում և քիչ խաղաժամանակ էր տալիս: Նրա օրոք ավելի շատ ինձ աջ պաշտպանի դիրքն էին վստահում, որը հոգեհարազատ չէ, բայց հանուն թիմի «փակում» էի այդ դիրքը: Հավանաբար, այդքան էլ լավ չէի դրսևորում ինձ այդ դիրքում, դրա համար նաև քիչ էի խաղում:


khachumyan 960x640 - Հայաստանի հավաքականի նորեկ. «Երազանքս իրականություն դարձավ»

«Արարատ-Արմենիան» զրկվեց VBET Հայաստանի չեմպիոնի կոչումը պահպանելու հնարավորությունից: Ինչո՞ւ չհաջողվեց կրկնել հաջողությունը և ի՞նչ գնահատական կտաք մրցաշրջանին:


Բարդ մրցաշրջան ստացվեց մեզ համար: Մրցաշրջանի կեսից փոխվեց մարզիչը, մենք էլ լավ չխաղացինք: Ոչ-ոքիները շատ էին, կարևորագույն մրցավեճում էլ պարտվեցինք «Ալաշկերտին»: Փորձելու ենք վերջին տուրում հաղթել նրանց ու Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել:


Մեր տեղեկություններով՝ նախկինում եղել են արտասահմանյան ակումբներ, որոնք հետաքրքրված են եղել Ձեր տրանսֆերով: Հիմա արտերկիր տեղափոխվելու տարբերակ ունե՞ք:


Այս պահին ոչ, բայց կարծում եմ՝ ապագայում կլինեն: Ես աշխատելու եմ այնպես անել, որպեսզի ապագայում ավելի ուժեղ լիգաներում խաղամ: Դա բոլոր ֆուտբոլիստների երազանքն է:

Комментариев нет: