«ՄԵՐ ՈՐԴԻՆ ՀԵՐՈՍԱԲԱՐ Է ԿՌՎԵԼ…» - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

5/23/2021

«ՄԵՐ ՈՐԴԻՆ ՀԵՐՈՍԱԲԱՐ Է ԿՌՎԵԼ…»

 Կրտսեր սերժանտ Արամ Գյուլամիրյան։ Զորակոչվել է 2020 թ. հունվարի 13-ին, հոկտեմբերի 10-ին զոհվել է թշնամու արձակած հրթիռի պայթյունից: Գյուլամիրյանների ընտանիքում իրենց կրտսեր զավակի՝ Արամի ծառայության օրերի հետհաշվարկը, սակայն, կարծես կանգ չի առել. ինքնաբերաբար հաշվում են մինչև երկու տարին լրանալը: Իրենց որդին դեռ ծառայում է՝ իր վարքով, հայրենիքը պաշտպանելու, մարտի դաշտում հնարավորն ու անհնարինն անելու վճռականությամբ օրինակ լինելով ներկա ու ապագա զինվորների համար…



Գյուլամիրյանների տանն ենք: Հայրը՝ Արմանը, և մայրը՝ Լիանան, պատմում են իրենց զավակի մասին, հիշում, ոգևորվում են մի պահ ու… վերադառնում իրականություն: Պատին Գյուլամիրյանների Մկրտիչ պապի նկարն է՝ Վանի պաշտպանության ժամանակ: Սեղանին մերօրյա հերոսի՝ Արամի նկարներն են… Հայրենիքի պաշտպանության սուրբ գործը ժառանգվում է սերնդեսերունդ:


Տիկին Լիանան մեղմ ժպիտով արձագանքում է որդու մասին հիշողություններին, իսկ հայրը խոսում է՝ կոկորդում կորստի ցավը սեղմած…


-Մեր մեծ երեխաներից տասը տարի տարբերությամբ է ծնվել Արամը, մեծացել համընդհանուր սիրո և ուշադրության կենտրոնում: Մենք նրան փաղաքշորեն «Փափուկ խաղալիք» էինք անվանում: Շատ ենք ճամփորդել, երևի թե Հայաստանում այնպիսի տեղ չկա, որ գնացած չլինենք, 6 ամսականից սարեր, ձորեր ենք տարել նրան: Դա շատ կոփեց Արամին, միայնակ կարող էր մնալ ցանկացած տեղ, կրակ վառել, սնունդ հայթայթել: Ճամփորդելիս մեքենայի մեջ չէր քնում, պիտի տեսներ ամեն ինչ, եղբայրներից հետ չմնար: Միշտ ձգտում էր մեծերին նմանվել։ Հոգեպես ամուր տղա էր, միաժամանակ՝ հուզվող ու սրտացավ:


Նախաձեռնող էր, ընկերության ոգին էր: Շփվում էր թե՛ մեծի, թե՛ փոքրի հետ: Շենքի բնակիչներին հասնում էր, օգնում՝ ինչպես կարող էր: Հարևաններից մեկը կաթված էր ստացել, անցնող-դարձողները չէին հասկացել, թողել էին հատակին պառկած՝ կարծելով, թե հարբած է: Իսկ Արամիկս միանգամից հասկացել էր, անմիջապես շտապ օգնություն էր կանչել ու փրկել մեր հարևանի կյանքը: Նրան շատ էին սիրում, հարեւաններից Շողիկ տատին ամեն օր կոնֆետներ էր տալիս Արամին, բանակ գնալուց հետո ինձ էր տալիս, որ հավաքեմ, տանեմ տղայիս…


«ՄԵՐ ՈՐԴԻՆ ՀԵՐՈՍԱԲԱՐ Է ԿՌՎԵԼ...»Դպրոցն ավարտելուց հետո շարունակեց մեր ընտանեկան ավանդույթը և ընդունվեց Ճարտարապետաշինարարական համալսարան: Մինչ ընդունվելն ասում էի՝ ճարտարապետ չի դառնա. սիրով չէր նկարում, մաթեմատիկայի խնդիրներ լուծում, բայց ընդունվելուց հետո փոխվեց. այն, ինչ իրեն դուր էր գալիս, անում էր ամենայն պատասխանատվությամբ՝ ձգտելով առավելագույն արդյունքի: Ճարտարապետի մասնագիտություն ստանալը դժվար է, միանգամից ծանրաբեռնվածություն է ընկնում ուսերիդ, և շատերը հիասթափվում են, նույնիսկ առաջին կուրսից կամ բանակից հետո տեղափոխվում են այլ ֆակուլտետ: Արամի դեպքում հակառակն էր, գնալով ավելի ու ավելի էր նվիրվում ճարտարապետությանը:


Մի օր եկավ տուն, թե՝ շուտով բանակ եմ գնալու, ուզում եմ մկրտվել: Որպես ճարտարապետ, մասնակցում եմ Ապարան համայնքի եկեղեցու վերակառուցմանը: Տղայիս ցանկությունը ոգևորիչ էր, և օրեր անց Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա տեր Սարգիսը Արամիս մկրտեց կիսակառույց եկեղեցում, որը մոտ 500 տարի չէր գործել: Հարազատներից բացի, եկել էին նաև մոտակա գյուղի եզդիները, թեև, քրիստոնյա չեն: Արամը շատ էր ուրախացել, ամբողջ կյանքում հիշվող միջոցառում էր:


Ճանաչողները շատ դժվար են տանում մեր կորուստը: Եզդիական համայնքի ղեկավարներից մեկը՝ շեյխ Նուրին մի օր ասաց ինձ՝ երանի քեզ չճանաչեի, Արամին էլ չիմանայի քո միջոցով, որ այսքան ծանր չտանեի: Իսկ քահանան Արամի զոհվելուց հետո եկավ մեր տուն և այսպիսի միտք արտահայտեց՝ հիմա մեր զոհված զինվորները մեր բարեխոսներն են, սրանից հետո նրանց պիտի դիմենք երկնային կյանքում մեր տեղի համար…


«ՄԵՐ ՈՐԴԻՆ ՀԵՐՈՍԱԲԱՐ Է ԿՌՎԵԼ...»Բանակ ճանապարհեցինք հունվարի 13-ին: Ծառայությունից երբեք չէր բողոքում տղաս. շատ գոհ էր: Ուսումնական զորամասից ծառայության հիմնական վայր տեղափոխվելուց հետո միանգամից առանձնացել է սերժանտական իր գիտելիքներով, արժանացել հրամանատարության գովասանքին և նշանակվել դասակի հրամանատարի տեղակալ: Համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով չէինք կարողանում տեսակցել: Մի օր էլ կնոջս ասացի՝ Արցախի ճանապարհը բացել են, արի գնանք երեխային տեսնենք: Սեպտեմբերի 18-ին դիրքեր են գնալու, հետո էլ զորավարժությունների են մասնակցելու, ձմռանն էլ երևի չկարողանանք գնալ, քանի հարմար է, այցելենք զորամաս: Ճանապարհ ընկանք, տեղում էլ հրամանատարն ասաց՝ դե, որ եկել, հասել եք հեռվից, ուրեմն, առանց զորամասից դուրս գալու կարող եք հանդիպել: Երկար նստեցինք, զրուցեցինք: Վերջին անգամ էինք տեսնում…


Սեպտեմբերի 27-ի առավոտյան համացանցում պատերազմի մասին լուրեր կարդացի: Սկզբում չհավատացի, հետո եկեղեցում գործս թողեցի, գնացի Ապարանի քաղաքապետարան, ուր արդեն հավաքված էր ժողովուրդը: Փաստորեն, պատերազմ էր: Երկու օր լուր չունեինք, սեպտեմբերի 29-ին զանգեց, իմացանք, որ ամենաթեժ կետերից մեկում է: Զինակից ընկերները պատմում են, որ հստակորեն կատարել է իր պարտականությունները, անընդհատ ցուցումներ տվել մարտի ժամանակ: Երբ տեսել է, որ զինակիցներն ուժասպառ են, չի սպասել, ինքն է գնացել արկերի հետևից: Հաճախ հրաձգության ընթացքում ժամանակ չկորցնելու համար պարանից չի քաշել, այլ հենց թնդանոթի մեխանիզմից է կրակել՝ մյուսներին հրահանգելով մտնել թաքստոց: Եղել են դեպքեր, երբ նահանջի հրաման են ստացել կամ նախազգուշացում, որ տվյալ ուղղությամբ է հարվածելու թշնամին, բոլորը թաքնվել են, իսկ Արամը մնացել և կրակել է: Մի խոսքով՝ երիտասարդ ու հանդուգն: Արդեն հաճախ էր զանգում, բայց շատ բան չէր պատմում, ուղղակի ասում էր՝ ամեն ինչ նորմալ է: Չարաբաստիկ դեպքից մի քանի օր առաջ շատ ոգևորված էր, ասաց՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից մի կամավորի են տարել իրենց դասակ, ճարտարապետ է, կարողանում է լավ հաշվարկներ անել: Ու ավելացրեց՝ տե՛ս, հիմա ինչ ենք բերելու դրանց գլուխը: Ոգևորվել էր, որ իրեն օգնող է եկել: Ֆրունզե Արշակյանն էր, որ Արամիս հետ զոհվել է նույն օրը:


Ինձ հասած տեղեկություններով՝ Արամի դասակը հրաման է ստացել ամբողջ զինամթերքը կրակել որոշակի կոորդինատների ուղղությամբ. երևի թշնամու խոշոր խմբավորում էր հայտնաբերվել: Ըստ երևույթին, մեր տղաները լավ են կրակել և ցավալի կորուստներ են պատճառել թշնամուն, ինչից հետո էլ ԱԹՍ-ների հուժկու ներգործության տակ են հայտնվել:


Մի քանի օր լուր չունեինք: Դիտել էինք արդեն թշնամու տարածած տեսանյութը՝ մեր դիվիզիոնների կրակակետերին հասցվող հարվածներով: Ճարտարապետական կրթության շնորհիվ համացանցում համադրեցինք տեսանյութում առկա կոորդինատները, ճշտեցինք տեղանքը և հասկացանք, որ հարվածները Արամենց մարտկոցի ուղղությամբ էին: Մի քանի օրից հրամանատարի հետ վերջապես կարողացա կապվել, և նա հայտնեց ցավալի լուրը…


Ծանր է կորուստը։ Նույնիսկ մեր մտերիմներից շատերը մեզ զանգելու և ցավակցելու քաջություն չեն գտնում։ Իսկ նոյեմբերի 10-ին, կարծես, երկրորդ անգամ կորցնեինք Արամին…


Տարբեր համարներից էր զանգում Արամը, իր հեռախոսահամարն անհասանելի էր: Հետո իմացանք, որ իր համարը թողել էր սիրած աղջկա հետ կապի համար: Ընկերուհու մասին պատահաբար իմացել ենք հոկտեմբերի 8-ին: Իմ ծանոթներից մեկը, որի թոռնուհին Արամի համակուրսեցին էր, զանգեց, թե՝ թոռնուհիս շատ է հարցուփորձ անում Արամից, խնդրեց տեղեկություններ հայտնել: Ես էլ նույն օրը խոսեցի տղայիս հետ և կատակով ասացի՝ ինչո՞ւ չես զանգում Մերիին՝ ընկերուհուդ: Մի պահ շփոթվեց, մի քանի բառ փոխանակելուց հետո անջատեց հեռախոսը: Հետո, թե՝ Մերին չի իմ ընտրյալը, այլ նրա ընկերուհին՝ Հասմիկը:


…Արամիս հրաժեշտի արարողության ժամանակ Հասմիկն էլ էր եկել: Հիմա էլ հաճախ է գալիս, փաթաթվում Լիանային ու չի կարողանում կտրվել: Պատմում ու պատմում է Արամի մասին, լուսանկարներ է բերել: Հրաշալի աղջիկ է, թող նաև որդուս փոխարեն երջանիկ լինի:


Որդիս հերոսաբար է կռվել, մենք հպարտ ենք նրանով: Հանդիպել եմ նրա ծառայակից ընկերներից մի քանիսին: Արամիս ետ չենք բերի, բայց ուզում եմ իմանալ նրա վերջին օրերի մասին, ինչ է եղել, ինչպես: Տղաներից շատերը հոգեբանորեն ընկճված են, տրամադրված չեն խոսելու, մանրամասներ ներկայացնելու. կարծես՝ մեղքի զգացում ունենան, որ ընկերները զոհվել են, իսկ իրենք ողջ են մնացել: Բայց, դե…պատերազմ  էր…Եվ ես ոչ մեկին չեմ մեղադրում. պարզապես յուրաքանչյուր տեղեկություն, հիշողություն մեր Արամի մասին մեզ ապրելու ուժ է տալիս…


ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

hayzinvor.am




Комментариев нет: