Վերաքննիչ դատարանը հետաձգեց Մարտի 1-ի գործը կարճելու որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

5/31/2021

Վերաքննիչ դատարանը հետաձգեց Մարտի 1-ի գործը կարճելու որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը

 Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վերաբերյալ դատախազության բողոքի քննությունը։ Նիստը նախագահում էր Վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը, կազմում էին դատավորներ Սևակ Համբարձումյանն ու Կարեն Մարդանյանը:



Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարանում վիճարկում է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:


Դատական նիստին Նարինե Հովակիմյանը նշեց, որ դատարանը ստացել է միջնորդություն Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի կողմից նիստը հետաձգելու վերաբերյալ: Դատավորը տեղեկացրեց՝ Ալեքսանյանը խնդրել է նիստը նշանակել հունիսի 9-ից հետո, քանի որ գտնվում է հերթական արձակուրդում:


Նախագահող դատավորը նաեւ տեղեկացրեց՝ գործով տուժող Մեսրոպ Թադևոսյանն էլ դիմում է ներկայացրել՝ խնդրելով, որ տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից իր շահերի պաշտպանության առումով բերված վերաքննիչ բողոքը քննության առարկա չդարձվի։ Սեդա Սաֆարյանն էլ նշեց՝ եթե դատարանին ներկայացվել է օրինական փաստաթուղթ, ապա դատարանը թող հարգի միջնորդությունը: «Պատճառները, իհարկե, չի ասում, բայց ես մոտավոր գուշակում եմ, ինքը հետո առիթ կունենա, կհայտարարի, իր գործն է»,- հավելեց Սաֆարյանը:


Գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ գտնում է՝ բողոքը պետք է քննվի բոլոր մասնակիցների ներկայությամբ, բայց չի առարկի, եթե դատարանը որոշի, որ անհրաժեշտ է բողոքը քննել այս կազմով։


Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նույնպես դեմ չէր բողոքի քննությունը շարունակելուն, սակայն ասաց, որ հարգում է իր գործընկերոջ խնդրանքը.


«Կոլեգաս խնդրել է հետաձգել, ես էլ կխնդրեմ հետաձգել և բավարարել պարոն Ալեքսանյանի միջնորդությունը: Հնարավոր է՝ նա ինչ-որ բաներ ունի դատարանին ներկայացնելու, որոնք հաջորդ դատական նիստին կներկայացնի»:


Դատարանը որոշեց բողոքի քննությունը հետաձգել եւ հաջորդ նիստը նշանակել հունիսի 24-ին՝ ժամը 14:00-ին:


Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշեց Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:


Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական եւ անվավեր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաեւ այս հոդվածով: Գործով անցնում են նաև 2008-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:


Комментариев нет: