Պիտի համաձայնվեմ Մ. Մինասյանի հետ՝ ընդդիմության խնդիրը Փաշինյանի հեռացումն էր և այն լուծել չստացվեց, իսկ փաստարկն այն է, որ գործ ունենք քաղաքական տրամաբանության մեջ չտեղավորվող գործչի հետ. Զոհրաբյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

4/11/2021

Պիտի համաձայնվեմ Մ. Մինասյանի հետ՝ ընդդիմության խնդիրը Փաշինյանի հեռացումն էր և այն լուծել չստացվեց, իսկ փաստարկն այն է, որ գործ ունենք քաղաքական տրամաբանության մեջ չտեղավորվող գործչի հետ. Զոհրաբյան

 Պետք է համաձայնվեմ Միքայել Մինասյանի հետ՝ այո, ընդդիմադիր կոալիցիայի խնդիրը Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումն էր, քանի որ Նիկոլը պարտված ղեկավար է, իսկ պարտված ղեկավարը չի կարող լուծել պատերազմի հետևանքները և վերջ: Բայց խնդիրը չստացվեց լուծել, ես չեմ ցանկանում մեղավորներ փնտրել, ինքս բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ փաստարկներ և հակափաստարկներ կարող եմ բերել, թե ինչու չստացվեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստամ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Արմնյուզ» ՀԸ-ին տված հարցազրույցում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դիտարկմանն առ այն, որ «Ընտրություն» օպերացիայով Նիկոլ Փաշինյանը հետ բերեց բանակը իր ենթակայության տակ, և այդ ընտրությունների կազմակերպման մեջ իրենց բոլորն ունեին իրենց շահերը, ընդդիմությունը՝ ևս, որովհետև ընդդիմությունը զրկվել էր իմաստից:


«Ամենամեծ փաստարկն այն է, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ գործ ունենք քաղաքական տրամաբանության մեջ չտեղավորվող գործչի հետ, եթե դա այդպես չլիներ, ընդդիմության ճանապարհային քարտեզը հստակ կաշխատեր: Բայց գործ ունենք մի գործչի հետ, ում գործողությունները, էմոցիաները, քայլերը, հայտարարությունները բացարձակապես դուրս են քաղաքական տրամաբանությունից: Ուստի ո՞րն է ելքը, թողնել, որ Նիկոլ Փաշինյանը մնա մինչև 2023 թվակա՞նը, թե՞ գնալ արտահերթ ընտրությունների և անել ժողովրդի կամքով իշխանափոխություն»,- ասաց Զոհրաբյանը:


 



 


Հարցին՝ ընդունո՞ւմ է, որ ընդդիմությունը, այնուամենայնիվ, թերութուններ ուներ, ի վերջո վերլուծել են իրենք, թե ո՞րն է պատճառը, որ մարդիկ դուրս չեկան փողոց, պատգամավորը նշեց՝ ինքը ընդդիմադիր 17 կուսակցութունների կառավարման խորհրդում չկա, որոշումներ կայացողներից չէ.


 


«Ես ընդամենը ընդդիմադիր գործիչ եմ և գտնում եմ, որ մեր երկիրը պարտության տարած ղեկավարը պետք է հեռանա, ինչպես գտնում է Միքայել Մինասյանը և շատերը: Երկրի համար լավագույն տարբերակը կլիներ, որ այսպիսի ջլատված և համազգային դեպրեսիայով, ներազգային ցավով երկիրը չմտներ ընտրական փուլ, որովհետև ես ինքս դժվար եմ պատկերացնում ընտրական գործընթացները այս փուլում: Դժվար եմ պատկերացնում վերցնել մեգաֆոնը և մտնել բակեր, որտեղից ընդամենը մի քանի ամիս առաջ զինվոր են թաղել, անհետ կորածներ, ռազմագերիներ կան: Դժվար է գնալ և խոսել նախընտրական ծրագրերից: Բայց ես չեմ պատկերացնում մյուս տարբերակը, որ Նիկոլ Փաշինյանը մինչև 2023 թվականը պիտի մնա, դա առավել մեծ ավեր կլինի երկրի համար: Ուստի այս պահին թերևս ոչ լավագույն, բայց տրամաբանական լուծումը մնում է արտահերթ ընտրությունը»


 


Հարցին՝ արդյո՞ք ընտրություններից հետո քաղաքական ճգնաժամը կվերանա, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց՝ վստահ չէ, եթե Նիկոլ Փաշինյանը փորձի ամեն գնով ապահովել իր վերարտադրությունը, ապա ճգնաժամը ավելի կխորանա.


«Այս իրավիճակում ամեն օրը մեզ արժենում է Հայաստանի պետականության կորուստը, բայց եթե որևէ քաղաքական գործիչ կամ ուժ կարող է այս պահին առավել քաղաքական ռացիոնալ ելք հուշել, ապա այդ առաջարկը արժանի կլինի քննարկման: Այս պահին առավել քաղաքական ռացիոնալ, տրամաբանական տարբերակ, քան գնալ ընտրությունների, չկա: Եթե անգամ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը չեն, ապա այս պահին կարծես թե որևէ մեկը շատ ավելի լավ լուծում չի առաջարկել»:

Комментариев нет: