Գոնոռեան կանանց և տղամարդկանց մոտ։ Արդյո՞ք ունի բուժում այս հիվանդությունը։ - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

4/09/2021

Գոնոռեան կանանց և տղամարդկանց մոտ։ Արդյո՞ք ունի բուժում այս հիվանդությունը։

 Գոնոռեայի հարուցիչ Neisseria gonorrhoeae-ն ախտահարում է գլխավորապես միզուկի, արգանդի վզիկի, ուղիղ աղու, ըմպանի և շաղկապենու էպիթելային հյուսվածքը: Բարդացած դեպքերում ախտահարվում են նաև շագանակագեղձն ու մակամորձին, իսկ կանանց մոտ` էնդոմետրիումն ու փոքր կոնքի օրգանները: Վարակը հազվադեպ կարող է տարածվել հեմատոգեն ճանապարհով` ախտահարելով հիմնականում մաշկն ու հոդերը:


Կլինիկական ախտորոշումը




Տղամարդկանց մոտ

- Թարախային արտադրություն միզուկից և այրոցի զգացում միզելուց: - Ուղիղ աղու վարակման դեպքում` հետանցքից թարախային արտադրություն կամ հարհետանցքային ցավեր:

- Սուր էպիդիդիմո-օրխիտ` սովորաբար 40-ից ցածր տարիքի մարդկանց մոտ:

- Հնարավոր է անախտանշան վարակª միզուկային <10%, ուղիղ աղու` >85%, ըմպանային` >90%:

- Տարածուն վարակն առաջացնում է տենդ, մաշկի պետեխիալ և/կամ թարախաբշտիկային ցան, ոչ սիմետրիկ հոդացավ, սեպտիկ հոդաբորբ (հատկապես ծնկան հոդերի), տենոսինովիտ: Խիստ հազվադեպ` մենինգիտ կամ էնդոկարդիտ:


Կանանց մոտ

- Հեշտոցային փոփոխված արտադրություն եւ վզիկաբորբի նշաններ` էնդոցերվիկալ լորձաթարախային արտադրություն, հպումային արյունահոսություն:

- Ստորորովայնային սուր ցավ:

- Հնարավոր է անախտանշան վարակ` վզիկային >50%, ուղիղ աղու` >85%, ըմպանային` >90%:

- Տարածուն վարակն առաջացնում է տենդ, մաշկի պետեխիալ եւ/կամ թարախաբշտիկային ցան, ոչ սիմետրիկ հոդացավ, սեպտիկ հոդաբորբ (հատկապես ծնկան հոդերի), տենոսինովիտ: Խիստ հազվադեպ` մենինգիտ կամ էնդոկարդիտ:


Նորածինների մոտ

- Շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ)

- Հազվադեպ`թարախային վուլվովագինիտ


Հետազոտման ցուցումներ


- Միզուկային արտադրություն:

- Լորձաթարախային վզիկաբորբ:

- Սեռավարակ կամ փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն (ՓԿՕԲՀ):

- Հեշտոցային արտադրություն ՍՎ-ի բարձր վտանգի առկայությամբ ¥25-ից ցածր տարիք (նոր զուգընկեր):

- 40-ից ցածր տարիքի տղամարդու մոտ սուր էպիդիդիմո-օրխիտ:

- Թարախային կոնյուկտիվիտ« մասնավորապես նորածինների մոտ:


Լաբորատոր հետազոտություն


- Ախտորոշումը հաստատվում է N. gonorrhoeae-ի հայտնաբերումով միզուկի, արգանդի վզիկի, ուղիղ աղու, ըմպանի կամ աչքի արտադրուկներից:

- Միզուկի, արգանդի վզիկի եւ ուղիղ աղու արտադրուկների մեջ արագ ախտորոշման հետազոտությունները` լեյկոցիտներում դիպլոկոկերի հայտնաբերում մանրադիտակով: (Գրամի եղանակով/մեթիլեն կապույտով ներկում):

- Յուրաքանչյուր նմուշ հարկ է հետազոտել նաեւ գոնոռեայի նկատմամբ ցանքսի միջոցով, հատուկ սնման միջավայրում: Ցանքսը թույլ է տալիս որոշել նաեւ հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը:


Վարումը


Բուժման ցուցումներ

- Քսուքում ներբջջային դիպլոկոկերի հայտնաբերում:

- Գոնոկոկի նկատմամբ դրական ցանքս:

- Զուգընկերոջ մոտ հաստատված գոնոկոկային վարակ:


Բուժում


Միզուկի, արգանդի վզիկի եւ ուղիղ աղու ախտահարման դեպքում կիրառել հետեւյալ եղանակներից մեկը (նկատի ունենալ հիվանդի հնարավորությունները)`

- Ցեֆտրիաքսոն 250մգ մ/մ, միանվագ

- Ցիպրոֆլոքսացին 500 մգ, խմելու, միանվագ

- Օֆլոքսացին 400 մգ, խմելու, միանվագ

- Ցեֆիքսիմ 400 մգ, խմելու, միանվագ

- Ամոքսիցիլին-կլավուլանաթթու (աուգմենտին, ամոքսիկլավ) 1000 մգ խմելու, միանվագ, կամ 1, 2 ն/ե

- Մոքսիֆլոքսացին 400 մգ խմելու, միանվագ

Նշում. Գոնոռեայով հիվանդների մոտ հաճախ հայտնաբերվում է քլամիդիային վարակ: Վերջինի հետազոտումը ցանկալի է կատարել նախքան գոնոռեայի բուժումը եւ ըստ այդմ` նշանակել համապատասխան բուժում (տես Քլամիդիայի վարման ուղեցույցը): Եթե հնարավոր չէ թեստավորել` կիրառել համախտանշային բուժում:


Հատուկ իրավիճակներ

Հղիություն/կրծքով կերակրում

Հանձնարարվող բուժումներ`

- Ցեֆտրիաքսոն 250 մգ մ/մ, միանվագ

- Ամոքսիցիլին-կլավուլանաթթու 1000 մգ խմելու, միանվագ

Հղի եւ կրծքով կեարակրող կանանց հակացուցված են քինոլոններն ու տետրացիկլինները:


Ըմպանային գոնոռեա

Հանձնարարվող բուժումներ`

• Ցեֆտրիաքսոն 250 մգ մ/մ, միանվագ

• Ցիպրոֆլոքսացին 500 մգ խմելու, միանվագ

• Օֆլոքսացին 400 մգ խմելու, միանվագ


Տարածուն գոնոկոկային վարակ

Նախնական բուժում

- Ցեֆտրիաքսոն 1«0 մ/մ կամ ն/ե, օրը 1 անգամ

- Ցեֆոտաքսիմ 1«0 ն/ե, 8 ժամը մեկ

- Ցիպրոֆլոքսացին 500 մգ ն/ե, 12 ժամը մեկ


Բուժումը պետք է շարունակվի 7 օր, սակայն կարելի է փոխել ախտանշանների վերացումից 24-48 ժամ անց հետեւյալ դեղամիջոցներից մեկով`

- Ցիպրոֆլոքսացին 500 մգ խմելու, օրը 2 անգամ

- Օֆլոքսացին 400 մգ խմելու, օրը 2 անգամ

- Ցեֆիքսիմ 400 մգ խմելու, օրը 2 անգամ


Նորածինների գոնոբլենոռեա

- Ցեֆտրիաքսոն 25-50 մգ/կգ ն/ե կամ մ/մ միանվագ` չգերազանցելով 125 մգ

- Ցեֆոտաքսիմ 100մգ/կգ մ/մ, միանվագ

Բուժումը զուգորդել հականեխիչ միջոցների տեղային կիրառմամբ:

Նշում. կանխարգելման համար բոլոր նորածինների աչքերին կաթեցնել 1-2 կաթիլ 30% նատրիումի սուլֆացիլի (ալբուցիդի) լուծույթ (մշակել նաեւ աղջիկների սեռական ճեղքը):


Զուգընկերների վարում

Գոնոռեայով հիվանդների բոլոր սեռական զուգընկերները (վերջին 3 ամսում) պետք է ստանան վերոնշյալ բուժման եղանակներից որեւէ մեկը:


Հսկողություն եւ բուժման չափանիշ

Առնվազն մեկ հսկողություն է անհրաժեշտ հաստատելու համար`

- բուժման ճիշտ կատարումը,

- ախտանշանների վերացումը,

- զուգընկերոջ տեղեկացումը:


Բուժման չափանիշերի ստուգման ցուցումներ`

- մշտակայուն ախտանշաններ,

- տրված բուժման նկատմամբ գոնոկոկերի հնարավոր կայունություն,

- բուժումը ոչ ճիշտ կատարելը:

Հանձնարարվում է բուժումն ավարտելուց 3 ամիս անց կատարել կրկնակի հետազոտում: Պետք է հետազոտել նաեւ սիֆիլիսի նկատմամբ, քանի որ կիրառվող հակաբիոտիկներն ունեն որոշակի տրեպոնեմացիդ ազդեցություն եւ համավարակի դեպքում (գոնոռեա եւ սիֆիլիս) կարող են երկարացնել սիֆիլիսի գաղտնի շրջանը:


No comments:

READ MORE