Թուրքիայի ԿԲ-ի միջազգային պահուստները 2003-ից ի վեր ամենամեծ անկումն են գրանցել` կազմելով 10,68 մլրդ դոլար. Reuters - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

4/09/2021

Թուրքիայի ԿԲ-ի միջազգային պահուստները 2003-ից ի վեր ամենամեծ անկումն են գրանցել` կազմելով 10,68 մլրդ դոլար. Reuters

 Օրերս հրապարակված տվյալների համաձայն, Թուրքիայի Կենտրոնական բանկի միջազգային պահուստները 2003 թվականից ի վեր ամենամեծ անկումն են գրանցել՝ հասնելով ամենացածր մակարդակին:



Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ նշելով, որ ապրիլի 2-ի դրությամբ պահուստները կազմել են 10,68 միլիարդ ԱՄՆ դոլար՝ նախորդ շաբաթվա 12,79 միլիարդ դոլարի համեմատ: 


Անցյալ տարի Թուրքիայի Կենտրոնական բանկի ոսկու և արտարժույթի պահուստները կտրուկ անկում են ապրել, քանի որ պետական բանկերը վաճառել էին մոտ 130 միլիարդ դոլար՝ թուրքական ազգային արժույթը՝ լիրան, կայունացնելու համար: Երկրի ֆինանսական կարգավորիչի զուտ արտարժութային պահուստները 2019 թվականի վերջին կազմել են շուրջ 41 միլիարդ ԱՄՆ դոլար:


Վերլուծաբանների փոխանցմամբ՝ Կենտրոնական բանկն իր արտարժույթի պահուստները խթանելու նպատակով 2019 և 2020 թվականներին տեղական բանկերի հետ փոխանակումներ է իրականացրել:


Բացի այդ, վերջիններիս խոսքով՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կադրային վերջին որոշումները «վախեցրել» են օտարերկրյա ներդրողներին և մեծացրել Թուրքիայում վճարային հաշվեկշռի ճգնաժամի ռիսկը: 


Երկրի ղեկավարը մարտի 20-ին ֆինանսավարկային քաղաքականության մեջ առկա տարաձայնությունների պատճառով աշխատանքից ազատել է Կենտրոնական բանկի ղեկավար Նաջի Աղբալին: Միևնույն ժամանակ, նա կարգադրել է քննել Ագբալայի որոշումը, այն է՝ վերանայել վերջին երկու տարիների ընթացքում արտարժույթի վաճառքը, գրում է Reuters-ը՝ հղում անելով սեփական իրազեկ  աղբյուրներին:


10 օր անց Էրդողանը աշխատանքից ազատել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Մուրադ Չեթինքային:


Նոյեմբերին Goldman Sachs ընկերությունը հայտարարել էր, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը փոխանակում է իրականացնում պետական բանկերի հետ՝ սեփական արժույթը խթանելու համար:


Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերը, այդ թվում՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, նախկինում կոչ էին անում մանրազնին հետաքննություն անցկացնել երկրի արտարժույթի պաշարների սպառման վերաբերյալ և պահանջել էին պատասխանատվության ենթարկել նախագահին և ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքին, որն Էրդողանի փեսան է:


Հիշեցնենք՝ մարտի վերջին օտարերկրյա ներդրողները վաճառել էին 1,9 միլիարդ դոլարի թուրքական ակտիվներ, որը վերջին 15 տարվա ընթացքում Թուրքիայից կապիտալի ամենամեծ արտահոսքն է այն բանից հետո, երբ Էրդողանը անսպասելիորեն հեռացրել էր Նաջի Աղբալին Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից:


Այս քայլը մտավախություն էր առաջացրել, որ Կենտրոնական բանկը կվերադառնա «փափուկ» քաղաքականությանը, որը երկար տարիներ խարխլում էր երկրի ակտիվների նկատմամբ վստահությունը: Սա հանգեցրել է լիրայի 11% արժեզրկմանը՝ այն մոտեցնելով իր պատմական ցածր մակարդակին: 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է ռեկորդային 467 բազիսային կետի: 

Комментариев нет: