Եվ ահա հայաստանցի զինվորին ջուր չտվող ղարաբաղցիներից մեկը ինձ տվեց իր սվիտերը, որ հանկարծ չմրսեմ, մյուսը կիսվեց ունեցած վերջին հացով, իսկ մեկ ուրիշն էլ իմ առջև բացեց իր տան դռները - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

3/24/2021

Եվ ահա հայաստանցի զինվորին ջուր չտվող ղարաբաղցիներից մեկը ինձ տվեց իր սվիտերը, որ հանկարծ չմրսեմ, մյուսը կիսվեց ունեցած վերջին հացով, իսկ մեկ ուրիշն էլ իմ առջև բացեց իր տան դռները

 Ղարաբաղցիների մասին ինչ ասես, որ չեն խոսում ու միշտ էլ խոսել են։ Իբրև թե նրանք ժլատ են, հայաստանցիներին չեն սիրում, հայաստանցի զինվորներին ջուր չեն տալիս և այսպես շարունակ։



Վերջին մի քանի տարիներին նմանատիպ խոսակցություններն անընդհատ իմ միջավայրում են եղել։ Ճիշտ է, երբևէ լուրջ չեմ վերաբերվել, բայց կամայական փսևդո ճշմարտության տևական քարոզչությունը ամեն դեպքում ինչ-որ նստվածք թողնում է։


Եվ ահա այս կարծրատիպերով 2020 թ․-ի հոկտեմբերի 1-ի գիշերը հայտնվեցի Ստեփանակերտի զինկոմիսարիատում։ Մանրամասների մասին հիմա չեմ պատմի, թողնենք մի ուրիշ առիթի։ Ընդամենը ուզում եմ ասել, որ ստորբաժանումը, որի կազմում ներառվեցի, հիմնականում կազմված էր ղարաբաղցիներից։ Ընդհանուր 90 հոգի, որոնցից 84-ը ղարաբաղցի։


Էս փաստը սկզբում տարակուսանք առաջացրեց և հենց նախաբանում նշված պատճառներով։ Ինչ-որ արհեստական նստվածք կար, որը անհանգստություն էր հաղորդում։ Բայց անհասկանալի այս զգացողություններն ակնթարթային էին։ Շատ չանցած ես ամբողջությամբ հարմարվեցի միջավայրին ու դարձա նրանցից մեկը։ Նույնիսկ երբեմն կատակով ասում էին, որ վերջ, արդեն ես էլ եմ ղարաբաղցի։


Բայց էս ամենից անդին նաև մեկ ուրիշ կարծրատիպ էլ կար, որը ես բացահայտեցի պատերազմի օրերին։ Առաջ ղարաբաղցի ասելիս մենք հիմնականում նկատի ենք ունեցել գեներալներին, զինվորականներին, քաղաքական գործիչներին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և նրանց գերդաստաններին, որոնք բոլորը շատ հարուստ են ու մեր հաշվին։ Բանից պարզվում է, որ սրանք ամբողջությամբ կեղծ ընկալումներ են և մենք չենք ճանաչել կամ էլ չենք փորձել ճանաչել ու լսել մեզնից ընդամենը չորս հարյուր կիլոմետր հեռավորության վրա ապրող մեր հայրենակիցներին, որոնք մեր պես մարդիկ են՝ նույն տառապանքով, նույն հոգսերով և խնդիրներով։ Մեր վաշտի տղերքը ասվածի վառ ապացույցն էին։ Նրանք հիմնականում հասարակ ընտանիքներից էին՝ դժվար կյանքով սովորական մարդիկ։ Եվ ահա հայաստանցի զինվորին ջուր չտվող ղարաբաղցիներից մեկը ինձ տվեց իր սվիտերը, որ հանկարծ չմրսեմ, մյուսը կիսվեց ունեցած վերջին հացով, իսկ մեկ ուրիշն էլ իմ առջև բացեց իր տան դռները։ Իհարկե ես չեմ փորձում ղարաբաղցու իդեալական տեսակ հորինել, իբրև թե նրանք բոլորը սուրբ աստվածային էակներ են։ Ամենևին էլ ո՛չ, կային նաև անհաջող մարդիկ, բայց Երևանում էլ կան չէ՞։ Ընդամենը ուզում եմ ասել, որ մենք երբևէ չենք փորձել լսել ու տեսնել այնտեղ ապրող մարդկանց, հորինել ենք միֆեր և ինքներս մեզ դրանցով կերակրել։


Հոգեհարատ դարձած այս միջավայրում բավականին հաճախ նաև անկեղծ խոսակցություններ էին լինում։ Տղերքը հարցնում էին, թե ինչու Երևանում ղարաբաղցիներին չեն սիրում։ Ես էլ պատասխանում էի, որ դա կեղծ քարոզչություն է ու չի կարելի պնդել, թե երևանցիները ղարաբաղցիներին չեն սիրում։ Պարզապես կա հիվանդ ու ագրեսիվ մի փոքրամասնություն, որը կարծում է, թե իրենց բոլոր դժբախտությունների պատճառը ղարաբաղցիներն են։


Նույն հարցը նաև ես էի տալիս, թե ինչու ղարաբաղցիները չեն սիրում հայաստանցիներին։ Պատասխանը նույնն էր ստացվում։


Փաստորեն երկու կողմերում էլ կան ու մշտապես եղել են մարգինալ հիվանդ զանգվածներ և իմ տպավորությունն այն է, որ պատերազմում պարտության ամենամեծ պատճառներից մեկը հենց դա էր․ հիվանդ մտածողությամբ մարդիկ հաղթեցին։


Միգուցե ասվածի մեջ վուլգար պաթոս կամ էլ լպրծուն պոպուլիզմ նկատվի, բայց ամեն դեպքում Երևանից հետո Մարտունին իմ երկրորդ հարազատ քաղաքն է դարձել։

No comments:

READ MORE