Դե իսկ այս անգամ Ereva.live-ի հետ զրուցել է 21-ամյա հայ դերասան Էմիլ Կիրակոսյանը։ Մեզ հետ զրույցում Էմիլը պատմել է 《Աստղերի դպրոց》-ում իր դերի, յութուբյան ալիքի և Սոնա Մաթևոսյանի հետ հարաբերությունների մասին։
1)Մարտի 15-ից ATV-ով սկսել է հեռարձակվել 《Աստղերի դպրոց》երիտասարդական, նոր սիթքոմը, որտեղ նկարահանվում եք նաև Դուք։ Կպատմե՞ք` ինչպես ստացաք առաջարկը։
-Առաջարկը շատ հետաքրքիր ձևով է եղել։ Ես մեկ շաբաթվա մեջ մասնակցեցի չորս քասթինգի, և դրանցից ոչ մեկը ինձ մոտ չստացվեց։ Դրանից հետո ֆեյբուքում շատ պատահական տեսա 《Աստղերի դպրոց》-ի հայտարարությունը, որ կատարվում է քասթինգ։ Ուղարկեցի նկարներս, կոնտակտներս և ինձ կանչեցին քասթինգի։ Հանդիպելով ու խոսելով ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանի հետ` հասկացա, որ շատ հետաքրքիր պրոեկտ է արվելու, և ես ուզում եմ իմ մասնակցությունն այնտեղ ունենալ։
Եվ դուրս գալուց ես հստակ գիտեի, որ ինձ կանչելու են, որովհետև և՛ ես կապվեցի պրոեկտի հետ, և՛ ռեժիսորը շատ հետաքրքիր անցկացրեց քասթինգը։ Փոխանակվեցինք կարծիքներով այս կամ այն ֆիլմի կամ ներկայացման մասին, ու ես հասկացա, որ ուզում եմ աշխատել այս կազմում այս ռեժիսորի հետ, ինչը, ի ուրախություն ինձ, ստացվեց։
2)Դուք մարմնավորում եք 《Օսկար》-ի կերպարը։ Նշեք 3 հատկանիշ, որ նկարագրում է նրան։
-Արվեստաշունչ, գերակտիվ և միարժամանակ փխրուն։
Կերպարիս հետ և՛ նման ենք, և՛ տարբեր, ինչը, ինձ համար, կերպարն ավելի հետաքրքիր է դարձնում։
3)Ձեզ համար այս սիթքոմն ինչո՞վ է տարբերվում մյուս սիթքոմներից։
-Ամպագոռգոռ բառեր չեմ օգտագործի, բայց կասեմ, որ շատ պրոֆեսիոնալ թիմ է հավաքված, և շատերը ունեն դերասանական կրթություն կամ սովորում են թատերականում, ինչը ինձ համար կարևոր է։ Ես կարևորում եմ, որ յուրաքանչյուրն աշխատի իր մասնագիտությամբ և միշտ բերում եմ այն օրինակը, որ, երբ իմանաս ատամնաբույժը մասնագիտությամբ հոգեբան է, չես թողնի մոտենա ատամներիդ։ Այս առումով ուրախ եմ, որ մեր թիմում նման բան չկա, որովհետև երեխաները կամ սովորում են, կամ արդեն ավարտել են թատերականը։ Դե իսկ մեծերի մասին խոսք չկա. պատիվ է խաղահրապարակում խաղալ այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Կարինե Ջանջուղազյանը և Սամսոն Ստեփանյանը։
4)Սիթքոմի շրջանակներում Ձեր կերպարից զատ, ու՞մ կերպարն է Ձեզ դուր գալիս, որ կցանկանայիք մարմնավորել։
-Բավականին բարդ հարց եք տալիս, որովհետև սիթքոմում ամենասիրելի կերպարներից մեկը իմ կերպարն է և քասթինգին մասնակցել եմ հենց այս կերպարի համար )) Բավականին հետաքրքիր կերպարներ ու բնավորություններ ունենք, որոնք սերիա առ սերիա բացահայտվելու են ու ավելի սիրվելու։
Դե իսկ Օսկարը սիթքոմի շրջանակներում ունենալու է մեծ ձեռքբերումներ, իր պատմության գիծը ավելի է հետաքրքրանալու, այդ իսկ պատճառով հեռուստադիտողին խորհուրդ եմ տալիս ավելի ուշադիր հետևել Օսկարին և նա չի հիասթափեցնի։))
5)Վաղու՞ց եք նկարահանվում սիթքոմներում, և քչերը գիտեն, թե ինչպես է սկսվել դերասանի Ձեր ուղին։ Կներկայացնե՞ք մի փոքր։
-Այնպես է ստացվել, որ դերասանի մասնագիտությունը իմ կյանքում չի եղել 《մինչ》 ու 《հետո》, որովհետև այս մասնագիտությամբ է ուղղորդվում իմ ամբողջ կյանքը։ 9տարեկանում հայտնվեցի թատերական խմբակում, որի ղեկավարն էր Ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը։ Այնտեղ սովորելուց` 2տարի անց առաջարկ ստացա 《Պատանի հանդիսատես》-ի թատրոնից։ 《Մանչուկն ու Կարլսոնը》 ներկայացման մեջ նրանց պետք էր Մանչուկի կերպարը մարմնավորելու համար դերակատար, և ինձ ընտրեցին։ Այդտեղից էլ սկսվեց թատերական իմ ուղին 《Պատանի հանդիսատես》-ում, որը շարունակվում է մինչ օրս` շուրջ 11 տարի։ Բավականին հետաքրքիր ու արդյունավետ 11տարիներ եմ ունեցել։
Բացի այդ հրավիրված դերասան եմ եղել Կոնստանտին Ստանիսլավսկու ռուսական դրամատիկական թատրոնում և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Ավարտել եմ նաև Մոսկավայի 《Международная летняя театральная школа》- ն, որի գեղարվեստական ղեկավարն է Ալեքսանդր Կալյագինը, և Международный фестиваль-школы современного искусства «Территория»-ն, որի գեղարվեստական ղեկավարն է Եվգենի Միրոնովը։ Այժմ սովորում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի չորրորդ կուրսում։ Այդ ամենին զուգահեռ փորձում եմ մասնագիտական աճ ունենալ և էլ ավելի առաջ գնալ։
6)Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը։
-Կարգախոսներս հաճախ փոփոխվում են, բայց կան մի քանիսը, որ կարող եմ առանձնացնել։
《Ավելի լավ է անել հետո փոշմանել, որ արել ես, քան չանել ու փոշմանել, որ չես արել》։
Երկրորդը Նիկոլայ Գոգոլի 《Քոնը քեզնից չի գնա》արտահայտությունը, քանի որ, իսկապես, ինչը պետք է քոնը լինի կամ ինչին պետք է հասնես, դա անպայման անելու ես դու։
7)Ի՞նչ կանեիք, եթե հայտնվեիք անմարդաբնակ կղզում։
-Կարծում եմ այնտեղ գնալուց կվերցնեմ շատ-շատ գրքեր, դասական գրականություն և ժամանակս կանցկացնեմ գիրք կարդալով և հավանաբար լավ երաժշտություն լսելով։ Այս երկուսն ինձ համար մեդիտացիա են։
8)Այժմ փոքր-ինչ խոսենք յութուբյան ձեր գործունեության մասին։Դուք և Սոնա Մաթևոսյանը մոտ 3ամիս առաջ բացել եք յութուբյան ալիք, որը անվանել եք You Joy։ Կներկայացնե՞ք ինչպես միտքն առաջացավ ունենալ համատեղ յութուբյան ալիք։
- Համատեղ յութուբյան ալիք ունենալու միտքը վաղուց կար, և ես անընդհատ Սոնային ասում էի, որ յութուբ է պետք բացել։ Բայց Սոնան միշտ ասում էր չէէ, ժամանակ չկա, հիմա չէէ, ու մի օր հենց ինքը գրեց, որ Էմիլ առաջարկդ իմ մեջ հասունացելա, արի յութուբում մի թույն պրոեկտ անենք։
9)Ինչու՞ You Joy, և որն է ալիքի գլխավոր նպատակը։
-Ես ու Սոնան ունենք նաև հագուստի բրենդ, որը կապված է արվեստի հետ, և կոչվում է YouArt: Բրենդինգը պահելու համար ալիքը անվանեցինք You Joy` 《Դուք նայելով դառնում եք ավելի ուրախ》, այսպես ենք մտածել անվանումը։
Նպատակը այն էր, որ կարողանանք ստեղծել հետաքրքիր կոնտենտ, որը որ Հայաստանում քչերն են արել կամ ընդհանրապես չկա։ Մեր հեղինակային առաջին էջը զբոսազրույցն է, երբ մենք ինչ-որ հերոսի հետ դուրս ենք գալիս քաղաք կամ քաղաքից դուրս նրա սիրելի վայրերը։ Այնտեղ նա էքսկուրս է անցկացնում, իսկ մենք հարցազրույց ենք անցկացնում։
10)Դուք աշխատում եք Սոնա Մաթևոսյանի հետ։ Լինու՞մ են դեպքեր, երբ իրար չեք հասկանում։
-Սոնան ինձ ճանաչում է 12տարեկանից ու այնպես է ստացվել, որ և՛ թատրոնում ենք աշխատել միասին, և՛ ալիքն ունենք, և՛ բրենդը, ու հիմա մենք ավելի շատ իրար լրացնում ենք։ Քննարկումների ժամանակ եղել է մի բառ եմ ասել, և նա լրացրել է ինձ։ Ամեն տեսանկյունից մենք իրար հասկանում ենք, և չեմ հիշում դեպք, որ ինչ-որ բանի շուրջ բանավիճենք կամ վիճենք ու իրար չհասկանանք։Կարծում եմ այս ամենը գալիս է մեր ամուր ընկերությունից։
11)Հիմնականում, որ հարցերի շուրջ է, որ քննարկումները շատ են լինում։
-Քննարկումները հաճախ լինում են, թե որ հեղինակին կամ նկարչին ընտրենք, որի վերաբերյալ լինելու են նոր շապիկները, You Joy-պարագայում ում հրավիրենք կամ ինչ նկարահանենք։
Ամեն դեպքում փորձում ենք մեր ինդիվիդուալությունը ներ դնել այս ամենի մեջ և ստեղծել մերը։
12) Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք Ձեր հեռուստադիտողին։
-Իմ հեռուստադիտող ասվածը մեծ է հնչում։ Կարծում եմ, հեռուստադիտող կունենամ այս սիթքոմի շրջանակներում։
Ուղակի բոլոր հեռուստադիտողներին խորհուրդ կտամ նայել ու լսել լավը, լինել դրական ու ստանալ դրական էմոցիաներ։ Ինչպես նաև չբողոքել, չհուսահատվել ու միշտ առաջ նայել։ Եվ ամենակարևորը` սիրել ու սիրվել, քանի որ կյանքում ամենակարևոր բաներից մեկը սերն է։
Նյութի հեղինակ՝ Մարիամ Թեյմուրազյան
No comments:
Post a Comment