Այտուցները հաճախ են անհանգստացնում ապագա մորը հղիության երկրորդ եռամսյակում:
Այտուցը հեղուկի կուտակումն է միջհյուսվածքային տարածությունում, և հղիությունը նպաստում է նրանց ի հայտ գալուն՝ առաջացնելով բնական գործոններ օրգանիզմում հեղուկի կուտակման համար: Փոխվում է ջրա-էլեկտրոլիտային բալանսը, արյան խտությունը, դժվարանում է արյան և լիմֆայի հոսքը ոտքերում /դա կատարվում է, որովհետև մեծացող արգանդը սեղմում է խոշոր անոթները/: Այդ պատճառով հղիության երկրորդ կեսում ի հայտ եկած ոչ մեծ այտուցները, ասենք, ոտքերում, որոնք արտահայտվում են երեկոյան և անցնում են առավոտյան, համարվում են բնական: Սակայն, այդ մասին այնուամենայնիվ պետք է հայտնել բժշկին:
Եթե նկատում եք, որ սիրելի կոշիկները ՛՛փոքրացել՛՛ են, կոճերի վրա մաշկը դարձել է գունատ, լարված և նրա վրա սեղմելիս փոսիկ է առաջանում, որը հարթվում է բավականին դանդաղ, մատանին առանց ջանք թափելու հնարավոր չէ հանել մատից, պետք է խորհրդակցել բժշկի հետ: Ոչ մեծ այտուցների դեպքում, որոնց հետ որևէ այլ առողջական խնդիրներ չեն արտահայտված, բժշկի հրահանգները հավանաբար կլինեն հետևյալները.
Աշխատեք խմել օրը 1,5 լիտրից ոչ ավելի հեղուկ /Դրանից քիչը նույնպես վտանգավոր է Ձեր և երեխայի համար/:
Սահմանափակեք աղի օգտագործումը, հրաժարվեք տապակած, սուր, ապխտած մթերքից /դրանք բոլորը ծարավ են առաջացնում և ջուրը պահում են օրգանիզմում/:
Նույն դիրքով երկար մի նստեք և երկար մի կանգնեք, ինչպես նաև նվազագույնի հասցրեք խանութներով շրջելը:
Զբոսնեք մաքուր օդում, զբաղվեք լողով, հղիների համար նախատեսված հատուկ մարմնամարզությամբ:
Օրվա ընթացքում հանգստի ժամանակ գտեք, պառկեք մոտ 20 րոպե՝ ոտքերը բարձր դիրքով:
Ընդունեք ոտքերի սառը վաննաներ և մերսեք ոտքերը՝ ոտնաթաթերից դեպի վեր ուղղությամբ:
Կշռվեք ամեն շաբաթ, հաճախ չափեք արյան ճնշումը և մեզի հետազոտություն կատարեք:
Բացի դա, բժիշկը կարող է անոթների պատերն ամրացնող հատուկ դեղեր, վիտամիններ և բուսական թեյեր նշանակել: Ոչ մի դեպքում չի կարելի միզամուղ միջոցներ օգտագործել և զբաղվել ինքնաբուժմամբ:
Այտուցները լինում են նաև աննմար, այսպես կոչված՝ թաքնված այտուցներ: Այդ դեպքում դրանք հնարավոր է միայն հայտնաբերել ամենօրյա կշռմամբ:
Թաքնված այտուցների մասին է խոսում քաշի անհամաչափ աճը կամ համաչափ աճը, սակայն շաբաթը 300 գրամից ավելի:
Հաճախ այտուցները հայտնվում են մարմնի որոշակի հատվածներում. Օրինակ, ոտքերում, բայց երբեմն տարածվում են նաև դեմքին և մարմնին: Որոշ դեպքերում դրանք նախորդում են հեստոզի զարգացմանը՝ հղիության երկրրդ կեսի տոքսիկոզ: Սրա ժամանակ լինում է նաև արյան ճնշման բարձրացում և սպիտակուցի առկայություն մեզի մեջ:
Տարածված այտուցները և հեստոզը բուժվում են ստացիոնար պայմաններում: Շատ կարևոր է ժամանակին այցելել բժշկի, որպեսզի բոլոր անհրաժեշտ չափումները և անալիզները արվեն անհրաժեշտ ժամկետներում և վտանգավոր բարդություններ չզարգանան:
Ոտքերի այտուցները հաճախ լինում են երակների վարիկոզ լայնացման ժամանակ, որն ավելի է արտահայտվում հղիության ժամանակ, կամ զարգանում է հենց առաջին անգամ: Հղիի մոտ լինում է ոտքերի ծանրություն և ցավ, նրանք շատ արագ հոգնում են քայլելիս: Գանգատների մասին պետք է հայտնել բժշկին, ով, հնարավոր է, Ձեզ ուղարկի ֆլեբոլոգի մոտ: Այս խնդրի լուծմամբ պետք է զբաղվի մասնագետը, որովհետև նույնիսկ հատուկ կոմպրեսիոն զուգագուլպաներ կրելու համար նրա խորհրդատվությունը պարտադիր է:
Комментариев нет:
Отправка комментария