«Իմ բացթողումը վաղը դառնալու է քոնը, քո բացթողումը՝ իմ զավակինը». Վահագն Գալստյանը՝ սխալները վերլուծելու և ապագայի մասին - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

2/27/2021

«Իմ բացթողումը վաղը դառնալու է քոնը, քո բացթողումը՝ իմ զավակինը». Վահագն Գալստյանը՝ սխալները վերլուծելու և ապագայի մասին

 Կորոնավիրուսի համավարակով, այնուհետև պատերազմով պայմանավորված՝ մշակութային ոլորտը, որը կանգ էր առել երկար ժամանակ, սկսել է ակտիվորեն գործել: Հին ու նոր ներկայացումներ, ինտենսիվ փորձեր, գերհագեցած մշակութային օրակարգ. ահա այսպիսի անցուդարձ է մասնավորապես բոլոր թատրոններում:



Երևանի դրամատիկական թատրոնի դերասան Վահագն Գալստյանը նույնպես բուռն աշխատանքային գործունեության մեջ է՝ հանդիսատեսին խոստանալով նոր պրեմիերաներ: Վահագնը նաև մշակույթի այն գործիչներից է, որը պատերազմի օրերին բեմը զենքով փոխարինեց ու կանգնեց հայրենիքի պաշտպանության դիրքերում: «Ինձ նման լիքը տղերքի հետ՝ ծանոթ ու անծանոթ, կանգնած էինք Մայր Հայաստանին պահապան լինելու, որքանով հաջողվեց՝ բոլորս գիտենք»,- ասում է դերասանը՝ միևնույն ժամանակ, սակայն, նշելով, որ պետք է սխալներն ու բացթողումները հասկանալ, շտկել դրանք ու չմտնել հանձնվողի կերպարի մեջ:


Վահագն Գալստյանի հետ մեր զրույցը՝ ստորև.


- Վահագն, պայմանավորված հայտնի հանգամանքներով (կորոնավիրուս, պատերազմ)  մշակութային ոլորտում դադար էր, սակայն կարծես քիչ-քիչ ուշքի եք փորձում գալ: Ինչո՞վ եք դուք հիմա զբաղվում:


- Հիմա թատրոնում ինտենսիվ փորձեր են գնում, որովհետև, բացի կորոնավիրուսից ու պատերազմից, մենք նաև վերանորոգում էինք թատրոնը: Վերանորգումը կատարվել է հրաշալի, որի համար շնորհակալություն բոլորին՝ քաղաքապետարանին, նախարարությանը, Կառավարությանը. վերազինումը իսկականից հրաշալի բան էր: Արդեն բացվել է թատերաշրջանը, խաղում ենք, ընթացիկ խաղացանկն ենք փորձում, կունենանք պրեմիերա: Բայց ավելի ճիշտ կլինի՝ հիմա կոնկրետ չխոսենք ժամանակների ու անելիքների մասին, որովհետև դեռ առջևում անհայտ օրեր կան: Կարծում եմ՝ եթե էս տարի չհասցնենք, մյուս տարի ես ինքս անպայման կունենամ նոր պրեմիերաներ:


- Կարծես նաև նոր սերիալում եք նկարահանվում:


- Դա նկարահանվում էր պատերազմից առաջ, որը կիսատ մնաց պատերազմի հետևանքով, հետո էլի մի պահ նկարահանվեց: Անգամ, երբ դիրքերում էի, իջա՝ նկարահանվելու, որովհետև պետք է հասցնեինք ունենալ մի բան, բայց էլի չավարտվեց: Հիմա ստոպ կարգավիճակ է՝ մինչև հասկանանք՝ ինչ է որոշում ԹՎ-ին:


- Քանի որ հիշատակեցիք պատերազմը, կուզեմ նաև խոսեք այն մասին, թե ինչպե՞ս այդ օրերին կայացրիք որոշում՝ բեմը զենքով փոխարինելու:


- Անկեղծ ասած՝ չեմ սիրում էս թեմային անդրադառնալ: Գնացի, որովհետև... չգիտեմ, անուն չեմ դրել՝ ինչի համար գնալ: Ով էլ գնացել է, կարծում եմ՝ կոնկրետ պատասխան չունի՝ ինչի համար է գնացել: Նպատակն ինքնին պարզ է: Մեր երկիրն է: Բացի դա՝ ոնց որ ուրիշի հաշվին ապրեի: Կամավոր էի գնացել, քանի որ զինկոմիսարիատը տարիքիս նայելով երևի չանդրադառնար էլ: (Կատակում է): Վերադարձա էն ժամանակ, երբ կարծես էդ թոհուբոհի շրջանը թվացյալ ավարտվել էր: Բայց հարկ լինի՝ նորից էնտեղ կլինեմ: Ուզում եմ հերթական անգամ չհնչի՝ հնչելու համար, բայց իրոք խոնարհվում եմ էն տղերքի առաջ, որոնք կյանքը տվեցին հայրենիքի համար:


May be an image of 1 հոգի, outerwear և դրսումը


- Իսկ ի՞նչ փոխեց պատերազմը ձեր մեջ:


- Մի կարևոր բան ոնց որ մեջիցս գողացել են: Չեմ ուզում ասել՝ նպատակներ, երազանքներ, հույսեր: Ոչ էլ ուզում եմ հանձնվողի կերպարի մեջ մտնել, բայց ինչ-որ մի կարևոր բան գնացել է: Հետևանքը ես էլ, դուք էլ, բոլորն էլ հետո ենք զգալու ավելի խոր, ավելի արմատապես: Բայց շարունակում եմ ակտիվ ապրել՝ հավատալով, որ հնարավոր է, այո՛, մեկ-մեկ ճակատամարտերում պարտություն էլ է գրանցվում: Էնպես չէ, որ եթե մեզ է դա բաժին ընկել, պետք է ողբերգություն սարքել, հանձնվել, ընդհակառակը, պիտի հասկանանք՝ որտեղ էին մեր սխալները, որտեղ էին թերացումները, որտեղ գլուխ գովեցինք, որտեղ պասիվ մնացինք, հնարավոր է՝ ակտիվությունը սխալ ճանապարհով տարավ: Նման բաներն են պետք հասկանալ: Կարծում եմ՝ մեր ազգը, մեր ժողովուրդը էնքան բանիմաց ու խորագետ է, որ սրա միջով էլ կանցնի: Պետք է ապրել, կրթվել, դաստիարակված քաղաքացի ձևավորել, որովհետև եթե ուզում ենք էն օրերը, ինչ մենք ենք տեսնում, մեր ձագուկները չտեսնեն, պիտի մի քիչ լարենք մեզ: Ոնց որ մեր Անդրանիկ զորավորն է ասում՝ 15 րոպե քնելուց առաջ գոնե մտածենք, մտածածը բերենք կատարման, բերենք գործողության, բերենք շարժումների, այլապես այդ կենացները, այդ մտածումները՝ բա ես էսքանը, բա դու էնքանը, ոչինչ չեն տալու: Պետք է չարչարվենք, որ հետագայում լավ լինի:


- Վահագն, անդրադառնանք նորից թատրոնին. հանդիսատեսի ինչպիսի՞ հաճախումներ ունեք, և ինչպիսի՞ տրամադրություններ են տիրում:


- Էսպես ասեմ՝ մեր թատրոնը ունի իր հանդիսատեսը, երբեք էդ խնդրի առաջ չենք կանգնել: Դե, մեկ տարի էր՝ չէինք խաղացել, սեզոնի բացմանը հենց ներկայացում ունեի, կոմեդիա էինք խաղում, որպեսզի նաև թոթափենք էն հոգսը, բեռը, թախիծը, տխրությունը, որ կա: ժողովուրդը, ճիշտ է, մեկ ու մեջ էր նստած (մեզ մոտ խիստ հետևում ենք առողջապահական կանոններին, որովհետև մարդկային կյանքի մասին է խոսքը ամեն դեպքում), նույնիսկ էդ մեկ ու մեջ նստած կես դահլիճը արձագանքում էր էնքան հաճելի, էնքան ճիշտ ու գրագետ: Դե լավ կարոտ կար, և նաև էդ փոքրիկ ծիծաղների մեջ տեսնում էի, որ պայքարել պետք է, մի բան հաջողվելու է: Բայց լավ կլինի՝ իրավիճակը էլ ավելի լավանա, ու լիքը դահլիճներ ունենանք, որովհետև լիքը դահլիճում հա՛մ խաղալն է ավելի ուրիշ, հա՛մ էմոցիաներն են ուրիշ: Ինչքան շատ մարդ գա դահլիճ, էնքան ավելի լավ կլինի ամեն բան:


- Ըստ ձեզ, հետպատերազմական այս շրջանում ո՞րը պիտի լինի արվեստագետների դերը իրավիճակը հաղթահարելու գործում:


- Ես միշտ իմ պայքարելը համարել եմ թատրոնում լինելը: Լավ առումով օրինակ ծառայելը: Իմ գործն անել էն մակարդակի, որն ինձնից սպասում է և՛ գեղարվեստական ղեկավարությունը, և՛ ռեժիսորը, և՛ բոլորը: Փողոցում պետք է անցնել կանաչ լույսի տակով, լինել հավաք, դաստիարակված, հարգել դիմացինին: Իմ պայքարը ես էսպես եմ տեսնում ու ընկերներիս կոչ կանեմ նույն ճանապարհը որդեգրեն, որովհետև, ի վերջո, «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»: Իսկ մեր երկրի ցավը մեր ցավն է: Բոլորիս ցավն է: Իմ բացթողումը վաղը դառնալու է քոնը: Քոնը վաղը իմ զավակինն է դառնալու: Մենք էնքան կապված ենք իրար, որ խորապես մեկ-մեկ չենք էլ գիտակցում: Ուզում եմ բոլորն իրար լավ օրինակ ծառայեն. փողոցում քայլելիս, ուտելիս, խոսելիս, կարծիք արտահայտելիս, պետականությանը մոտենալիս, ինչ-որ մեկին անդրադառնալիս, թեկուզ այս պատերազմին անդրադառնալիս: Կուզեի, որ առևտրի մեջ չմտնենք մեր վերքերի վրա, կուզեի՝ լինենք ավելի տղամարդավարի, վստահ, առանց գլուխ գովալու, ամպագոռգոռ բառերի: Պիտի պատասխանատու լինենք երկրի նկատմամբ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ լինի արվեստագետ, գիտնական, թե հավաքարար:


- Այսինքն՝ դե՞մք եք նրան, որ մշակույթի գործիչները զբաղվեն քաղաքականությամբ:


- Չէ, ես դրան դեմ չեմ, դա մարդու ցանկությունն է, մոտեցումն ու կարծիքը, ես չեմ կարող ինչ-որ մեկին դեմ լինել: Ես պարզապես կուզեի էդպես տեսնել, դա իմ տեսլականն է: Հիմա որքանով կլինի, թե չի լինի, ես հետևում եմ էս տարբերակին: Արվեստագետը պետք է զբաղվի իր գործով, չմոռանա, որ ինքը ժողովրդից է դուրս եկել: Ինքը չպիտի մոռանա, որ ինքը արվեստի մարդ է: Հիմա շատ են ասում՝ լուռ են մտավորականները, կամ էս, կամ էն. ինքը էդ ճանապարհները պետք է գրագետ անի: Ոչ շատ աղմուկով անի, ոչ էլ՝ շատ պասիվ լինելով: Պարզապես ես կուզեի գործ տեսնել: Ի վերջո, գործ է պետք անել: Թե չէ խոսելը վերածվում է մի մեծ աղմուկի, մինչև էսօր դա լավ բանի չի բերել՝ բացի պետականությունը խարխլելուց:


- Հետաքրքիր դիտարկում արեցիք. երբ արվեստագետները լռում են, չեն խոսում, նրանց սկսում են մեղադրել լռելու համար, բայց երբ սկսում են խոսել, այդ ժամանակ էլ պիտակավորում են և թիրախավորում:


- Իսկ ովքեր են այդ սահմանափակումները դրել ու նշաձողերը սահմանել: Ո՞վ է ասել, որ բանջարեղեն վաճառողը կարող է քաղաքականությամբ զբաղվել, իսկ արվեստի մարդը հենց սկսի զբաղվել, պիտի դառնա քննարկման առարկա: Եկեք օդի միջի այս խոսակցություններին ոչ մեկս լուրջ չնայենք: Արվեստի մարդիկ կարող են կարծիք հայտնել, ու պետք է այդ մարդկանց նայել որպես արվեստի մարդկանց: Հեշտ բան է մարդուն վարկաբեկելը, անվան հետ խաղալը: Ավելի գեղեցիկ ու գրագետ է լավը տեսնելը:


- Վահագն, և թերևս վերջին հարցը: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ ենք մենք ցանկացած անհաջողության դեպքում սկսում մեղադրել միմյանց: Սա ազգային մենթալիտե՞տ է դարձել:


- Չեմ ասի՝ դա մենթալիտետ է, ես չէի ուզի նման բանը մենք համարենք մենթալիտետ, երևի ժամանակակից մի բան է, ժամանակի հետ էլ կգնա: Գուցե հանգամանքները, ճանապարհը, անցած ուղին են բերել դրան: Պարզապես միշտ էլ դժվար է եղել ազգի միջից մաքրել վատ սովորությունը: Եթե մի վատ բան մտել է, մի 25 տարի պետք է եղել, որ դա դուրս գա: 


Գագիկ Ավետիսյան

Armtimes.com

Комментариев нет: