Զորավարժություն Կարսում. հաջորդը Վրաստանն է - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

1/22/2021

Զորավարժություն Կարսում. հաջորդը Վրաստանն է

 Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժությունը, անկասկած, ուղղված է առաջին հերթին Ռուսաստանի դեմ: Հարցն այն է, թե ինչ համատեքստում է այն՝ թուրք-ադրբեջանական, այսպես ասած, ակնարկներն ուղղվա՞ծ են նոյեմբերի 9-ի համաձայնագրին հաջորդած իրողություններին և Արցախում ռուսական ռազմական ներկայությանն առնչվող հեռանկարներին, թե՞ Թուրքիան Կարսում սկսում է նոր փուլ, այսինքն՝ ավելի լայն խաղափուլը՝ արդեն ուղիղ ռուս-թուրքական հարցադրումների տրամաբանությամբ, ինչի համար էլ ընտրված է հենց Կարսը: Կարսում ստորագրվեց Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի հավելումը, արդեն խորհրդային Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ: 2021 թվականին լրանում է այդ պայմանագրի 100-րդ տարելիցը: Ամբողջ հարցն այն է, որ, եթե այդ պայմանագիրն, ըստ էության, խորհրդային չորս կողմերի և Թուրքիայի միջև էր, ապա 100 տարի անց կա բոլորովին այլ պատկեր՝ 3+2, կամ երեքը երկուսի դեմ: Ադրբեջանն ու Վրաստանը ներկայումս թուրքական կողմում են կամ թուրքական ակտիվում: Ամեն մեկն, իհարկե, յուրովի, սակայն նրանք այլևս թուրքական ակտիվում են: Ռուսաստանի «ակտիվում» միայն Հայաստանն է: Թուրքիան սկսել է այդ հարաբերակցությունն ամրագրելու գործընթաց: Արցախի դեմ պատերազմն այդ գործընթացի մաս էր: Ուժային շանտաժը լինելու է դրա հետագա փուլերում անբաժանելի ուղեկցող բաղադրիչ: Իհարկե, այդ հարցում էական է, թե Թուրքիան ինչ աջակցություն կստանա Արևմուտքում կամ իր ռազմա-քաղաքական բլոկում՝ ՆԱՏՕ-ում:



Նախօրեին Թուրքիայի հետ բանակցության համար Անկարա էր ժամանել Գերմանիայի արտգործնախարարը: Արտգործնախարարների մակարդակով Բեռլինն ու Անկարան, իհարկե, չցուցաբերելով առանձնակի ջերմություն, այդուհանդերձ խոսում էին դրական տոնայնության մեջ: Էրդողանը ջանք է գործադրում Բայդենի վարչակազմի հետ հարաբերություն հաստատելու համար: Եթե Թուրքիային հաջողվի Արևմուտքում վերհաստատել իր ծառայական կարգավիճակը՝ պլացդարմ Ռուսաստանի դեմ, ապա, մեծ հավանականությամբ, Անկարան կշարունակի Մոսկվայի հանդեպ հավակնությունների քաղաքականությունը: Իսկ դա նշանակում է, որ ռեգիոնը կմնա թուրք-ադրբեջանական ռազմական շանտաժի ազդեցության գոտում: Ընդ որում, դրանից պետք է մտահոգվի ոչ միայն Հայաստանը, այլև Վրաստանը: Որովհետև Վրաստանի թուրք-ադրբեջանական խաղաղ կլանումը կարող է ունենալ ռազմական վերափոխում: Բանն այն է, որ Վրաստանը ներկայումս Կովկասում վերածվում է այսպես ասած՝ պրոքսի պատերազմի միակ թատերաբեմի, որովհետև Արցախը ռուս խաղաղապահների ներկայությամբ այլևս այդպիսին չէ: Հայաստանի և Արցախի դեմ գործողությունը ենթադրելու է ուղիղ հարված Ռուսաստանին: Վրաստանը Կովկասում մնացել է անուղղակի հարվածի միակ տարածքը: Նաև դա էր ընկած այդ երկրում ԱՄՆ նախկին դեսպանի այն տարակուսանքի հիմքում, թե ինչու էր Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին ուրախացել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, որով հաջորդը փաստորեն դառնում է Վրաստանը: Թբիլիսին պետք է ջանք գործադրի ԱՄՆ ներգրավման հարցում: Թրամփի հեռացող վարչակազմի հետ դա չստացվեց: Վրաստանի այդ ջանքի հաջողությունը կարևոր է նաև Հայաստանի համար:

Комментариев нет: