Տեղադրել տոնածառ, թե ոչ. երբ եւ ինչ որոշում պետք է կայացներ իշխանությունը - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

12/03/2020

Տեղադրել տոնածառ, թե ոչ. երբ եւ ինչ որոշում պետք է կայացներ իշխանությունը

 Տարեմուտին ընդառաջ մի քանի օր է՝ համացանցային հարթակում քննարկվում է Ամանոր նշել-չնշելու հարցը։ Որոշ հանրային գործիչներ արդեն իսկ հայտարարել են, որ հանրային վայրերում տոնածառ տեսնելիս ջարդելու են եւ փշրեն։ Շատերը պնդում են, որ տոնածառ եւ տոնական սեղան չեն դնի նաեւ իրենց տներում, հյուրեր չեն ընդունի եւ չեն հյուրընկալվի։




Ինչեւէ, յուրաքանչյուրն ազատ է որոշելու՝ ինչպես նշել Ամանորը, նշել, թե չնշել։



Ինչ վերաբերում է հանրապետության գլխավոր տոնածառին, ապա այստեղ ճիշտ են եւ դեմ, եւ կողմ կարծիք հայտնողները, սխալ՝ որոշում կայացնողները։


Տոնածառին եւ Ամանորյա զարդարանքներին մարդիկ դեմ են, քանի որ այո, պատերազմ է եղել, մենք հազարավոր զոհեր, վիրավորներ ունենք, հարյուրավոր անհետ կորածներ, գերիներ, կորսված հայրենիք, ի՞նչ Ամանոր նշելու ժամանակն է, ո՞վ սիրտ ունի։


Ճիշտ են նաեւ կողմ արտահայտվողները, ովքեր ասում են, այո, սգի մեջ ենք, տրամադրություն չունենք, բայց մենք չենք կարող հավերժ սգալ, ի՞նչ մեղավոր են երեխաները, որոնց զրկում ենք տոնից։ Ինչո՞ւ է քաղաքը դժգույն, ինչո՞ւ տոնածառ չկա, սրանք հարցեր են, որոնց պատասխանները դժվար է բացահայտել մանկահասակ երեխաների դեպքում։ Գուցե անհրաժեշտ է, որ երեխան դեռ վաղ մանկությունից իմանա ամեն ինչ, հասկանա պատերազմ կոչվող արհավիրքը, սակայն ի՞նչ հոգեկան տրավմայի կենթարկենք մենք նրան այս բացահայտումներով։


Ինչեւէ, իշխանությունները, հերթական անգամ հաշվի առնելով ֆեյսբուքում ավելի բարձր «գոռացողների» կոչերը, որոշել են տոնածառ չտեղադրել։ Առաջին անգամ չէ, իհարկե, որ իշխանությունը որոշում է կայացնում առանց լուրջ ուսումնասիրություն կատարելու, խնդիրը իր պատճառահետեւանքային ամբողջությամբ պարզաբանելու՝ պարզապես ստատուսների ազդեցությամբ։ Սա երկրի կառավարման տեսանկյունից աղետ է, ստացվում է, որ մի 100 ակտիվ օգտատեր կարող են ազդել քաղաքականություն, ռազմավարություն չունեցող իշխանության որոշումների վրա։ Միեւնույն ժամանակ, պարզ է նաեւ, որ հանրությանը հնարավոր չէ գոհացնել, տոնածառ տեղադրելու որոշման դեպքում եւս բազմաթիվ բողոքողներ կհայտնվեին։


Ի՞նչ պետք է աներ իշխանությունը այս պահին։


Նախ, առաջին հերթին չանդրադառնալ տոնածառի տեղադրման հարցին այս փուլում, դա կեղծ օրակարգ է, տպավորություն է, որ այս թեման առաջ են քաշել լիքը ուրիշ հարցերից հանրությանը շեղելու եւ մեզ զբաղեցնելու համար։


Այժմ հանրությունը հոգեպես պատրաստ չէ լսել եւ քննարկել տոնածառ տեղադրել-չտեղադրելու մասին որեւէ հարց։ Պատերազմի վերջնական հետեւանքները ինչ-որ չափով իմի բերելուց, գերիների, անհետ կորածների հարցերը որոշակիացնելուց, Արցախ մեր հայրենակիցների հարցը հավուր պատշաճի կազմակերպելուց հետո կարելի էր այդ հարցին անդրադառնալ։ Բայց մինչ այդ պետք է հայտարարել համազգային սգո օր, խոնարհել դրոշը Հայաստանում եւ աշխարհում։


Երկրորդ, հետաձգելով տոնածառի շուրջ քննարկումները ավելի հրատապ օրակարգ ունենալու պատճառով արդեն նախատոնական օրերին որեւէ իրավասու անձ՝ հանրության կողմից ընդունված պաշտոնյա, պետք է խոսեր այդ մասին՝ պարզաբանելով, թե ինչ որոշում է կայացվել եւ թե ինչու։


Ըստ այդմ՝ հավուր պատշաճի հարգանքի տուրք մատուցելուց հետո քաղաքային իշխանությունները պետք է հայտարարեին, որ որոշում են կայացրել տեղադրել Ամանորի խորհրդանիշը՝ գլխավոր տոնածառը, սակայն տոնը որպես այդպիսին չեն նշի ավանդական տաշի-տուշիներով, մինիմալիստական, համեստ ձեւավորումները բավական են։


Միեւնույն ժամանակ, Ամանորի զարդարանքների համար որեւէ գումար պետք չէ ծախսել, այդ գումարը Արցախին ուղղելու որոշումը, իհարկե, ճիշտ է, իսկ տոնածառը կամ մյուս զարդարանքները տեղադրելը կարելի է կազմակերպել կամավորների, բարերարների ջանքերով։


Երկրորդ՝ պատերազմի վերաբերյալ վերոգրյալ գործողություններից և որոշումներից հետո՝ իշխանության մակարդակով պետք է հայտարարվի, որ Ամանորը առաջնահերթ պետք է կազմակերպվի մեր զինծառայողների, զոհված եւ վիրավորված հերոսների ընտանիքների համար։ Օրինակ՝ կարելի է սկսել հանրային նախաձեռնություն, ամեն պաշտոնյա հանձն առնի զինծառայողի ընտանիքի, հարազատի համար Ամանոր կազմակերպելու նախաձեռնությունը՝ կլինի դա նյութական, թե բարոյական աջակցության տեսքով՝ այցելել նրանց տուն, նվերներ տանել։


Որքան էլ դժվար է, պետք է մարդկանց մոտ վերադարձնել ապրելու ցանկությունը՝ հին, դաժան, ձախողված, կորուստների տարին ճանապարհելու եւ հույսով ու հավատով նոր տարին դիմավորելու տեսքով։


Իհարկե, կարող ենք նաեւ չնշել Ամանորը, բայց դրանից ի՞նչ կփոխվի մեր եւ այլոց կյանքում, ո՞րն է մեր նպատակը՝ խղճահարություն առաջացնե՞լ, ուշադրությո՞ւն գրավել, բայց չէ 44 օր շարունակ աշխարհը լուռ հետեւում էր թշնամու ահաբեկչական գործողություններին, այժմ նրանց կհետաքրքրի՞ մեր՝ Ամանոր նշել-չնշելը։ Արդյոք Ամանոր չնշելով, խոսքը ամենեւին էլ ավանդական քեֆ-ուրախությունների մասին չէ, մենք կհամարենք, որ հավուր պատշաճի սգացել ենք եւ հարգանքի տուրք ենք մատուցել մեր հերոսներին, գնահատում ենք նրանց սխրանքը։ Եւ մի՞թե միայն Ամանոր չնշելը բավական է պատերազմի արհավիրքները սգալու համար։


Մենք միմիայն կարող ենք գնահատել նրանց սխրանքը ապրելով եւ շենացնելով մեր հայրենիքը, զարգացնելով այն, զինվելով, թույլ չտալով ոչ մի կորուստ, պահելով եւ փայփայելով մեր զինվորներին, աջակցելով եւ օգնելով հերոսների ընտանիքներին, նրանց շրջապատելով հոգատարությամբ եւ ուշադրությամբ։


Իհարկե, կարող ենք Ամանոր չնշել, իսկ մի քանի օր անց շարունակել ցոփ, շվայտ կյանքով ապրել՝ մոռանալով պատերազմն էլ, զոհերի ընտանիքներին էլ, նրանց վիշտն էլ։ Իսկ այժմ Ամանոր չնշելով մենք պատճառ կլինենք համազգային դեպրեսիայի, բարոյական-հոգեկան ծանր վիճակի խորացման, մեծերի սխալների պատճառով մանուկներին կզրկենք Ամանորի հրաշքից։


Այս իրավիճակում, իհարկե, բարդ է լինել իշխանություն եւ որոշում կայացնել, բայց վստահաբար՝ հիմնավորումներ, պատճառաբանություններ ներկայացնելու դեպքում մարդիկ կհասկանան որոշման օրինաչափությունը։ Կարեւորը մարդկանց ճիշտ մեսիջներ փոխանցելն է, այն է՝ որոշումը կայացվել է հանուն քաղաքացու, տոնածառ տեղադրելը ամենեւին էլ չի ստվերում հերոսների հիշատակը, չի խանգարում, որ հանրությունը հիշի եւ գնահատի նրանց։


 

Комментариев нет: