ԱՄՆ-ը կոշտացնում է Թուրքիայի դեմ քաղաքականությունը. ի՞նչ սպասել ապագայում - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

12/16/2020

ԱՄՆ-ը կոշտացնում է Թուրքիայի դեմ քաղաքականությունը. ի՞նչ սպասել ապագայում

 Նախօրեին Միացյալ Նահանգները հայտարարեցին, որ պատժամիջոցներ են սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի գնման համար: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ պատժամիջոցներ են սահմանվել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրի և նրա երեք ենթակաների դեմ։ Ըստ այդմ, «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի շրջանակում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը չի կարողանա արտահանման համար ստանալ արտոնագիր ԱՄՆ-ից, ինչպես նաև վարկեր ամերիկյան ու միջազգային ֆինանսական հաստատություններից։



Ինչպես և սպասվում էր Վաշինգտոնի այս որոշումը շատ բուռն քննադատության է արժանացել Անկարայում: Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը Անկարայի նկատմամբ և հայտարարել, որ փոխադարձ քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի դեմ: Սա նշանակում է, որ առաջիկայում էլ ավելի են վատանալու ամերիկա-թուրքական հարաբերությունները, որոնք առանց այն էլ վերջին տարիներին բավականին սրված էին: Այժմ, ամբողջ աշխարհի քաղաքական և փորձագիտական շրջանակները փորձում են կանխատեսել, թե Թուրքիայի հանդեպ ինչպիսի դիրքորոշում կորդեգրի ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը: Ըստ ամերիկյան մամուլի՝ Բայդենի արտաքին քաղաքական թիմում բուռն քննարկման առարկա է դարձել, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարվի Թուրքիայի նկատմամբ և այդ մասով կարծիքները երկու մասի են բաժանվել:


Առաջին մոտեցման կողմնակիցները կարծում են, որ Թուրքիայի նկատմամբ պետք է վարել «համագործակցության և ներգրավման» քաղաքականություն: Այս թևի ներկայացուցիչները կարծում են, որ Թուրքիան մի «անառակ որդի» է, որը վաղ թե ուշ վերադառնալու է իրենց մոտ: Նրանք Թուրքիան համարում են ՆԱՏՕ-ի հարավային թևի կարևոր դաշնակից և մի առանցքային երկիր, որին ԱՄՆ-ը չպետք է կորցնի և չեն կարող թույլ տալ, որ այդ երկիրը հայտնվի Ռուսաստանի «գրկում»: Այդ մոտեցման կողմնակիցները նաև նշում են, որ Թուրքիայի դեմ ամերիկյան կոշտ դիրքորոշումը և տնտեսական պատժամիջոցները կարող են ամրապնդել Էրդողանի կառավարության ավտորիտար բնույթը և ուժեղացնել նրա կողմից բռնությունները իշխանության համար պայքարում: Ըստ այդմ, Վաշինգտոնը պետք է ամեն գնով Թուրքիային պահի արևմտյան պաշտպանական բլոկում՝ օգտագործելով տնտեսական, դիվանագիտական և անվտանգության խթաններ՝ միևնույն ժամանակ երկիրը մղելով դեպի փափուկ կերպով ժողովրդավարական փոխակերպման: Բացի այդ, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման կողմնակիցները կարծում են, որ Անկարան կարող է օգնել Բայդենի վարչակազմին՝ վերականգնելու անդրատլանտյան կապերը և Ռուսաստանին զսպելու Լիբիայում, Սիրիայում, Սև ծովում և Կովկասում:


Հակադիր գծի կողմնակիցները կարծում են, որ վերջին տարիներին Թուրքիան բավականին շեղվել է իր ուղղուց և պետք է պատժամիջոցային քաղաքականություն վարել այդ երկրի դեմ: Մասնավորապես, Թուրքիան կոշտ հայտարարություններ է անում ԱՄՆ ավանդական դաշնակից Իսրայելի հանդեպ, լարված հարաբերություններ ունի արաբական աշխարհում Միացյալ Նահանգների թիվ մեկ դաշնակից Սաուդյան Արաբիայի հետ, պարբերաբար խնդիրներ է ստեղծում Հունաստանի համար և բավականին մերձեցել է Ռուսաստանի հետ: Բացի այդ, Թուրքիան այդպես էլ չմիացավ Իրանի դեմ պատժամիջոցներին, իսկ թուրքական պետական բանկը՝ Halkbank-ը մեղադրվում է այն բանում, որ օգնել է Իրանին շրջանցելու ամերիկյան պատժամիջոցները, ինչի կապակցությամբ այժմ ԱՄՆ-ում հետաքննություն է ընթանում:

Ըստ ամենայնի, Բայդենի վարչակազմը իր պաշտոնավարման առաջին մի քանի ամիսների ընթացքում կփորձի «կարգի բերել» Թուրքիային, իսկ եթե Անկարան շարունակի հակադրվել Վաշինգտոնին դա կարող է ԱՄՆ վարչակազմին ստիպել անցնել առճակատման և հարկադրանքի այլընտրանքային մոտեցմանը: Թուրքիան գնալով ավելի ու ավելի է սանձարձակ դառնում՝ ժամանակ առ ժամանակ խնդիրներ ստեղծելով ոչ միայն Միացյալ Նահանգների դաշնակիցների նկատմամբ, այլ նույնիսկ հենց ԱՄՆ-ին է «ատամներ» ցույց տալիս:

Դատելով վերջին մեկ տարվա ընթացքում Բայդենի արած հայտարարություներից՝ նրա ղեկավարությամբ ԱՄՆ-ը փորձելու վերադարձնել գլոբալ հեգեմոնի իր դերը և վերականգնել իր կորցրած դիրքերն ու սասանված հեղինակությունը աշխարհում: Թրամփի վարած մեկուսացման քաղաքականության հետևանքով Միացյալ Նահանգները դուրս մնացին մի շարք տարածաշրջաններից, իսկ Թուրքիան Ռուսաստանի և Իրանի հետ միասին վարում էր Սիրիայից ԱՄՆ-ին մեկուսացնելու քաղաքականություն: Չպետք է մոռանալ նաև, որ Բայդենը մշտապես պաշտպանել է Սիրիայի քրդերի հետ երկխոսություն վարելու և նրանց աջակցելու քաղաքականությունը, այն դեպքում, որ Անկարան պայքար է մղում նրանց դեմ: Այստեղ կարծես թե, նույնպես բախվելու են ԱՄՆ և Թուրքիայի շահերը:


Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների և գոյություն ունեցող խնդիրների խորապատկերին չի բացառվում, որ Սպիտակ տան նոր վարչակազմը նոր պատժամիջոցներ սահմանի և ավելի կոշտ քաղաքականություն վարի Անկարայի նկատմամբ:

Պետք է նշել, որ վերջին տարիներին Թուրքիան հաջողությամբ մանևրում էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, սակայն, չնայած ամերիկյան զգուշացումներին, ի վերջո ընտրությունը կանգ առավ Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելու օգտին: Կարծես թե, Անկարան չի ծրագրում հետ կանգնել այդ որոշումից, ինչը նշանակում է, որ նոր պատժամիջոցներն անխուսափելի են:

Այս ամենի խորապատկերին շատ կարևոր է հասկանալ, թե Հայաստանը ինչ ընդհանուր քաղաքական օրակարգ կարող է ձևավորել ԱՄՆ-ի հետ, ինչպես իրեն կդիրքավորի Թուրքիայի հետ հարաբերություններում և Անկարայի դեմ Վաշինգտոնի այս պատժամիջոցային քաղաքականությունը ինչպիսի հնարավորություններ կարող է ստեղծել Հայաստանի համար:

Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ին ստորագրված զինադադարի մասին հայտարարությունից հետո Հայաստանին մտահոգում է Արցախի օկուպացված շրջաններում հաստատվելու Թուրքիայի քաղաքականությունը: Այս առումով պետք է նշել, որ դեռևս պատերազմի ժամանակ հայտարարություն էր արել նաև այն ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը:


«Ռազմական գործողությունների բռնկումը Լեռնային Ղարաբաղում վտանգ է ստեղծում ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության վերաճելու համար, այդ իսկ պատճառով տարածաշրջանի երրորդ կողմերը պետք է հեռու մնան այս հակամարտությունից, իսկ Մինսկի խմբի միջնորդները անհապաղ պետք է ձգտեն թուլացնել լարվածությունը և վերադառնալ բանակցություններին», - հայտարարել էր Բայդենը: Ավելի ուշ նա թվիթերյան գրառմամբ հստակեցրել է իր կոչը՝ ասելով, թե Թրամփը պետք է պահանջի Թուրքիայից հեռու մնալ ղարաբաղյան հակամարտությունից: Այդ կապակցությամբ, Վաշինգտոնում լույս տեսնող The Hill ազդեցիկ պարբերականը գրել էր, որ Բայդենի այս հայտարարությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող է դեմոկրատ թեկնածուն նախագահ դառնալու դեպքում առճակատվել Թուրքիայի հետ այս հարցում։

Թուրքիային զսպելու, ավելի կանխատեսելի երկիր դարձնելու Ջո Բայդենի քաղաքականությունը ակնհայտորեն բխում է Հայաստանի շահերից: Այնպես, որ եթե ԱՄՆ-ը շարունակի պատժամիջոցային քաղաքականություն վարել Անկարայի նկատմամբ դրա շահառուներից մեկը կարող է անուղղակիորեն դառնալ նաև Հայաստանը: Բացի այդ, Թուրքիայի կողմից շրջափակված և Ռուսաստանի կողմից մեր ինքնիշխանության սահմանափակման պայմաններում, թվում է, ԱՄՆ-ը նույնպես շահարգռված է մեր երկրի սուբյեկտայնության բարձրացմամբ և Հայաստաևը այստեղ նույնպես Միացյալ Նահանգների հետ ունի ընդանուր շահեր: Այնպես, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում խորացող ճաքերը միանշանակ բխում է նաև Հայաստանի շահերից:



Արմեն Վարդանյան, քաղաքական վերլուծաբան

Комментариев нет: