Դպրոցները պետք է լինեն ապաքաղաքական կառույցներ. Կոտայքի մարզպետը հանդիպել է հանրակրթական դպրոցների տնօրենների հետ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

12/24/2020

Դպրոցները պետք է լինեն ապաքաղաքական կառույցներ. Կոտայքի մարզպետը հանդիպել է հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր հանդիպում է ունեցել մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, քննարկել առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Մարզպետը նաև անակնկալ շրջայցեր է կատարել Հրազդան քաղաքային համայնքի մի քանի դպրոցներում։



«Այսօր հանդիպում եմ ունեցել մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, քննարկել առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։



Դպրոցների ղեկավարների հետ հանդիպումները, կրթօջախներ այցելությունները հաճախակի բնույթ են կրելու, առկա բոլոր խնդիրներին փորձելու ենք հնարավորինս արագ և օբյեկտիվ լուծումներ տալ:


Գիտեմ, որ դպրոցները բազմաթիվ խնդիրներ ունեն՝ անցյալից եկող, ներկայում ձևավորված, պետք է փորձել դրանց լուծում տալ: Ես բաց եմ լինելու բոլոր տեսակի քննարկումների համար: Եթե կա խնդիր, միասին լուծելու ենք դա:


Հանդիպմանը հատկապես կարևորել եմ մանկավարժի դերը երեխաների դաստիարակության մեջ և այս համատեքստում ընդգծել նաև դպրոցների ապաքաղաքականացված լինելը:


Դպրոցները պետք է լինեն ապաքաղաքական կառույցներ և բացարձակապես զբաղվեն դպրոցական կրթությամբ, ծառայեն իրենց բուն նպատակին: Մարդն, իհարկե, ազատ է իր քաղաքական հայացքների մեջ, սակայն դրանք դպրոցի պատերից ներս որևէ տեղ չպետք է ունենան: 2020-ը ծանր փորձությունների և մարտահրավերների տարի էր, բայց մենք կոտրվելու իրավունք չունենք, գնալու ենք առաջընթացի և զարգացման ճանապարհով, աշխատենք և գործենք՝ ի շահ մեր երկրի։


Դպրոցի տնօրենների հետ հանդիպումից հետո անակնկալ շրջայցեր եմ կատարել Հրազդան քաղաքային համայնքի «Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12», «Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11» հիմնական և թիվ 10 ավագ դպրոցներ: Ծանոթացել եմ շենքային պայմաններին, առկա խնդիրներին և կորոնավիրուսային հիվանդության պայմաններում դասապրոցեսի ընթացքին:


Հորդորել եմ խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, որոնց շնորհիվ միայն հնարավոր կլինի ապահովել դասապրոցեսի անընդհատությունը: Զրուցել եմ նաև ուսուցչական անձնակազմի, աշակերտների հետ և ևս մեկ անգամ շեշտել ՝ բաց եմ ցանկացած հարցի քննարկման և առաջարկությունների համար, որի արդյունքում դպրոցի աշխատանքն առավել արդյունավետ կլինի»,- Ֆեյսբուքի էջում գրել է մարզպետը:

Комментариев нет: