AD TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը անդրադառնալով Արցախում կյանքի բնականոն հունին վերադառնալուն, նշեց, որ Ստեփանակերտի որոշ հատվածներում դեռևս գազ չկա, սակայն որոշ հատվածներում այն վերականգնվել է.«Ինտերնետի հարցն է մի քիչ բարդ, որովհետև կապը խաթարված է, նաև հեռախոսակապը: Բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այդ հարցերը կլուծվեն»:
Անդրադառնալով Արցախի բնակիչների՝ Ստեփանակերտ վերադառնալուն և նրանց խնդիրներին, Բաբայանը նշեց, որ ում տները եղել են մայրաքաղաք Ստեփանակերտում, համեմատաբար նորմալ վիճակում են գտնվում.«Նրանց վերադարձը ժամանակի խնդիր է, և մեծ ծախսեր չի պահանջելու: Բայց Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի, Ասկերանի և Մարտակերտի որոշ շրջանների բնակիչների համար բարդ է լինելու: Կառավարությունը փորձում է ծրագրեր իրականացնել: Օրինակ, եթե մարդիկ վարձով տուն են գտնում, պետությունը փոխհատուցում է վճարը»:
Բաբայանը նշում է՝ մոտ 25-30 հազար մարդ կարիք է ունենալու բնակարանի. «Չհաշված, որ մարդիկ կան՝ կարող են ունենալ տուն-տեղ, բայց չվերադառնան Արցախ»:
Դիտարկմանը, որ Շուշիի հարցը մութ մնաց, Շուշին ընկա՞վ, թե՞ հանձնվեց, Բաբայանն ասաց.«Ես չեմ ուզում նույնիսկ մտածել, որ որևէ մեկը կարող էր հանձնել Շուշին: Սա կլինի դավաճանության գագաթնակետ: Այո, ստեղծվելու են հանձնաժողովներ, ամեն բան պետք է քննարկվի, բայց այն, որ Շուշիում գնում էին համառ մարտեր, և մենք ունեցանք մեծ կորուստներ, փաստ է»:
Անդրադառնալով Մովսես Հակոբյան հայտարարություններին, Դավիթ Բաբայանը նշեց, որ չի ցանկանում այդ ամենին միջամտել.«Տալ գնահատականներ, մանավանդ, որ այդ պահին այնտեղ չեմ եղել: Մարդիկ կան ասում են՝ Մովսես Հակոբյանը ճիշտ է, մարդիկ էլ կան ասում են՝ կասկածում են, պետք է պատասխանեն այն մարդիկ, ում ուղղված են խոսքերը»:
Комментариев нет:
Отправка комментария