Խորհրդարան, որպես այդպիսին, չկա. և դա բոլորովին տրամաբանական չէ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/28/2020

Խորհրդարան, որպես այդպիսին, չկա. և դա բոլորովին տրամաբանական չէ

Տրամաբանական չէ անընդհատ ասել, որ իշխանությունը պարտվել է և պետք է հեռանա, լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» մեծամասնության պատգամավոր Արփի Դավոյանը: Եվ նա, իհարկե, իրավացի է: Իշխանությունը պետք է հեռանա, որովհետև պարտվել է, բայց քաղաքական ընդդիմության խնդիրը պետք է լինի ոչ թե դրա մասին անընդհատ ասելը, այլ հանրությանը նոր իշխանության բովանդակություն մատուցելը: Մեծ հաշվով, հերթական, թե արտահերթ տարբերակով, բայց հին, սպառված կամ ձախողված որևէ իշխանության հեռացում տեղի է ունենում նոր իշխանության ձևավորմանը զուգահեռ: Եթե պահպանված չէ այդ զուգահեռը՝ նվազագույնը, էլ չասած այն մասին, որ նորի ձևավորումը պետք է լինի առաջանցիկ տեմպ, ապա իշխանության փոփոխությունը չի լինի հարցերի արդյունավետ լուծում: Ի վերջո, չէ՞ որ անիշխանությունը լուծում չէ, իսկ որևէ իշխանություն էլ չի կարող լինել մեխանիկական երևույթ: Ըստ այդմ, պատգամավորն իրավացի է, որ պետք չէ անընդհատ ասել, թե իշխանությունը պետք է հեռանա: Առավել ևս, որ հանրության մեծամասնությունը պատերազմից հետո այլ կարծիքի էլ չէ: Բայց, հենց այն, որ այդ պահանջը կամ կարծիքը պասիվ է, չունի ակտիվ դրսևորում, պայմանավորված է նրանով, որ ակտիվ կամ ընդհանրապես դրսևորում չունի նոր իշխանության ձևավորումը՝ իբրև բովանդակություն: Միևնույն ժամանակ, որքան տրամաբանական չէ իշխանության հեռանալու մասին անընդհատ կրկնելը, նույնքան տրամաբանական չէ իշխանության անընդհատ կրկնելը, թե կան անելիքներ և պետք է կենտրոնանալ այդ անելիքների վրա: Տրամաբանական չէ, որովհետև անելիքը հանրությանը պետք է մատուցվի շատ կոնկրետ քայլերով:



Մինչդեռ, այսօր հանրությունը հնչեցնում է, օրինակ, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի հետ առնչվող հարցեր, որոնք չունեն պատասխան, մինչդեռ վերաբերում են մարդկային ճակատագրերին: Խոսքը ոչ միայն անհետ կորածների ու գերիների հարցի մասին է, որտեղ պետության անելիքի հանգամանքի խոսուն վկայությունն այն է, որ փաստորեն չի գտնվել այդ հարցով բարձրաձայնվող խնդիրներին արձագանքող պետական համապատասխան կառույց և բանը հասել է վարչապետի ձևաչափով ծնողների և հարազատների հետ հանդիպմանը: Խոսքը նաև սահմանային դեմարկացիայի, գծից այս կողմ կամ այն կողմ բնակավայրերի դասավորության, բնակչության հնարավոր էվակուացիայի մասին է: Բերձորի բնակիչներն առ այսօր չգիտեն՝ մինչև դեկտեմբերի 1-ը պետք է ազատե՞ն շրջանը, թե՞ ոչ: Իրավական առումով դա Արցախի կառավարության տիրույթն է, բայց եռակողմ համաձայնագիր ստորագրողը եղել է Հայաստանի կառավարությունն ու վարչապետը:


Անելիքները շատ են նաև ընդհանրապես եռակողմ համաձայնագրից դուրս, պետական հետագա կյանքի կազմակերպման առումով: Տեղի են ունենում նախարարների փոփոխություններ, սակայն չկան բացատրություններ, թե ինչու են գնում հները, ինչով են գալիս նորերը: Արտաքին գործերի և պաշտպանության նախարարների դեպքում ինչ-որ առումով պատկերը հասկանալի է՝ պատերազմի, ռազմա-քաղաքական իրավիճակի համար անմիջական առնչություն-պատասխանատվություն ունեցող գերատեսչություններ են, որոնց ղեկավարները պարտությունից հետո թողնում են պաշտոնը՝ անգամ անմիջական անձնական պատասխանատվության աստիճանից անկախ: Իսկ ինչո՞ւ են փոխվում մյուս նախարարները, արդյո՞ք նրանք փոխվելու էին, եթե չլիներ պատերազմը: Ինչո՞վ է թերացել ԿԳՄՍ նախարարը, եթե նրան ազատում են պաշտոնից, սակայն նշանակում վարչապետի գլխավոր խորհրդական: Հայաստանում խորհրդականների ինստիտուտը շարունակո՞ւմ է մնալ, այսպես ասած, մխիթարական մրցանակ ինչ-ինչ նկատառումներով հանուն իշխանության հեռացվող նախարարների համար, որի ավանդույթը գալիս է դեռ նախորդ համակարգից: Տրամաբանական կլինի, եթե մնալու մասին հայտարարող իշխանությունը քաղաքացիներին քիչ ինչ հանգամանալից բացատրություն տա մնալու վերաբերյալ, անելիքի վերաբերյալ, արվողի վերաբերյալ: Ընդ որում, դա վերաբերում է ամենևին ոչ միայն գործադիր իշխանությանը: Որովհետև Հայաստանը խորհրդարանական կառավարմամբ պետություն է, և ներկայացուցչական առաջնային մանդատի միակ կրողը խորհրդարանն է, որի գործառույթը ոչ թե վարչապետի և կառավարության պաշտոնավարման արդարացումներ գտնելն է, այլ իրավիճակի զարգացման ուղենիշներ սահմանելն ու պատվերը կառավարությանն ու վարչապետին իջեցնելը: Պատերազմից առաջ Հայաստանում խորհրդարան, որպես այդ առաջնային մանդատի պատասխանատվություն, կամք և բովանդակություն ունեցող օրգան՝ չկար, չկա նաև պատերազմից հետո: Եվ դա բացարձակ տրամաբանական չէ խորհրդարանական կառավարմամբ մոդելի պարագայում: 

Комментариев нет: