Ի դեպ. Նիկոլ Փաշինյանի՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի մասին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/25/2020

Ի դեպ. Նիկոլ Փաշինյանի՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի մասին

 Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությանը։ Նա անդրադարձել է Հայաստանի ու Արցախի ներկային ու ապագային վերաբերող կարեւոր հարցերի, այդ թվում խաղաղապահների տեղակայմանն ու նրանց մնալու ժամկետներին, ներքաղաքական վիճակին ու ընդդիմության պահանջներին, արտահերթ ընտրությունների հնարարավորությանը եւ իհարկե Արցախի կարգավիճակին:Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ ռուսական խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով: Ավելին, նա գտնում է, որ 5-ամյա ժամկետը գործընթացի սկիզբն է:

Եւ քանի որ այս պահին գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում եւ տարածաշրջանում կայունության ապահովումն է եւ քաղաքացիների անվտանգության ապահովումը, Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնում, որ ռուս խաղաղապահները հաջողությամբ կկարողանան կյանքի կոչել այդ առաքելությունը:Եւ պիտի ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն հենց այս դիտակետից է նայում նաեւ Արցախի կարգավիճակի հարցին։ Պատերազմի ժամանակ նա դիմում էր աշխարհի պետություններին՝ Արցախի անկախությունը ճանաչելու կոչերով, առաջ էր քաշում «անջատում հանուն փրկության» կոնցեպտը, իսկ հիմա բավարարվում է միայն ասելով, թե Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, չի փոխվել։ Ուշադրություն դարձրեք, ոչ թե Լեռնային Ղարաբաղի հանրապետության, այլ Լեռնային Ղարաբաղի։

Հանրապետություն եւ անկախություն եզրերը չօգտագործելը հասկացնել են տալիս, որ այս պահին եւ առաջիկայում, քանի դեռ Արցախում ռուս խաղաղապահներն են, կարգավիճակի հարցը վարչապետի համար այլեւս առաջնային չեն, չնայած վարչապետն ասում է, թե բանակցային գործընթացը պետք է վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Իսկ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի Սենատում քվեարկվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության ճանաչման բանաձեւը։ Սրա մասին հաջորդիվ։ Հաջորդ հարցը, ինչպես նշեցինք, վերաբերում էր ներքաղաքական լարվածությանը, ընդդիմության պահանջներին ու արտահերթ ընտրությունների հնարավորությանը։

Նիկոլ Փաշինյանը չի հերքում, որ ներքաղաքական լարվածություն կա, սակայն փաստում է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չեն գտել հայ հանրության շրջանում: Հանուն ճշմարտության նկատենք, որ սա սխալ արձանագրում չէ։ Ճիշտ է, հրապարակում վարչապետի հրաժարականն են պահանջում 16 կուսակցություններ, նման պահանջներով հանդես եկան ԵՊՀ եւ Գիտությունների ակադեմիայի գիտխորհուրդները, հանրապետության նախագահն իր ճանապարհային քարտեզը ներկայացրեց, բայց երկու կարեւոր գործոններ բացակայում են։«Կրիտիկական զանգվածը» հրապարակում եւ հստակ ուղերձները հյուսիսից։Եվ քանի դեռ այս երկու գործոնները բացակայում են, վարչապետը շարունակելու է պաշտոնավարել, առաջնորդվելով իր հրապարակած ճանապարհային քարտեզով։իսկ արտահերթ ընտրությունների թեմային կանդրադառնա կամ չի անդրադառնա 6 ամիս անց։

Комментариев нет: