Ապրիր առողջ. կրծքավանդակի ցավ. երբ է պետք բժշկի դիմել - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

11/29/2020

Ապրիր առողջ. կրծքավանդակի ցավ. երբ է պետք բժշկի դիմել

 Սրտի հատվածի ցավն ամենատարածված խնդիրներից մեկն է, որը ծանոթ է գրեթե բոլորին: Նման ցավերը տարատեսակ են լինում՝ ծակող, ճնշող, այրող, մղկտուն և այլն: Դրանք կարող են ի հայտ գալ մի փոքրիկ հատվածում կամ տարածվել ամբողջ կրծքավանդակի, ուսի, թևի, պարանոցի, ստորին ծնոտի, որովայնի կամ թիակի հատվածում:



Այս ցավերը կարող են տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ կամ անգամ մի քանի օր: Դրանց ինտենսիվությունը կարող է փոխվել անգամ ամենաչնչին շարժումից: Երբեմն դրանք առաջանում են ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով, իսկ երբեմն էլ պայմանավորված են լինում որևէ սննդամթերքի ընդունմամբ: 


Սրտի հատվածի ցավերի պատճառները բազմազան են: Դրանք կարող են պայմանավորված լինել սրտի հիվանդություններով (ստենոկարդիա, սրտամկանի կաթված, բորբոքում և այլն), սակայն հաճախ ցավի պատճառը բնավ սիրտամկանը չի լինում (նևրոզ, կողերի կամ ողնաշարի միջին հատվածի հիվանդություններ, աղեստամոքսային համակարգի հետ կապված խնդիրներ և այլն):



Այժմ ուսումնասիրենք կարծքավանդակի ցավերը և դրանց առաջացման պատճառներն ավելի մանրամասն


Կրծքավանդակի ձախ մասում` սրտի շրջանում ցավեր են առաջացել։ Դա ի՞նչ է նշանակում։ Եթե կարողանանք ինքներս որոշել այդ ցավերի բնույթը, ապա դրանք շատ բան կհուշեն։


Եթե ցավը ծակող է, տեղակայված է սրտի շրջանում, առաջացել է մրսածության հետևանքով, բարձր ջերմաստիճանի ֆոնի վրա, կամ գրիպով, անգինայով հիվանդանալուց 1-2 շաբաթ անց, եթե ցավում է կրծքավանդակի` սրտից դեպի ձախ ընկած հատվածը և ուժեղանում է խորը շնչելիս, ապա այդպիսի ցավն անուշադրության մատնել չի կարելի։ Այն կարող է դիտվել որպես հիվանդության ընթացքում մանրէների առաջացրած թույներին օրգանիզմի հակազդման պատասխան, որպես սկսվող ռևմատիզմ, սրտամկանաբորբ, որոնք սրտի ձեռքբերովի արատների 90%-ի պատճառն են։ Հնարավոր է, որ անցկացրած գրիպը լիովին չի բուժվել, բարդացել է, վերածվելով ձախ թոքի և դրան արտաքինից պատող թաղանթի (պլևրայի) բորբոքման։ Եվ հենց դա է ցավացողը, քանի որ թոքը չի կարող ցավալ։ Ուրեմն ցավի բուն պատճառը կարող են պարզել թերապևտը, սրտաբանը, ռևմատոլոգը, որոնք մանրակրկիտ քննելով ձեզ, կհանձնարարեն լրացուցիչ հետազոտվել` կատարել արյան ընդհանուր և կենսաքիմիական քննություն, էլեկտրասրտագրություն, սրտի գերձայնային հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև` թոքերի ռենտգենյան և այլ հետազոտություններ։


Մեկ այլ դեպքում ցավը բութ է, անընդհատ, շարունակվում է ժամերով, օրերով, որն ավելի շուտ սրտի շրջանում ճնշման բութ զգացումի է նման, կամ, հակառակը, այն կարճատև, ծակող բնույթ ունի, որը տևում է ընդամենը մի քանի վայրկյան, բայց ավելի ուժեղ է։ Այս տարաբնույթ ցավերը ամենևին կապ չունեն մարմնի շարժումների, ինչպես նաև հանգստի վիճակի հետ և հաճախ որոշակի լարումից հետո կարող են թուլանալ։


Եթե այսպիսի ցավեր ունեցող երիտասարդ տղամարդը, կինը գանգատվում են գերհոգնածությունից, գլխապտույտից, ասում են, թե չեն կարողանում ազատ շնչել և հաճախ աշխատում են խորը շունչ առնել, հորանջում են ու անքնությամբ են տառապում, ապա դա հենց սիրտանոթային համակարգի գործունեության խանգարման հետևանք է, որը հայտնի է «գերբեռնվածության համախտանիշ» անունով։ Այդ խանգարումների պատճառը առաջին հերթին նյարդային, և մեծ մասամբ հոգեկան լարվածությունն է, ընտանեկան կոնֆլիկտները, աշխատանքային անախորժությունները, ինչպես վախի զգացումը մարտից առաջ։ Նման խանգարումներն անտեսելը և չբուժվելը կարող են մեծ վնաս հասցնել սեփական առողջությանը և, ընդհանրապես, փչացնել տրամադրությունը։ Իսկ նման գանգատներ ունեցող «նյարդայնացած» տնային տնտեսուհուն հարկ է դիմել բժիշկ-հոգենյարդաբանի` անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու համար։ 


Եթե ցավը ծակող բնույթ ունի, առաջանում է խորը շունչ քաշելիս, գոտկատեղից վեր իրանը թևերի հետ ձախ ու աջ պտտելիս, ապա մի շտապեք ինքներդ ձեզ «սրտային հիվանդի» կարգավիճակ տալ։ Ցավերի պատճառը փնտրեք հենաշարժական ապարատի հիվանդությունների ցանկում։ Նախ և առաջ բացառեք ողնաշարի կրծքային հատվածի օստեոխոնդրոզը, սկոլիոզը, միջկողային նյարդերի ու մկանների բորբոքումները։


Մկանային և ոսկրային ցավերը դժվար չէ տարբերակել սրտի ցավերից։ Բավական է սեղմել մարմնի ախտահարված` վնասված հատվածը, և համապատասխան տեղում ցավ կառաջանա, ինչպես, օրինակ, մարզիկների մոտ է լինում։ Նման դեպքում անհապաղ դիմեք վնասվածքաբանի։ Հնարավոր է, որ նա ձեզ խորհուրդ տա դիմելու ռևմատոլոգի, կամ պարզապես տուն կուղարկի, առաջարկելով մեկ-երկու ամիս հոդը չմրսեցնել, հանգիստ պահել, և ամեն բան ինքնին կանցնի։


Պետք է գիտենալ, որ ոսկրային ախտահարումները, որոնք տեղակայված են կրծքավանդակի շրջանում, երբեմն կարող են մի շարք ծանր, բուժում պահանջող հիվանդությունների պատճառ դառնալ։ Ուստի, եթե դրանք ուղեկցվում են այլ հիվանդագին երևույթներով, ապա մոտակա պոլիկլինիկայում ստացած խորհրդատվությունը կօգնի պարզելու ցավերի բուն պատճառը։


Հիշեք, որ ժամանակին կատարված բուժումն արդեն գործի կեսն է, իսկ ցավերը հաղթահարելուն կօգնեն բժշկի նշանակած հակաբորբոքային դեղամիջոցները, մերսումներն ու բուժական մարմնամարզությունը։ 


Ցավեր, որոնք կապված են սննդի կամ ալկոհոլի անգամ փոքր քանակությամբ պարբերաբար ընդունման հետ։ 


Երբեմն սիրտը սկսում է ցավել շատ, մասնավորապես ճարպեր կամ կծու կերակուրներ ուտելուց հետո, ինչպես նաև երկար ժամանակ քաղցած մնալիս։ Նման ցավերն առաջանում են, կապված սրտի և որովայնի խոռոչի օրգանների ընդհանուր նյարդավորման հետ, ուստի դրանք կարող են գաստրիտի` ստամոքսաբորբի, խոցի, պանկրեատիտի` ենթաստամոքսային գեղձի, խոլեցիստիտի` լեղուղիների բորբոքման և աղիքների փքվածության հետևանք լինել։ Ըստ որում, երբ այս հիվանդությունները սուր բնույթի են, առաջին հերթին ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքման ժամանակ, ցավը կնվազի նիտրոգլիցերին ընդունելուց հետո, էլեկտրասրտագրի վրա կարող են ի հայտ գալ փոփոխություններ, որոնք բնորոշ են սրտամկանի ինֆարկտին` վերջինիս բացակայության դեպքում։


Բացի այդ, կարող է ուտելուց հետո կրծքավանդակում ճնշող, կոկորդում կոշտ սննդի խցանման զգացում, և վերջապես, հաճախ սննդով խեղդվելու պահեր լինեն, սակայն դրանք անուշադրության են մատնվում։ Այնինչ, եթե կրծքավանդակի շրջանում ձեզ արդեն անհանգստացնում են անորոշ, նվացող, ձգող, երբեմն` ուժեղ ցավերը, որոնք սկզբում դժվար է ճիշտ ախտորոշել, ապա իրական պատկերը պարզելու համար ձեզ օգնության կգա կերակրափողի ռենտգենյան նկարը, որը կպարզի ցավի բուն պատճառը, և բուժող բժիշկը ճիշտ կողմնորոշում կունենա։ 


Եթե ցավն առաջացել է միջանցիկ քամու տակ մնալուց հետո և տեղակայված է կրծքավանդակի կողմնային մասում, կողոսկրերի ուղղությամբ, կտրուկ բնույթի է, անհանգստացնում է արդեն մի քանի օր, ուժեղանում է խորը շունչ քաշելիս, ավելի ճիշտ` թույլ չի տալիս խորը արտաշնչել, և եթե դուք մանուկ հասակում հիվանդացել եք ջրծաղիկով, ապա հնարավոր է այդ ցավացող տեղում մեկ շաբաթ անց բշտեր հայտնվեն, որից հետո ցավը կնվազի։ Սա, հավանաբար, նախկին կրած հիվանդության հետևանքն է, որի ապաքինման միջոցներ կձեռնարկի բուժող բժիշկը` թերապևտը, մաշկաբանը, վարակաբանը։


 Եթե ցավը առաջանում է նոպաներով, կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, տեղակայված է կրծոսկրի հետևում, կարող է տարածվել ձախ թևի, պարանոցի, ստորին ծնոտի շրջանում, թիակի տակ, եթե այն ընթանում է այրոցի, սեղմման զգացումով, չպետք է հետաձգել սրտաբանի դիմելը։ Սա ավելի շուտ ստենոկարդիա է, որը սրտի իշեմիկ հիվանդության ձևերից մեկն է։ Սա կարող է սրտամկանի ինֆարկտով ավարտվել։


Комментариев нет: