ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին, նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018թ․ զանգվածային ցույցերի արդյունքոււմ իշխանության գալու հանգամանքները չեն ազդել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա։
«Ես չեմ հասկանում, թե ինչ է դա նշանակում: Ես ոչ մի առանձնահատկություն չեմ նկատում վերջին ժամանակներում Հայաստանի հետ մեր հարաբերություններում, ներառյալ վարչապետ Փաշինյանի իշխանության ժամանակաշրջանում», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինի խոսքով, ինքը «բավարար վստահելի և կառուցողական» հարաբերություններ է հաստատել Փաշինյանի հետ։ «Ուստի այդ ակնարկները (Երևանի հանդեպ Մոսկվայի վերաբերմունքի փոփոխությունը) այդքան էլ հասկանալի չեն»,-ասել է ՌԴ նախագահը։
Խոսելով Հայաստանի մասին՝ Պուտինը նշել է, որ զանգվածային ցույցերի արդյունքում հասարակության պառակումը և իշխանափոխությունը լավ բանի չեն հանգեցնում այն երկրներում, որոնք գտնվում են ռազմական գործողությունների շեմին։
«Ես կարծել եմ և կարծում եմ, որ երկիրը, որը գտնվում է բավական ծանր վիճակում, ռազմական գործողությունների շեմին, չի կարող իրեն թույլ տալ կազմակերպել ներքաղաքական կյանքը և իշխանությունը փողոցի օգնությամբ»,-ասել է ՌԴ նախագահը՝ նշելով, որ դա վերաբերում է ինչպես այսօրվան, այնպես էլ սրանից մի քանի տարի առաջվան»։
No comments:
Post a Comment