Այստեղ ես էի քո պահապանը, հիմա դու դարձար իմ պահապան հրեշտակը․ քրոջ նամակը՝ արցախյան պատերազմում անմահացած հերոս եղբորը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/29/2020

Այստեղ ես էի քո պահապանը, հիմա դու դարձար իմ պահապան հրեշտակը․ քրոջ նամակը՝ արցախյան պատերազմում անմահացած հերոս եղբորը

 


Արմավիրի մարզի Նորավան համայնքում այսօր պետք է նշեին իրենց զինվոր զավակի՝ Ջանիկ Նազարյանի 19-ամյակը։ Ավաղ, տարեդարձի փոխարեն այսօր նրա մահվան քառասունքն է, երջանիկ եւ առողջ լինելու մաղթանքների փոխարեն՝ կոկորդ խեղդող արցունքներ, ցասում, հուսահատություն։ Ջանիկի մասին ընտանիքում, հարազատները չեն կարողանում խոսել անցյալով, նրանց թվում է՝ վատ երազի մեջ են, ուր որ է՝ կարթնանան, Ջանիկը դուռը կբացի եւ ներս կմտնի՝ լցնելով տունը ուրախությամբ։ Երիտասարդը որոշել էր՝ վերադառնալուն հես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետից տեղափոխվել ստոմատոլոգիական․ ատամնաբույժ պետք է դառնար։ Նա զորակոչվել էր 2020թ-ի հունվարի 20-ին՝ խոստանալով վերադառնալ ուղիղ 2 տարի անց, բայց խախտեց սովորույթը, դրժեց խոստումը, ինչը երբեք չէր արել։


Ջանիկ Նազարյանը սանհրահանգիչ էր, ով պատերազմի առաջին իսկ օրերից բուժգնություն է ցուցաբերել վիրավորներին՝ փրկելով բազմաթից կյանքեր։ Վտանգելով իրեն՝ նա քանիցս մարտի դաշտից դուրս է բերել վիրավորներին։ Վերջին բուժօգնությունը ցուցաբերելուն նախորդել էր այս երկխոսությունը։ 

Զինակից ընկերներից մեկը վիրավոր էր: 

- Տղերք, գնամ բերեմ:

- Ջանիկ, վտանգավոր ա, սպասի: 

- Չէ արնաքամ կլինի, ուր սպասեմ:

Առաջին օգնություն ցույց տալիս հակառակորդի դիպուկահարը վիրավորում է և մահանում:  

Հերոս եղբոր տարեդարձի կապակցությամբ ներկայացնում ենք նրա քրոջ նամակը։

«Նամակ, որ կկարդաս վերևից...

Ծնունդդ շնորհավոր իմ զույգ ախպեր... հա մենք զույգ ենք, ուղղակի ես միշտ շտապում եմ, իսկ ինքը համբերատար էր դրա համար ես 2 տարի շուտ ծնվեցի։


Հիշում ես, որ փոքր էինք, քեզ պաշտպանում էի։ Առաջին դասարան էիր. դասամիջոցներին ձեր դասարանի դիմաց կանգնում էի, որ հանկարծ մեկը չհամարձակվեր ախպորս մատով կպնել։Դասղեկս մամային ասում էր՝ «Մարիամը ամեն օր Ջանիկի համար երեխեքի հետ կռիվա անում»։ Իսկ երբ արդեն մեծ էինք, ասում էի. «Երեխուն այդքան գործ մի տվեք» ու հնչում էր պատասխանը. «Երեխեն դու ես»։ Այստեղ ես էի քո պահապանը, հիմա դու դարձար իմ պահապան հրեշտակը...

Իմ Ջանիկներ

Տարբեր մարդիկ քեզ տարբեր կերպ էին դիմում. Ջան,Ջանո, Ջոն, Ջանիկ,Ջանիկո (չէիր սիրում), իսկ ես՝ Ջանիկներ։ Ինձանից բացի ոչ ոք իրավունք չուներ քեզ այդպես կոչել։ Ինձ համար մեկ Ջանիկը քիչ էր, քո մեջ լավը այնքան շատ էր, որ չէր կարող մի Ջանիկ պահել այն իր մեջ։ Հիմա բոլորը ասում են, որ իրենց տղայի անունը Ջանիկ պիտի լինի ու մեր տանը մի օր կլինեն Ջանիկներ։

Վեր կաց, եղբայր իմ

Հիշում ես, որ փոքր էինք, Լուսոն սիրում էր «Վեր կաց եղբայր իմ» երգը, իսկ ես վախենում էի էդ երգից ու լացում էի միշտ։ Չէի հասկանում՝ ինչից եմ վախենում, բայց այսօր հասկացա...

Ամեն վայրկյանը ապրում էիր Ջան։ Քիչ էիր քնում, որ ժամանակդ անիմաստ չկարցնես ու իմ վրա էլ բարկանում էիր, որ շատ եմ քնում (դե արի ու հիմա տես ինչքան եմ քնում)։ Երևի գիտեիր, որ քեզ տրված ժամանակը քիչ է ու պետք է շտապել։ Քո մեջ այնքան կյանք կար, որ կիսում էիր մեզ հետ ու ստիպում ապրել։

Իմ ամենակարող: Լավ նկարում էիր, երգում էիր, արդեն լավ դաշնամուր նվագել էիր սովորել ու ուզում էր անցնել կիթառին։ Իմ վարորդ֊ ուսուցիչն էիր, երբեք չեմ մոռանա «Գազ տուր, ավտոն խեղդվեց»։ Հողագործ էիր, խոհարար և ի վերջո բժիշկ։

Կյանքեր փրկող, ոչ թե խլող

Դե դու չես սիրում գլուխ գովել կամ տենց բաները պատմել, բայց մեզ պատմել են ընկերներդ, թե ինչքան կյանք ես փրկել այդ օրերին, և այդ փաստը ինչքան է քեզ ուրախացրել։ Իմ բժիշկ տղա, մամաենց երազանքն էլ կատարեցիր. մի քանի օրով, բայց դարձար իսկական բժիշկ ու ինչքան տղերքի կյանք փրկեցիր ու ինչքան ընտանիքների երջանկացրիր։

Քեզ որտեղի՞ց այդքան մեծ սիրտ, միշտ զարմացել եմ։ Ինչի էիր այդքան բարի, այդքան հոգատար։ Ընկերներդ ասում էին չէ', պետք չի գնալ, իսկ դու... Վիրավոր տղային խղճացիր, ուզեցիր օգնել ու դիպուկահարը քեզ նկատեց։ Երանի նրա ձեռքը դողար, կամ աչքը ցավեր մի պահ, երանի վրիպեր։ Ավաղ...

Սիրել

Տեսնում ես արդեն անցյալ ժամանակն եմ օգտագործում քո մասին խոսելիս, բայց իմացի «սիրել» բայը երբեք անցյալ ժամանակով չես լսի իմ շուրթերից:»

Մարիամ Նազարյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ 4-րդ կուրս


Комментариев нет: