Աշխարհի չափ է ինձ սիրում ․․․․բայց հայրենիքը հաղթեց մի փոքր... - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/27/2020

Աշխարհի չափ է ինձ սիրում ․․․․բայց հայրենիքը հաղթեց մի փոքր...

 Արցախյան երկրորդ պատերազմում քաջաբար կռված, թշնամու տասնյակից ավել ԱԹՍ֊ներ խոցած, երկնքի տիրակալ Ռաֆիկ Օրդոյանն այսօր կդառնար 26 տարեկան։



Ռաֆիկ Օրդոյանը Արարատի մարզի Մխչյան գյուղից էր, հայրենի գյուղի պարծանքն ու հայոց բանակի օրինակելի սպան։ 


Հերոսն ավարտել էր մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական համալսարանի հակաօդային պաշտպանության ֆակուլտետը։ Մինչ այդ սովորել էր Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանում, կիսատ թողնելով ուսումը՝ զորակոչվել բանակ, 6 ամիս ծառայելուց հետո էլ որոշեց ողջ կյանքը նվիրել հայոց բանակին և ուսումը շարունակելով Ավիացիոն համալսարանում՝ դառնալ սպա։


Ռազմական համալսարանը ավարտելով ու  լեյտենանտի կոչում ստանալուց հետո՝ ծառայության անցավ Ակնում։ 3 տարի շարունակ հսկելով Ակնի( Աղդամի) երկինքը՝ Ռաֆոն դեռ նախորդ տարվանից էր դարձել թշնամու ԱԹՍ֊ների ահ ու սարսափը։ Մինչ պատերազմը համեմատաբար խաղաղ պայմաններում ևս 2 ԱԹՍ էր խոցել՝ նախորդ տարի աշնանն ու այս տարի գարնանը, ինչի համար պարգևատրվել է «Արիության», «Անդրանիկ Օզանյան»  մեդալներով։


Կյանքին սիրահարված, կենսուրախ մեր հերոսը սիրում էր ամեն բացվող օրվա հետ նոր բացահայտումներ անել, նոր շունչ տալ կյանքին, պատմում է Ռաֆոյի նշանածը՝ Ալինան. 


«Ռաֆոն կյանքով լեցուն, նրբանկատ, չափազանց ուշադիր, իր յուրաքանչյուր սիրելի մարդու նկատմամբ անմնացորդ նվիրվող  անձնավորություն է, պաշտում էր մարդկանց հետ շփումը, նոր ծանոթությունները, հանգիստ չէր սիրում մնալ, մեր անցկացրած յուրաքանչյուր օրն էր տոնի վերածում»։
Ալինայի խոսքով Ռաֆոն երբեք չէր սիրում անիմաստ ժամանակ վատնել.


«Միշտ ցանկացել է նոր վայրեր այցելել, նոր բացահայտումներ անել, կյանքին նոր շունչ տալ։ Մենք միասին աշխարհն էլ պետք է բացահայտեինք, ու կանեինք հաստատ. անհնարին ոչինչ չի եղել մեզ համար»։

 

Ալինան վստահ է՝ եթե մենք Ռաֆոյի նման շատերին ունենայինք, հիմա ամեն բան այլ կլիներ. «Իմ ճանաչած Ռաֆոն շատ-շատ է տարբերվում մյուսների ճանաչած Ռաֆոյից, եթե մենք շատ ունենայինք Ռաֆոներ, ավելի քան վստահ եմ, որ հիմա այլ կարգավիճակ կունենար Արցախը»։


Այնպես է ստացվել, որ զույգի՝ իրենց համատեղ կյանքի ապրած 5 տարիների սկզբից ի վեր Ռաֆոն ծառայության մեջ է եղել, Ալինան էլ իր հետ հավասար ծառայել է։ Արտաքին նուրբ դիմագծեր ունեցող աղջիկը, նույնքան նուրբ հոգի ունենալու հետ մեկտեղ աննկարագրելի ուժեղ ու հզոր կամքի տեր մարդ է՝ իսկական հայ սպային արժանի կողակից։ Նա գիտի, որ իր սիրելին իրեն հենց այսպես կուզեր տեսնել. «Աշխարհի չափ է ինձ սիրում, վախենալու աստիճան, ու այդ ամենը փոխադարձ է, անչափ յուրահատուկ անձնավորություն է, չափազանց նվիրված է եղել թե՛ ինձ, թե՛ հայրենիքին։

 

Բայց հայրենիքը հաղթեց մի փոքր։ Նեղացած չեմ իրենից, ինքը կմնա իմ հրեշտակը, մշտապես եղել է իմ և բոլորի հերոսը»։

Ռազմական ոլորտում ունեցած հաջողությունները Ռաֆոյի համար բավարար չէին, որոշել էր բացահայտել իրավագիտության ոլորտը։ Հետագա լավ ապագայի համար ուզում էր 2021 թվականին ընդունվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։


Ալինայի ու Ռաֆոյի մշտական խոսելու թեմաներից մեկը ծառայությունն է եղել, իր զինվորներն ու ընկերները. «Շատ էինք խոսում իր բանակային կյանքից, երբեք չի դժգոհել ծառայությունից, միակ դժգոհությունը հեռավորությունն է եղել ու կարոտը։ Հիմնականում ընկերների մասին էր շատ պատմում, բոլորի կյանքի մասին համարյա թե գիտեմ, վերջերս ընկերներից մեկի հետ խոսեցի, պատմեցի, թե ինչեր գիտեմ, ասաց.


-Այնքան բան գիտես, փաստորեն մենք իրարից գաղտնիք չունենք»։

 

Զինվորների կողմից սիրված ու հարգված հրամանատարը տանել չէր կարողանում անարդարությունը, ուստի միշտ փորձել է հավասարություն պահպանել. «Ինքը չէր սիրում անհավասարությունն ու փորձում էր անել այնպես, որ ամեն ինչ բալանսի մեջ լինի և՛ ընկեր է եղել, և՛ լավ հրամանատար։ Իրեն շատ են սիրել զինվորները»,- հավելեց Ալինան։


Իր գործի գիտակ սպան ծառայությունից դուրս այլ հետաքրություններ էլ ուներ. սիրում էր ժամանակ անցկացնել խոհանոցում, դաշնամուր նվագել։ Զույգը որոշել էր ամուսնանալ 2021 թվականին ու հարսանիքին համատեղ ստեղծագործություն ունենալ. «Սիրում էր դաշնամուր նվագել, ես էլ երգում էի ժամանակին, պլանավորել էինք, որ մեր հարսանիքին ինքը կնվագի, իսկ ես կերգեմ»,֊ ժպիտով հիշում է Ալինան։


Տարածված այն կարծրատիպը, թե սպաները կոպիտ են, «սիրել չգիտեն», Ռաֆոյի պարագայում բնավ այդպես չի եղել. «Եթե այդպես նայենք, ուրեմն այդ մասնագիտության հետ Ռաֆոն կապ չի ունեցել. ճիշտ հակառակն է եղել իր մոտ։ Չափազանց ռոմանտիկ էր՝ մարտի 8֊ի կապակցությամբ ինձ սերենադ էր նվիրել։ Ռաֆոն սիրում էր գեղեցիկ սիրել»,֊ հիշում է սիրելին։


Բանակում ծառայող մարդու կողքին լինելու համար ինքդ էլ չափազանց ուժեղ պիտի լինես, գիտակից ու ըմբռնող։ Հայոց բանակի համազգեստը կրող  ու պատվով ծառայող սպայի կողքին լինելը Ալինայի համար հպարտություն էր. «Մեծ հպարտություն էի զգում նախ և առաջ իր մարդ տեսակի համար, հետո նոր` մասնագիտության։


Շատ ենք տխրել երկուսս էլ , հիասթափություններ էլ ենք ապրել , բայց երբեք չենք կոտրվել, պատվով ենք տարել այս հեռավորությունն ու կարոտը, հիմա ավելի դժվար է լինելու...»։


Նպատակասլաց, միշտ բարձունքների ձգտող ավագ լեյտենանտը միանգամից հասավ իր բարձունքին։ 44 օր հերոսական կռիվ է տվել, ոչնչացրել է հակառակորդի 22 ԱԹՍ ու փրկել բազմաթիվ զինվորների կյանքեր։ Իսկ հաղթանակի մասին չի կասկածել անգամ. «Ամեն պահի նորություններ էր հարցնում, ասում էր՝ ինչ են խոսում, ինչ նոր բան են որոշել։ Պարտության մասին երբեք չի խոսել. մշտապես վստահ է եղել, որ հաղթելու ենք։ Տխրել էր միայն, երբ իմացել էր, որ Շուշիում իր վարձակալած բնակարանն է վնասվել, ու այնտեղ էին մնացել իմ տված նվերներից մի քանիսը»,֊ պատմում է Ալինան։


45 օրյա մղած մարտերի ընթացքում հերոսը հավատարիմ մնաց հայրենիքին տված երդմանն ու կռվեց անձնվիրաբար։ Առաջին անգամ թեթև  վիրավորում է ստացել ձեռքից, որի մասին չի հայտնել, երկրորդ անգամ վիրավորվելուց հետո, ցավոք, երկնքի տիրակալի( այսպես էին ասում մարտական ընկերները) կյանքը փրկել չհաջողվեց։ 

Հայրենիքին մատուցած ծառայության համար Ռաֆիկ Օրդոյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

 

Ես՝ Ռաֆիկ Գևորգի Օրդոյանս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր կերպով ԵՐԴՎՈՒՄ ԵՄ:
Անձնվիրաբար ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքս: Ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:

 

Անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:
Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ.  ԵՐԴՎՈՒՄ ԵՄ:

 

Комментариев нет: