Արցախը գրեթե Ռուսաստան է. ՌԴ գերատեսչությունները 2021 թ-ի Արցախի զարգացման պլան են մշակել, ինչպիսին եղել է նաև Ղրիմում. Մարիամ Հովսեփյան - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

11/29/2020

Արցախը գրեթե Ռուսաստան է. ՌԴ գերատեսչությունները 2021 թ-ի Արցախի զարգացման պլան են մշակել, ինչպիսին եղել է նաև Ղրիմում. Մարիամ Հովսեփյան

 ArmDaily.am-ը զրուցել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանի հետ։



-Մի առիթով նաև Դուք եք ասել, որ այս պատերազմում հաղթող դուրս եկավ Ռուսաստանը, հայտարարությունը ստորագրելուց հետո՝ Հայաստանում շատերն են խոսում այն մասին, որ Ռուսաստանը սեփական շահերի համար հերթական անգամ զոհաբերել է Հայաստանն ու հայերին։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։



-Այդ կարծիքը կարող է լինել, եթե մակերեսորեն նայենք իրավիճակին։ Սակայն վերջին 6 տարիներին մենք տեսնում ենք, թե ինչ խոսակցություններ ու գործընթացներ կան։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի վերացմամբ առաջին հերթին շահագրգիռ են արևմտամետ ուժերը։ Այդ պարագայում Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա կնվազեր։ 2015 թ-ին, երբ Հայաստանը մտավ ԵԱՏՄ և չգնաց ԵՄ՝ նշվում էր երեք հիմնական պատճառ՝ հայկական մեծ համայնքը ՌԴ-ում, Արցախի չլուծված խնդիրն ու տնտեսական կապերը ՌԴ-ի հետ, որոնց պատճառով ՀՀ-ն ստիպված էր մտնելու ԵԱՏՄ-ի մեջ, չնայած՝ այդ ժամանակ Հայաստանի հանրությունը ձգտում էր դեպի ԵՄ։ Որպեսզի ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ի վրա նվազեր՝ պետք էր ազատվել այս կոնֆլիկտից։ Դրանից հնարավոր էր ազատվել մեկ ճանապարհով՝ 5+2 երկու տարածքները փոխանցելով Ադրբեջանին։ Կարծում եմ, պատերազմը սկսվեց հենց այս հեռանկարով, սակայն ընթացքը ցույց տվեց, որ ՌԴ-ն այս պատերազմում հաղթեց բոլորին, որովհետև, օրինակ Թուրքիան օգնում է Ադրբեջանին, քանի որ ունի իր հեռանկարները, պլանները, միաժամանակ, կա տեսակետ, որ ԱՄՆ-ն ՀՀ-ի առաջ պայման է դրել, որ կաջակցի՝ մի պայմանով, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս գա։ Մինչդեռ հիմա տեսնում ենք, որ այն տարածքները, որոնք համարվում էին օկուպացված, իսկ Ադրբեջանը համարում է իր տարածքները՝ այդ տարածքները հայտնվում է ռուսական զորքի վերահսկողության ներքո։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը կարծում է, որ հաղթանակ է ունեցել, չեմ կարծում, որ այս պայմաններում Ադրբեջանը վերջնական հաղթանակ ունի, թեև այս պարագայում հայերս տվեցինք տարածքներ, բայց, այո, Ռուսաստանը հաղթող դուրս եկավ, որովհետև իր զորքը տեղակայվեց, արդյունքում, այսօր Արցախը գրեթե Ռուսաստան է։ Այս ամենը կարող էր ավելի շուտ լինել՝ առանց Շուշին կորցնելու, առանց Հադրութը տալու, իսկ ՌԴ-ն կարողացել է միջամտել այն ժամանակ, երբ իրեն այդ հնարավորությունը տվել են։ Կարող էր ավելի շուտ միջամտել ու կորուստներն ավելի քիչ կլինեն։



-Ձեր կարծիքով, ինչո՞ւ Փաշինյանը մերժեց ամսի 20-ի առաջարկը։


-Հայաստանում, փորձը ցույց է տալիս, որ իշխանությունը կտրված է իրականությունից և կա խնդիր սթափ վերլուծելու իրավիճակը։ Կարծում եմ, ուժերի հարաբերակցությունը հաշվի չառնելն էր պատճառը, մինչև վերջ հույս կար, որ հաղթելու ենք։ Այսինքն, այն տեղեկությունը, որով կերակրվում էր հանրությունը՝ կարծում եմ, իրենք էլ հավատացել էին իրենց տարածած տեղեկատվությանը։


-Բայց արդեն պատերազմի 4-րդ օրը գլխավոր շտաբի պետը զեկուցել էր իրերի իրական դասավորվածության և ուժերի հարաբերակցության մասին...


-Ես, իրականում, չեմ հասկանում մեր կառավարություններին, քանի որ այն, ինչ հիմա է կատարվում Երևանի փողոցներում՝ տեղի էր ունենալու թե պատերազմի 4-րդ օրը, թե հոկտեմբերի 20-ից հետո։ Այսինքն, պատերազմը երկարացնելով և զոհերի թիվը շատացնելով, ևս 2 խոշոր տարածքներ հանձնելով, դրանով որևէ հարց չլուծվեց, ընդամենն ավելի շատ զոհեր ունեցանք ու ավելի շատ խայտառակ եղանք։ Միևնույն է, այս բացասական մոտեցումները լինելու էին և միգուցե ավելի քիչ լինեին զոհերը, որովհետև հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 9-ը զոհերի թիվը գրեթե կրկնապատկվել է։ Արդյունքում, հիմա Ռուսաստանից են որոշում, թե Ղարաբաղի համար ինչ անեն։ Մինչդեռ, Հայաստանում ընդդիմությունը հարձակվում է, ու իշխանությունը պաշտպանվում ու ակտիվ աթոռակռիվ է շարունակվում, այս պահին միակ աշխատող ու միակողմանի հետաքրքրվածություն ցուցաբերող կողմը հենց Ռուսաստանն է։ Երեկ Վլադիմիր Պուտինը 40 հազար եվրո է փոխանցել Կարմիր խաչին, որ գերիների հարցերով զբաղվի, այսինքն, այս օրհասական խնդիրները, որոնցով առաջին հերթին պետք է զբաղվեին Արցախի Հանրապետության նախագահը, ՀՀ վարչապետը, ապա միայն ՌԴ նախագահը, այս պահին զբաղվում է միայն ՌԴ նախագահը։ Պատահական չէ, որ Արցախում այս պահին հայերի հույսը միայն Պուտինի վրա է։ Ռուսաստանն է ԱԻՆ աշխատակիցների ուղարկում տարածքը ականազերծելու համար, մտածում է ժամանակավոր բնակության համար շենքներ կառուցելու մասին 25 հազար փախստականների համար, մինչդեռ, Այս պահին 5000 բնակության տեղ կա Ստեփանակերտում։ Այսինքն, այն ինչ անհրաժեշտ է այդ մարդկանց բնականոն աշխատանքի համար, դրանով զբաղված է Պուտինը։ Գերի ընկած պապիկը կարծում եմ հավաքական կերպար է, որ ցույց է տալիս, թե ինչ ադմինիստրատիվ քաոս է այդտեղ, Շուշիում, կարծում եմ, տեղյակ էին, որ այդ միայնակ ծերունու մասին չեն անհանգստացել ոչ քաղաքապետարանում, ոչ կառավարությունում։ Ադմինիստրատիվ կառույցները ոչ մի ուշադրություն չեն դարձրել ծերերին։ Նա թերևս չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում, նման կարգավիճակում հայտնված ծերերի քանակը ցավոք, հասնում է 70-ի։


—Դեռ հոկտեմբերի սկզբին ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Միլոնովն էր այցելել Արցախ, ու արդեն այն ժամանակ խոսվում էր Արցախի երկինքը փակելու մասին։ Ինչո՞ւ այն ժամանակ դա չարվեց։


-Ես այս մասին տեղեկատվություն չունեմ, բայց նախորդ փորձից կարող եմ ասել, որ 2016 թ-ին մեր այցից հետո՝ Հայաստանում մեծ խանդ կար, որ Արցախը ուղիղ շփվի Ռուսաստանի և ռուսական պաշտոնյաների հետ։ Հայաստանը մշտապես ուզում էր, որ այդ շփումները լինեին իր հովանավորությամբ։ Դրա համար, կարծում եմ, անգամ Միլոնովի այցը ինչ-որ կարծրատիպ էր կոտրում։ Հայաստանը հիմա արդեն կոմպետենտ չի Արցախում որևէ բան իրագործելու համար և երկրորդ պլան է մղվում, սակայն մինչ այդ ՌԴ ձեռքները կապված են եղել։ Մինչդեռ, Ղարաբաղի նկատմամբ միշտ էլ հետաքրքրություն է եղել ՌԴ-ում, Ղարաբաղի ժողովրդին մի քիչ ավելի շատ են սիրում այստեղ, որովհետև այնտեղ բոլորը ռուսերեն են խոսում, իրենք շատ ռուսամետ են։


-Անդրադառնալով համատեղ հայտարարությանը, մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմից արդեն խախտվում են հրադադարի կետերը, կարծում եք հնարավո՞ր է որևէ բան փոխել հայտարարության տեքստում՝ հաշվի առնելով այս հանգամանքը։


-Եթե Հայաստանում ադմինիստրատիվ քաոսը բերում է նրան, որ անգամ օրինակ գերիների հարցով պետք է ՌԴ-ն զբաղվի, ապա ես կարծում եմ, որ Հայաստանը կանգնած է սուվերենությունը կորցնելու առաջ։ Ես կարծում եմ, կարելի էր այնպես անել, որ գերիների թիվը քիչ լիներ։ Ադմինիստրատիվ քաոսի պատճառով Հայաստանը շատ է տուժում։ Տպավորություն է, որ Հայաստանում չկա, որևէ կոմպետետնտ անձ, ով պարտավոր է ներկայացնել, թե ինչ պետք է անի Արցախի բնակչությունը։ Սակայն խախտումների մասին, ես էլ այստեղ բարձրաձայնել եմ՝ անդրադառնալով ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի հայտարաությանը, թե բոլոր խաղաղ բնակիչները կարող են վերադառնալ և ապրել ադրբեջանական տարածքներում։ Դեսպանն ասում էր, որ իրենք ուրախ են խաղաղ բնակիչներին, միայն ոչ այն պայմանով, որ հետո նրանք մեր վրա կրակեն։ Պապիկի պարագայում՝ նա դժվար դա լիներ։ Ես չեմ կարող ասել, թե ՌԴ-ն ինչ է պատրաստ այդ խախտումների առնչությամբ անել, սակայն միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանը պետք է դրանք ճիշտ մատուցի և պահանջի դրա դիմաց կոմպրոմիս ու պաշտպանի իր իրավունքները, ոչ թե կատարի այն ամենն, ինչ պահանջում են։


-Դուք ասացիք՝ ստացվում է Արցախը գրեթե Ռուսաստան է, Արցախի հետ կապված Ռուսաստանում ի՞նչ ծրագրեր կան, հիմա անգամ որոշակի խոսակցություններ են շրջանառվում, որ շուտով Արցախում ռուսական անձնագրեր են բաժանելու։


-Կարծում եմ, ինչ վերաբերում է անձնագրերին՝ շատ ենք շտապում, սակայն ՌԴ կառավարության մարմինները ստացել են հանձնարարկաններ և մշակել են ծրագրեր, որոնք իրականացնելու Արցախում։ Ես տեսել եմ գերատեսչություններից մեկի 2021 թ-ի Արցախի զարգացման պլանը, միանշանակ, այն գործընթացները, որ տեղի են ունենում ռուսական շրջանները ակտիվացնելու կամ միջոցառումները որ անցկացվում են՝ այդ ամենը պլանավորված են նաև Արցախի համար։ Այդ պլանում նշված է, որ դեկտեմբերին կլինի առաջին ճանաչողական այցը, նշված է, թե 2021 թ-ի առաջին եռամսյակում ինչ պետք է արվի, երկրորդում՝ ինչ, երրորդում ինչ։ Նման ծրագիր կար նաև 2014 թ-ին Ղրիմի ինտեգրացման և հումանիտար օգնության համար, երբ Ղրիմը միացավ ՌԴ-ին։ Ինձ դա միանշանակ ուրախացնում է, քանի որ այդ մարդիկ այս պահին որևէ տեղից ուշադրություն չեն ստանում։ Ավելի լավ է սա, քան 65 հազար դրամը, որը ՀՀ կառավարությունն է մտադիր տրամադրել։

Комментариев нет: