Հաղթանակ կարող ենք արձանագրել միայն ու միայն նոր տարածքներ ազատագրելու պայմաններում, մնացածը լինելու է մեր ուղեղները դարերով լվացած «բարոյական հաղթանակների» օպերայից. Հայկ Մարտիրոսյան - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

10/06/2020

Հաղթանակ կարող ենք արձանագրել միայն ու միայն նոր տարածքներ ազատագրելու պայմաններում, մնացածը լինելու է մեր ուղեղները դարերով լվացած «բարոյական հաղթանակների» օպերայից. Հայկ Մարտիրոսյան

ArmDaily.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:


-Պարոն Մարտիրոսյան, հայ-ադրբեջանական պատերազմը մտել է նոր՝ ավելի լարված փուլ: Ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ և այսպիսի ինտեսիվությամբ որքա՞ն կարող են շարունակվել մարտերը:

-Դժվար է ասել, ամեն դեպքում, Հայաստանը պետք է փոխի պատերազմի մարտավարությունը: Անընդհատ պաշտպանվել հնարավոր չէ: Դա չի հաջողվել ոչ մի բանակի: Ժամանակն է անցնելու հակահարձակման՝ եթե անգամ դրա ռեսուրսը չկա: Իսկ ես վստահ եմ, որ կա, վստահ եմ, որ կարող ենք: Ուղղակի ցանկանալ է պետք: Քաղաքական ղեկավարության ցանկությունն է անհրաժեշտ:

-ԱՄՆ-ում՝ CNN-ի հարակից տարածքում հայերը ցույց են կազմակերպել՝ պահանջելով Արցախում ընթացող իրադարձությունների լուսաբանում: Հիմա ի՞նչ է տեղի ունենում, կա՞ CNN-ից արձագանք և առհասարակ, ինչպիսի՞ն են տրամադրություններն այդտեղ:

-Չգիտեմ: Ցույցի կազմակերպիչը մի լոսանջելսահայ վիդեոբլոգերուհի է, որ հայտնի է մի քանի ժամանոց պարբերական ֆեյսբուքյան լայվերով, որոնցում անվերջ փառաբանում էր Հայաստանի նոր իշխանություններին: Այդ մակարդակով էլ օրակարգ են ձևավորել: Հրաշալի է, որ ակտիվ են հայերը, հրաշալի է, որ միավորվել են հայրենիքին օգնելու գաղափարի շուրջ: Բայց որպեսզի այդ գաղափարը ճիշտ աշխատի՝ հօգուտ և ոչ ընդդեմ, անհրաժեշտ է, որ ամեն ոք խոսափող չվերցնի և առավել ևս, որ ամեն ոք իր կրթության և գոյություն չունեցող մակարդակին հավասար հայկական օրակարգ չձևավորի: Պետք է հստակ ծրագիր լինի, հստակ մոտեցումներ և պահանջներ, որոնք լինեն լուրջ և խելամտորեն հաշվարկված: Իսկ դա լավագույն անել կարող է միայն պետությունը: Բայց հայկական պետությունն, ինչպես որ երբևէ չի զբաղվել սփյուռքում լուրջ օրակարգեր ձևավորելով, այնպես էլ հիմա չի զբաղվում, մանավանդ այս պատերազմական օրերին:

-Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին առկա էր պատերազմի առաջին օրվանից, իսկ ահա մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը բավականին չեզոք է իրեն պահում: Ինչո՞վ եք բացատրում մեր դաշնակցի այս վարքագիծը:

-Երկար պատասխան է այս հարցը ենթադրում: Փորձեմ՝ շատ հակիրճ: Թուրքիան և Ադրբեջանը ունեն մեկ օրակարգ. դա հայկական սեպի վերացումն է և երկու թուրքական պետությունների միավորումը: Հեռահար երազանքը Մեծ Թուրանի ստեղծումն է, ինչպես հարյուր տարի առաջ էր: Ռուսաստանն, իր հերթին, իր առջև խնդիր է դրել Ադրբեջանին վերադարձնել սեփական ազդեցության ուղեծիր և դա անելիս՝ չի պատրաստվում Ադրբեջանի հետ հարաբերություններ փչացնել: Ռուսաստանում, իհարկե, խորապես սխալվում են՝ չհասկանալով, որ Ադրբեջանը երբեք իրենց բարեկամ պետություն լինել չի կարող և առավել ևս չի կարող իրենց ուղեծիր վերադառնալ: Բայց քանի որ չկա այդ գիտակցությունը՝ Ռուսաստանին՝ որպես տարածաշրջանային գերտերության՝ ձեռնտու է դառնում երկու երկրների միմյանց հանդեպ առավելություն չստանալը և անգամ թուլանալը, որպեսզի սեփական ազդեցության լծակները չկորցնեն իրենց գործունակությունը: Եվ այստեղ ես էլի Հայաստանին եմ մեղադրելու: Կարելի էր հասնել նրան, որ Ռուսաստանում փոխեին այդ մոտեցումը: Կարելի էր անել դա բարեկամաբար, բայց արժանապատվորեն՝ առանց վիրավորելու կամ թշնամացնելու ռուսներին և առանց քծնելու նրանց ու անվերջ շողոքորթելու: Բայց դա մենք չարեցինք և հիմա ունենք այն, ինչ ունենք:

-Այս օրերին ակտիվ դիտարկվում է Արցախի անկախության ճանաչման հարցը: Al Jazeera-ին տված հարցազրույցի ժամանակ լրագրողի հարցին՝ արդյո՞ք քննարկվում է Արցախի անկախության ճանաչման հարցը, Փաշինյանը պատասխանեց, որ անկախության ճանաչումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Ըստ ձեզ՝ ի՞նչ գործոնների մասին է խոսքը:

-Չգիտեմ: Քանի որ ասում է այդպիսի բան՝ ուրեմն հընթացս մի բան կմոգոնվի: Ճիշտ այնպես՝ ինչպես նույն հեռուստաընկերության եթերում վարչապետը նոր պատմական իրավիճակ և միջազգային իրավունքի դրույթ հորինեց՝ ասելով թե Արցախն անկախացել է Ադրբեջանից և թե ինչպես որ Ադրբեջանն ուներ իրավունք անկախանալու ԽՍՀՄ-ից՝ այնպես էլ՝ Արցախը: Վարչապետը հորինում էր իհարկե, որովհետև երբ Արցախը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հղացած գաղափարով և նախաձեռնությամբ անկախացավ, այն արդեն Հայաստանի հետ էր միավորվել և Հայաստանի կազմում էր: Եվ երկրորդ՝ Ադրբեջանի ԽՍՀ կազմում Արցախն ընդամենը ինքնավար մարզ էր և խորհրդային դաշնային հանրապետության կարգավիճակ չուներ: Հետևաբար՝ ինքնուրույն չէր կարող անկախանալ ԽՍՀՄ-ից: Դուրս գալ մի հանրապետության կազմից և մտնել մյուսի կազմ՝ կարող էր: Բայց անկախանալ՝ ոչ: Հիմա, քանի որ նման բաներ են հորինվում, փոխանակ մեզ արդեն ձեռնտու պատմական իրականությունն ազնվորեն շարադրելու և բացատրելու, որ Արցախը բոլշևիկներն օկուպացրել ու Հայաստանի կազմից հանել-մտցրել էին Խորհրդային Ադրբեջանի կազմ՝ մենք բաներ ենք հորինում, որոնք մեր դեմ են գործելու, ապա զարմանալի չի լինի, եթե այդ անկախության ճանաչման անհեթեթ, մեզ ոչինչ չտվող և անգամ մեծապես վտանգավոր թեզի համար մի նոր հեքիաթ հորինվի: Միակ և լավագույն ուղին, որով արդեն պատերազմի պարագայում ագրեսիայի առաջին իսկ օրը մենք պարտավոր էինք ընտրել, դա միավորման մասին հայտարարելն էր: Ու մենք չարեցինք դա և ակնհայտորեն չենք անի: Ու քանի որ չենք անի՝ հաջորդ՝ առավել արյունալի պատերազմը մեզ երաշխավորված է: Ինչպես արդեն չորս տարի ես կանխատեսում էի այս պատերազմն ու դրա համար հարձակումների ենթարկվում՝ այնպես էլ հիմա, կտեսնենք, թե մեր անհեռատեսությունն ու տգիտությունը մեզ ցավոք ուր է տանելու:

-Պատերազմի ավարտ ե՞րբ եք կանխատեսում և մեր հաղթանակի ձեր ձևակերպումը:

-Հարցի առաջին մասին չեմ կարող պատասխանել: Կարծում եմ դա ոչ ոք չգիտի: Ամեն դեպքում չեմ կարծում, թե առաջիկա մեկ շաբաթում դա տեղի կունենա: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա հաղթանակ Հայաստանը կարող է արձանագրել՝ միայն ու միայն նոր տարածքներ ազատագրելու պայմաններում: Մնացածը լինելու է մեր ուղեղները դարերով լվացած «բարոյական հաղթանակների» օպերայից: Այդ երգը մենք շատ ենք լսել և այդ ամենը մեզ համար միշտ ավելի ու ավելի մեծ կորուստներով է ավարտվել: Այլընտրանք՝ քան առաջ գնալն ու իսկական, ոչ միայն բարոյական, այլև՝ տարածքային հաղթանակ տանելը, մենք չունենք: Եվ դա պետք է լինի հաղթանակի մեր միակ ձևակերպումը:

Комментариев нет: