Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում։ Կառուցվել է 1868-1887 թվականներին։ Եկեղեցու նկուղային սենյակներից մեկը հայտնի է մի խորհրդավոր երևույթով: Դա ընդամենը մի կիսագնդաձև սենյակ է, սակայն ունի շատ հետաքրքիր ակուստիկ հատկություններ: Երբ կանգնում ես նրա կենտրոնում` առաստաղի վրա արված անցքի տակ, քո ձայնը անհամեմատ ավելի բարձր է լսվում, սակայն մեկ մետր կողքի վրա կանգնած մարդու համար այդպես չէ, նա հասարակ ձայն է լսում: Առավել ևս շատ հետաքրքիր է լինում երբ սկսում ես երգել այդ անցքի տակ:
Այդ սենյակը օգտագործվում էր ժամերգության համար. քահանաները բարձր լսելով իրենց ձայնը կարողանում էին ավելի ճիշտ հնչեցնել երաժշտությունը:
Զանգակատունը կառուցել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցը: Զանգակատան արևելյան պատին կա արձանագրություն, որն ասում է.
Շուշիի ջարդերից հետո` 1920 թ-ին տաճարը դադարեց գործել: Ազերիների իշխանության տակ անցնելուց հետո օգտագործվեց նախ որպես ամբար, իսկ հետագայում որպես ավտոտնակ: Այդ ժամանակշրջանում էլ կործանվեցին տաճարի մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները: Մինչև ազատագրումը գտնվում էր կիսավեր վիճակում, իսկ գմբեթը փլված էր: Ղարաբաղյան պատերազմի ժամանկ այստեղ էր գտնվում ազերիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը:
Ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել է և գործում է սկսած 1998 թվականից:
Զանգակատունը գտնվում է եկեղեցուց մի քանի մետր արևմուտք, և իրենից ներկայացնում է երեք հարկանի շինություն: Մուտքի մոտ են գտնվում փողեր բռնած հրեշտակների արձանները, որոնցից մեկը պատկերված է Շուշի քաղաքի զինանշանին:
2008 թ-ի հոկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ «մեծ հարսանիք». 700 զույգից, 500-ը պսակադրվեցին Ղազանչեցոցում, իսկ մնացածը` Գանձասարում:
No comments:
Post a Comment