Ուժեղ Իրան. Թրամփի զգուշացումը Անկարային - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

10/21/2020

Ուժեղ Իրան. Թրամփի զգուշացումը Անկարային

 Ես մաղթում եմ, որպեսզի Իրանը լինի մեծ և ուժեղ երկիր, բայց առանց միջուկային զենքի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի ընտրության արշավում իր կողմնակիցների հետ հերթական հանդիպմանը: Նա հայտարարել է, որ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում առաջին զանգը լինելու է Իրան, և կլինի գործարք:


Թրամփի հայտարարությունը հնչում է բազմիմաստ՝ հատկապես այն հանգամանքի ֆոնին, որ առաջին ընտրությունից հետո նա գնաց ոչ թե Իրանի հետ գործարքի, այլ հակառակը՝ խզեց դեռևս Օբամայի վարչակազմի շրջանում կնքվածը՝ հայտնի Վեցյակի համաձայնագիրը: Թրամփը այն համարում էր վատը: Այդ իրողությունը պարզապես քանդեց այն կայունության հեռանկարը, որ Վեցյակի համաձայնագրով ձևավորվում էր ռեգիոնում:


Ավելին, 2020 թվականի հունվարի 3-ին Թրամփի հրահանգով չեզոքացվեց իրանցի գեներալ, Հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, ինչը ևս առաջացրեց ռեգիոնալ մեծ լարվածություն և աննախադեպ քայլ էր ընդհանրապես, երբ մի պետության ղեկավարի հրամանով չեզոքացվում է մեկ այլ պետության բարձրաստիճան գեներալ: Միևնույն ժամանակ հատկանշական է, սակայն, այն, որ Սոլեյմանիի սպանությունը բերեց ոչ թե իրանա-ամերիկյան բախման, ինչպես սպասում էին շատերը, այլ թուրք-ռուսական: Իդլիբում սրվեց Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունը, եղավ ռուս-թուրքական ճգնաժամը:


Սրանք հատկանշական դրվագներ են հետագա զարգացումների համատեքստում, որոնք ի վերջո հանգեցրին փաստացի նաև Կովկասի ուղղությամբ թուրքական ագրեսիայի և ահաբեկչության՝ Արցախի դեմ սանձազերծված ահաբեկչական պատերազմով, ինչը դե ֆակտո նաև Ռուսաստանի և Իրանի դեմ պատերազմ է: Իհարկե, այդ ընթացքում աշխարհը կանգնեցրեց կորոնավիրուսը, որի համատեքստում բավականին ուշագրավ քաղաքական դիրքավորում որդեգրեց Թրամփը: Նա գործնականում ակնարկում էր այն մասին, որ պանդեմիան աշխարհը կանգնեցնելու որոշակի ծրագիր էր, որ թույլ տրվեց Չինաստանի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործարքով:



Ի դեպ, խիստ հատկանշական հանգամանք կարող է դիտվել այն, որ Չինաստանից հետո պանդեմիայի հարվածի երկրորդ մեծ ուղղությունը դարձավ Իրանը: Պանդեմիան էապես հարվածեց նաև արցախյան խաղաղ գործընթացին, որի շրջանակում ծավալվում էր որոշակի նոր տրամաբանություն: Կորոնավիրուսով պայմանավորված՝ համաշխարհային լոքդաունը փաստացի հանգեցրեց նրան, որ Թուրքիան կարողացավ մխրճվել Ադրբեջան: Ի դեպ, այդ իմաստով բավականին ուշագրավ է այն ճգնաժամը, որ կորոնավիրուսի առիթով հարուցվեց ռուս-ադրբեջանական դաղստանյան սահմանին:


Հնարավո՞ր է իրավիճակի շրջադարձ, և արդյոք դրա նշան կարո՞ղ է լինել Իրանի մասին Թրամփի հայտարարությունը: Այն թելադրված է նախընտրական համաչափության տրամաբանությա՞մբ, թե՞ նաև նոր իրողությամբ, որ առկա է Կովկասում: ԱՄՆ-ը Արցախի դեմ սանձազերծված թուրքական պատերազմի երրորդ շաբաթին սկսեց ցուցաբերել դիվանագիտական աշխուժություն: Հայտարարվել է, որ հոկտեմբերի 23-ին պետքարտուղար Պոմպեոն մտադիր է հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:


Մի բան անկասկած է՝ զսպել պատերազմը հնարավոր է միայն Թուրքիային զսպելու դեպքում: Արդյոք Իրանի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը զգուշացո՞ւմ է նաև Թուրքիային:

Комментариев нет: