Դալմայի այգիների հողերի սեփականատերերը. hetq.am - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/25/2020

Դալմայի այգիների հողերի սեփականատերերը. hetq.am

«Հետք»–ն արդեն ներկայացրել է Երևանի Դալմայի այգիներում կառուցապատման նախագծերը։ Այս հրապարակումը Ծիծեռնակաբերդի խճուղու և Մոնթե Մելքոնյանը փողոցների պարփակված հատվածում հողերի օտարման պատմությունների մասին է։

Դալմայի այգիների այդ հատվածում հողերի սեփականատեր են դարձել՝ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակ Հովսեփյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի որդին՝ Սանասար Բեգլարյանը, նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանի ընկերությունը, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ընկերությունը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ կապվող ընկերությունը, Անտառային կոմիտեի նախկին նախագահ Միքայել Մանուկյանի ստեղծած հիմնադրամը, նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզիյանը, Պաշտպանության նախարարությունը և մի շարք ընկերություներ։ Այդ տարածքում հողակտոր է վարձակալել Ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի որդին՝ Ժորժ Խաչատրյանը։

«Դ․ա․վ․ա․ն․ք․» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանում է Ծիծեռնակաբերդի խճուղի 5/3 հասցեի 5000 քմ մակերեսով հողակտորը (Արմեն Տեր Տաճատյանի հողի հարևանությամբ): Հողը հատկացվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2012 թ–ի որոշմամբ: Ընկերությունը համայնքային սեփականություն հանդիսացող հողը գնել է աճուրդի միջոցով։ 5000 քմ հողի մեկնարկային գինը սահմանված է 34 միլիոն 800 հազար դրամ, ՍՊԸ–ն հողի համար վճարել է 36 միլիոն 540 հազար դրամ։ Աճուրդին մասնակցել է ընկերության նախկին տնօրեն Հրանտ Դանիելյանը։



«Դ․ա․վ․ա․ն․ք․» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ․-ին։ Այնտեղ 1 % բաժնեմաս ունի սիրիահայ Արա Յակուբյանը, ով ներկայումս նաև ընկերության տնօրենն է և 99 %՝ «Իսսա Ռիադ» ՓԲԸ-ն։ «Իսսա Ռիադ»-ի տնօրենը Սիրիայի քաղաքացի Ռիադ Իսա Սալմանին է, ում էլ պատկանում է ընկերությունը։ Արա Յակուբյանը նաև «Պլատինում հոումզ» ՍՊԸ-ի տնօրենն է 2012 թվականից։ Ընկերությունը շենքերի և առանձնատների կառուցապատումով է զբաղվում։ Այս ընկերությունն էլ Արա Յակուբյանի եղբոր՝ Արման Յակուբյանի անվամբ է գրանցված։

Արա Յակուբյանը մեզ հետ կարճ զրույցում ասաց, որ ոչ մի բան չի անում տարածքում, իսկ թե ինչ էր նախատեսել իրականացնել հարցին, որ հողը ձեռք էր բերել, պատասխանեց․ «Ձեզի ի՞նչ, իմ խոհանոց ինչի՞ եք մտնում»։ Արա Յակուբյանն այդպիսով անջատեց հեռախոսը։



Սանասար Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանում է Ծիծեռնակաբերդի խճուղի 43/3 հասցեի 2274 քմ հողակտորը (Վերածնունդ ավանի հարևանությամբ)։ Հողահատկացման հիմքը՝ Երևանի քաղաքապետի 2014 թ․–ի որոշումն է։ Սանասար Բեգլարյանը հողը գնել է քաղաքապետարանի կազմակերպած աճուրդում։ Ծիծեռնակաբերդի խճ. 43/3, հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու համար նախատեսված հողի մեկնարկային գինը եղել է 79 միլիոն 609 հազար 600 դրամ։ Բեգլարյանն այն գնել է 83 590 080 դրամով։

Սանասար Բեգլարյանը Սերժ Սարգսյանի ընկեր, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի որդին է։ Սանասար Բեգլարյանը Երևանի ավագանու անդամ է եղել 2017-ից 2018 թթ․ ՀՀԿ խմբակցությունից։



«Երևանի Գարեջուր» ՓԲԸ-ն Ծովակալ Իսակովի պողոտա 12/14 հասցեի 2054 քմ հողը ձեռք է բերել աճուրդի շրջանակներում։ Երևան համայնքի հողը վաճառքի է հանվել 71 917 650 դրամ մեկնարկային արժեքով, իսկ «Երևանի Գարեջուր» ՓԲԸ–ն այն գնել է 75,5 մլն դրամով։ «Երևանի Գարեջուր» ՓԲԸ–ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին, որը պատգամավոր ընտրվելուց առաջ տարբեր պաշտոններ է զբաղեցրել գարեջրի գործարանում և դարձել է բաժնետեր, այժմ էլ ընկերության նախագահն է։

Մեզ հետ զրույցում Հակոբ Հակոբյանը պարզաբանեց, որ այդ տարածքը ձեռք են բերել իրենց գործարանի համար։ «Այդ հողը մեր գործարանի պատի տակ է, քանի որ մեր մուտքն ավտոկայանից է, մեծ, արտահանման մեքենաները դժվար են ներս ու դուրս անում, դրա համար դա ձեռք ենք բերել, որ էն կողմից մուտք կառուցենք, մեքենաների կայանատեղ լինի, ուրիշ ոչ մի բան չի կառուցվելու այնտեղ։ Այսինքն՝ մեր պատի երկարությամբ այդտեղ մեքենաների կայանատեղի է կառուցվելու»,- հստակեցրեց Հակոբ Հակոբյանը։



«ԴԻ Սի ԷՅ» բարեգործական հիմնադրամին կանաչապատման և ծառատնկման համար քաղաքապետարանը 2000 թ.–ին հատկացրել է 3.8 հա Սովխոզային 1(փողոցն անվանափոխվել է և կոչվում է Այասի փողոց )հասցեում (ադամանդի գործարանի տարածքն է ընդլանվել, ծառեր են տնկված)։ «ԴԻ Սի ԷՅ» բարեգործական հիմնադրամը լուծարված է։ «ԴԻ ՍԻ ԷՅ» Հայաստանի ադամանդագործական ընկերություն ՓԲԸ–ին Սովխոզային 1 հասցեում գտնվող արտադրական բազայի ընդլայնման և գյուղատնտեսական նպատակով 2003 թ–ին տրամադրվել է լրացուցիչ՝ 4.64 հա հող (3․5 հա (գյուղ նպատակ) + 1.14 հա (արտադրական նպատակ))։

«Դի Սի էյ» Հայաստանի ադամանդագործական ընկերություն» ՓԲԸ-ն 1998թ. հիմնադրել է ԱԺ նախկին պատգամավար Գագիկ Աբրահամյանը (Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը)։ Նա մինչեւ 2007թ. հանդիսացել է այդ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը: 2001-2007թթ. եղել է «Ջեյ Սի Էյ» Հայաստանի ոսկերչական ընկերություն» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահը: Քաղաքապետարանից տրամադրած հատակագծերի համադրմամբ պարզ է դառնում, որ նույնանուն կազմակերպությունները հող են ձեռք բերել ադամանդի գործարանի դիմացի և հետնամասի տարածքներում։

«Դի Սի էյ» Հայաստանի ադամանդագործական ընկերություն» ՓԲԸ-ի հիմնադիր Գագիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենց օտարված տարածքում(3.8 հա) ադամանդի գործարանն է գործունեություն ծավալել, հարակից այգում 1000-ից ավելի ծիրանի ծառեր են տնկել, իսկ 4,64 հա-ն վարձակալությամբ վերցրել էին համայնքից, որպեսզի ընդլայնեին ծիրանի այգին։ Սակայն Մոնթե Մելքոնյանի խճուղու կառուցման ժամանակ քաղաքապետարանը չեղարկել է իրենց հետ կնքած վարձակալության պայմանագիրը և այդ տարածքները հետ վերցրել իրենցից, վերավաճառել ուրիշներին։ «Մեր տարածքներում, որը 1990-ականների վերջից ենք վերցրել, ցանկապատները կան, ոչ մի փոփոխություն չենք արել։ Մեր սահմանները 1998թ․-ից այս կողմ փոփոխության չեն ենթարկվել»,- ասաց Գ․ Աբրահամյանը։



«Արև» գիտաարտադրական ՓԲԸ-ն Ադանայի փողոցի 1 հասցեում (Կենտրոն վարչական շրջան) 6915 քմ հողատարածքի սեփականատեր է դարձել։ «Արև» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ Ադանայի փողոցի հ.1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասին կից, ուղղակի վաճառքի ձևով, լրացուցիչ հողամաս օտարելու խնդրանքով: Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանի 2013 թ․–ի որոշման մեջ ասված է, որ տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով լրացուցիչ տրամադրվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 6915 քմ, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա։ Այդպիսով, որոշվել է հողամասն ուղղակի ձևով օտարել ՓԲԸ–ին կադաստրային արժեքով՝ 48 միլիոն 128 հազար դրամով։

«Արև» գիտաարտադրական ՓԲԸ-ին «Հետքն» անդրադարձել է դեռևս նախագահ Արմեն Սարգսյանի բիզնեսների Knightsbridge -ի շղթայում։ Knightsbridge-ի պաշտոնական կայքում «Արև» գիտաարտադրական ՓԲԸ-ի նախագիծը ևս ներկայացված էր (կայքն այժմ չի բացվում) որպես սեփական նախաձեռնությամբ նորարար տեխնոլոգիա: Մասնավորապես` այդ նախագծով ստեղծվել էր հեղուկ ռադիոակտիվ թափոնների մշակման համար մասնագիտացված սարքավորումներ արտադրելու տեխնոլոգիա, որը կիրառվում էր Մեծամորի ատոմակայանում եւ փորձարկվում Ղազախստանի Սեմիպալատինսկի շրջանում (ԽՍՀՄ-ի միջուկային զենքի փորձարկման տարածքն էր): Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կայքից էլ տեղեկանում ենք, որ 2006թ․-ին ընկերությունը «Էտյուդ» անվամբ օղու պատրաստման թույլտվություն է ստացել, որը նախատեսված է առևտրի ցանցում իրացնելու համար։ Թույլտվությունը մինչ օրս գործում է:



«Շինարարաների «Մեգա» ասոցիացիա» ՀԿ-ն Ֆրանց Վերֆելի փողոցի հ․ 40/2 հասցեում 2335 քմ հողամաս ունի, որը նրան հատկացվել է Երևանի քաղաքապետի 21 նոյեմբերի 2014 որոշմամբ։ Նույն որոշմամբ՝ Ֆ.Վերֆելի փողոցի հ.40/2 հասցեում գտնվող, «Շինարարների «Մեգա» ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրված 2335.0քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարվել է կազմակերպությանը՝ տարածագնահատման 4-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմել է 38 471 460 (երեսունութ միլիոն չորս հարյուր յոթանասունմեկ հազար չորս հարյուր վաթսուն) ՀՀ դրամ։ «Շինարարաների «Մեգա» ասոցիացիա» ՀԿ-ն հիմնադրվել է 2007թ․-ին։ Դրա նախագահը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Շաղաբեկի Գալստյանն է, ով 2014թ․-ին ընտրվել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր(5 տարի ժամկետով)։ Այդ ժամանակ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն էր։

«Շինարարների «Մեգա» ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ զրուցելու մեր ջանքերը, որպեսզի պարզենք, թե ինչ է նախատեսում ՀԿ-ն այնտեղ իրականացնել, ինչ ծրագիր կա և ինչի համար է ձեռք բերել հողը, իզուր անցան։ Օգոստոսի 20-ից փորձում ենք պայմանավորվել զրուցելու կամ պարզաբանումներ ստանալու համար։ Գագիկ Գալստյանի մամուլի հարցերով պատասխանատու և Հայաստանի Շինարարների միության աշխատակազմի ղեկավար Անահիտ Կարագուլյանը սկզբում ասաց, որ պրն Գալստյանն աշխատանքային այցով հիմնականում Երևանում չի լինում և տևական ժամանակ չի լինի, սակայն նրա տեղակալը մեր հարցերին սպառիչ պատասխան կտա։ Համաձայնեցինք հանդիպել տեղակալի հետ։ Օրեր անց մեր հիշեցմանը տիկին Կարագուլյանը պատասխանեց, որ ղեկավար անձնակազմը շրջաններում բավականին մեծ աշխատանքներ է տանում, և արդեն տևական ժամանակ է՝ Երևանի գրասենյակ չեն եկել, հենց ղեկավար կազմից մեկը եկավ, անպայման կկազմակերպի հանդիպումը։ Առաջարկեցինք հանդիպել մարզում, որտեղ իրենք աշխատում են։ Երկարատև լռությունից հետո տիկին Կարագուլյանը, կրկին մեր հարցադրումից հետո, ասաց, որ տվյալ հարցի հետ կապված որևէ պարզաբանում չունեն։



Միսակ Հովսեփյանը՝ Քննչական կամիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, Ծիծեռնակաբերդի խճուղի 11 հասցեում 3000 քմ հողակտոր ունի, որի սեփականատեր է դարձել Երևանի քաղաքապետի 2012թ․ որոշմամբ։ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աճուրդում 3000 քմ հողատարածքի մեկնարկային գինը սահմանաված է եղել 75 միլիոն դրամ։ Միսակ Հովսեփյանը հաղթող է ճանաչվել աճուրդում և հողը ձեռք բերել 78 միլիոն 75 հազար դրամով։ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկության համաձայն՝ Միսակ Հովսեփյանը 2017 թ․–ի մայիսին է 3000 քմ հողմասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել։

Комментариев нет: