Մեր առաջիկա ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է». Նիկոլ Փաշինյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/10/2020

Մեր առաջիկա ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է». Նիկոլ Փաշինյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։



Ըստ վարչապետի, վերջին 20 օրում ամենօրյա ռեժիմով գրանցվում են կորոնավիրուսով վարակման 200-ից պակաս դեպքեր։


«Սա, ընդհանուր առմամբ, իհարկե, բարելավում է։ Բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք․ նախ, ակտիվ դեպքերի թիվն էականորեն նվազել է, և մենք այս պահի դրությամբ 3000-ից պակաս ակտիվ դեպք ունենք, այսինքն՝ ախտորոշված դրական և բուժման մեջ գտնվող քաղաքացիներ։ Նաև շատ կարևոր է արձանագրել, որ մեր ամենօրյա թեստերի թիվն աննախադեպ բարձր է, և կարևոր է արձանագրել, որ հայտնաբերման տոկոսը, այսինքն՝ դրական տոկոսը ցածր է, ինչը համարվում է  հայտնաբերելիության մեծ աստիճան։ Մոտավորապես մենք 5, 6, 8 տոկոսի շրջանակում ենք, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ, մանավանդ վերջին օրերին 5 տոկոսի շրջանակում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետի խոսքով՝ այս ամենը շատ կարևոր է, քանի որ մարդը և նրա շրջապատը, երբ գիտեն, որ վարակված են կորոնավիրուսով, սա անխուսափելիորեն նրանց վարքի վրա ազդում է՝անկախ այն հանգամանքից՝ դա անախտանի՞շ է, թե՞ ոչ։ Այս առումով, վարչապետի կարծիքով՝ Հայաստանը շարունակում է գտնվել բարելավման վիճակում։


«Այս առումով առաջիկա ամենամեծ ռիսկն այդ դինամիկան խախտելու՝ հանրակրթական դպրոցների բացումն է։ Հետևաբար՝ կայացվել են որոշումներ, որոնք հասկանալիորեն միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից, նաև այն պատճառով, որ կա պահանջ, որ երեխաները դպրոցում պետք է դիմակ կրեն։ Ուզում եմ ասել, որ մենք պարտադրված ենք անելու քայլեր, որպեսզի չվերադառնանք  համաճարակային նոր ճգնաժամի, և կան մեկնաբանություններ, որոնք ուղղակի զարմացնում են։ Բոլոր հակահամաճարակային միջոցները, որոնք ընդունում ենք, առաջին հերթին՝ մենք ինքներս ենք կիրառում և պահպանում, մի բան էլ ավելի։ Այն որոշումները, որոնք կայացվում են, վերաբերում են ոչ միայն ուրիշների, այլև մեր երեխաներին նույնպես, մեր երեխաները ո՛չ դպրոցներում, ո՛չ մանկապարտեզներում, ոչ էլ այլ տեղ արտոնյալ չեն։ Այնպես որ՝ մենք կգնանք այս ճանապարհով, բայց նաև ուշադիր մոնիտորինգ կանենք իրավիճակը, եթե այս միտումը շարունակվի, մեր նպատակն է՝ կամաց-կամաց դուրս գալ սահմանափակումների ռեժիմից»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը։

Комментариев нет: