Ինչ իրավիճակ է համալսարաններում. այս օրերին բարձր ջերմություն ունեցող ուսանողներ են եղել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/10/2020

Ինչ իրավիճակ է համալսարաններում. այս օրերին բարձր ջերմություն ունեցող ուսանողներ են եղել

 Սեպտեմբերի 2-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման առաջին կուրսում մեկ ուսանող ջերմել է, նրան տուն են ուղարկել: Տվյալ ուսանողի մոտ հաստատվել է կորոնավիրուս, ինչից հետո ամբողջ կուրսը տուն է ուղարկվել։



ArmDaily.am-ին Տնտեսագիտական համալսարանից փոխանցեցին, որ նոր դեպքեր չեն արձանագրվել։ Հարցին՝ այն դասախոսները, ովքեր աշխատել են տվյալ ուսանողների հետ, չունե՞ն սիմպտոմներ, համալսարանից փոխանցեցին՝ ոչ։



ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն էլ մեզ փոխանցեց, որ համալսարանում կորոնավիրուսի դեպքեր չեն եղել, չեն եղել նաև բարձր ջերմություն ունեցող ուսանողներ։ 


Հայ-Ռուսական համալսարանի մամուլի քարտուղար Հենրիխ Մարգարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս օգոստոսի սկզբին կայացած գիտական խորհրդի նիստին որոշվել է, որ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բոլոր կուրսերի համար դասընթացներն անցկացվելու են օնլայն ձևաչափով (առաջին կիսամյակում).« Նաև հավելեմ, որ բոլոր կուրսերի ուսանողների համար օնլայն դասերը մեկնարկել են սեպտեմբերի 1-ից։ Առանձին դեպքերում հատուկ թույլտվությամբ առկա ուսուցումը հնարավոր է իրականացնել լաբորատոր աշխատանքների մասով՝ հիմնականում բնագիտական ուղղությունների համար, ինչպես նաև արևելյան և ասիական լեզուների ուսուցման դեպքում՝ հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ կանոնների խստիվ պահպանմամբ»։


Հայաստանի ամերիկյան համալսարանը նույնպես դասերն անցկացնում է հեռավար, և վիրուսով վարակման դեպքերի վտանգը համալսարանի ուսանողներին չի սպառնում։


Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ մեզ փոխանցեց, որ այս 10 օրերի ընթացքում 12 ուսանողի մոտ է գրանցվել նորմայից ավելի բարձր ջերմություն, սակայն, որոշ ժամանակ անց, կրկնակի ջերմաչափման արդյունքում, ջերմաստիճանն այդ ուսանողների մոտ գրանցվել է նորմայի սահմաններում, այսինքն, այս պահի դրությամբ, որևէ կասկածելի դեպք չի արձանագրվել։


Հայկական պետական մանկավարժական համալսարանի Լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանն էլ մեզ փոխանցեց, որ բարձր ջերմության և կորոնավիրուսի դեպքեր համալսարանում չեն գրանցվել և դասերն ընթանում են բնականոն հունով։

Комментариев нет: