Խիստ գաղտնի, գաղտնի և բաց զեկույց. Փաշինյանը «թեմայի մեջ» է - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/09/2020

Խիստ գաղտնի, գաղտնի և բաց զեկույց. Փաշինյանը «թեմայի մեջ» է

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ սեպտեմբերի ընթացքում հանձնաժողովը իր մեկամյա աշխատանքի զեկույցը ներկայացնելու է խորհրդարանի նախագահին: Նրա խոսքով՝ զեկույցը ունենալու է խիստ գաղտնի, գաղտնի և բաց տիրույթներ:


Դեռևս պարզ չէ, թե Հայաստանի հանրային շերտերից, քաղաքական սուբյեկտներից, պետական կառույցներից որ շերտերը, որոնք, ովքեր զեկույցի որ մասին կունենան հասանելիություն: Դրանով է պայմանավորված լինելու, թե ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ հանրային, այսպես ասած, տարերային կամ թեկուզ ուղղորդվող քննարկումները ինչ տրանսֆորմացիայի կենթարկվեն, մեկամյա աշխատանքի արդյունքում հանձնաժողովին կհաջողվի՞, այսպես ասած, փակել թեման, դադարեցնել հնարավոր շահարկումները, թե՞ հանձնաժողովը կբացի նոր հարցեր, նոր քննարկումներ, հնարավոր է նոր շահարկումներ և այլն:

Մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ ինչպիսին էլ լինի ապրիլյանի հանձնաժողովի զեկույցը, այն չի փակելու թեման: Հետևաբար առանցքային է այն, թե ինչ խնդիր է լուծելու զեկույցը: Եթե դիտարկում ենք ֆունկցիոնալ, պետական խնդիրները, ապա արժե՞ր դրա համար ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, եթե հնարավոր էր իրականացնել, այսպես ասած, գերատեսչական քննություն: Մյուս կողմից, իհարկե, հնարավոր է, որ չի եղել վստահություն գերատեսչական քննության ամբողջության նկատմամբ, և վարչապետ Փաշինյանը ընտրել է խորհրդարանական-քաղաքական թիմի ձևաչափը, եթե, իհարկե, այս պարագայում կա հենց թիմային վստահության հանգամանքը: Նվազագույնը, իհարկե, առաջանում է հակակշռության իրավիճակ՝ թույլ տալով գուցե առնվազն համեմատության և համադրության ենթարկել տարբեր ձևաչափերով և տարբեր ժամանակներում ձեռք բերված տեղեկատվությունը:


Մի բան երևի թե վեր է կասկածից, որ խորհրդարանական հանձնաժողովի ձևաչափով քննելով ապրիլյան քառօրյա պատերազմը՝ վարչապետ Փաշինյանը առաջին նպատակներից մեկը երևի թե դիտարկում էր քաղաքական ազդակը, որ տիրապետում է գործընթացին, կատարվածին ամբողջությամբ և, այսպես ասած, «թեմայի մեջ» է:

Բանն այն է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը, ինչպես առիթ ենք ունեցել ասելու, լոկ քառօրյա կամ ավելի երկար ձգված ռազմական գործողություններ չէին: Այդ պատերազմը տարիներ ձգված և անգամ հրադադարից հետո շարունակված, իսկ գուցե նաև շարունակվող աշխարհաքաղաքական գործընթաց է՝ առ ասօր ակտիվ իր շատ դերակատարներով հանդերձ: Հենց այդ հանգամանքն էր, որ Փաշինյանին մղեց խորհրդարանական քննության և այդ մասին հայտարարությանը, որը հնչեց 2018-ի մայիսին, երբ առաջին անգամ կալանքից ազատ արձակվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Комментариев нет: