Դատավարությունը ֆարս է. եղբորս ո՛չ կինն է սպանել, ո՛չ որդին. Սպանությունը «պետպատվերի շրջանակում է եղել» - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/07/2020

Դատավարությունը ֆարս է. եղբորս ո՛չ կինն է սպանել, ո՛չ որդին. Սպանությունը «պետպատվերի շրջանակում է եղել»

Արմավիրի նախկին մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատավարությունը թեև շարունակվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն դատավարության ընթացքը ֆարս է հիշեցնում սպանվածի եղբորը՝ Արամ Սիմոնյանին։

Վերջին դատական նիստը նախօրեին էր, սակայն հետաձգվեց, քանի որ ոստիկանության մեքենան փչացել էր, և  անհնարինություն էր առաջացել Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող նրա կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին, ներկայացնել դատարան։
Արամ Սիմոնյանն ասաց, որ դրան զուգահեռ ինքն է միջնորդություն ուղարկել դատարան, որպեսզի դատական նիստերը առանց իր մասնակցության չկայանան, քանի որ ինքը գտնվում է ՌԴ-ում և կորոնավիրուսի պատճառով չի կարողանում գալ ու ներկա գտնվել նիստերին։

«Այդ դատավարությունը առանց այդ էլ ֆարս է, եթե ես էլ այնտեղ չլինեմ, ինչ ուզեն՝ կանեն, կվերջացնեն ու կավարտեն դատաքննությունը։ Ես բազմաթիվ միջնորդություններ եմ ներկայացրել, բացարկ եմ հայտնել և դատավորին, և դատախազին, սակայն իմ որևէ միջնորդություն չի բավարարվում։ Մեղադրող դատախազը, դատավորը միտումնավոր կերպով գործը տանում են այլ ուղով, որպեսզի իրականությունը չբացահայտվի։ Տպավորություն է, որ մեղադրող դատախազն ու դատավորը երդվել են գործը նման տեսքով տանել մինչև վերջ»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ ամեն ինչ անելու է, որպեսզի հոկտեմբերին նշանակված նիստին մասնակցի։


Արամ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերլուծելով այս ամենը, զարգացումները՝ հանգում է եզրակացության, որ իր եղբորը՝ Մանուկ Սիմոնյանին, ո՛չ նրա որդին է սպանել, ոչ էլ կինը: «Պարզ երևում է, որ ո՛չ որդին՝ Նորիկ Սիմոնյանն է սպանել, ոչ էլ կինը։ Գուցե նրանք մասնակից են եղել, բայց իրենք չեն սպանել, քանի որ հարցեր կան, որոնց իրենք չեն կարողանում պատասխանել։ Բայց բերաններն էլ փակ են պահում։ Ես սկսում եմ մտածել, որ կատարվածը ոչ թե ընտանեկան բռնության հետևանք է եղել, այլ պետպատվեր։ Հակառակ դեպքում ես չեմ կարող հասկանալ դատավորի, դատախազի պահվածքը»,- ասաց Սիմոնյանը՝ չմանրամասնելով, թե «պետպատվեր» ասելով ինչ կամ ում նկատի ունի։

Նշենք, որ այս սպանության գործով միայն Ռուզաննա Մկրտչյանն է անազատության մեջ։ Որդին ազատության մեջ է, նրան մեղադրանք առաջադրված չէ այն պարագայում, երբ նա դատարանում վկայության ժամանակ նշել է, որ ինքն է մոր հետ հոր դիակը տարել, կապկպել, նետել ձորը, ապա քարեր գլորել դիակի վրա, փշերով ծածկել։ «Սա հանցագործությանը օժանդակել է, բայց Նորիկի նկատմամբ անգամ տուգանք չի նշանակվել։ Նա այսօր ազատության մեջ է, ամբողջ օրն էլ տեսակապով մոր հետ է խոսում, ապա լուսանկարները հրապարակում սոցցանցերի իր էջերում։ Իսկ թե Ռուզաննային ինտերնետ ու տեսակապի հնարավորություն որտեղից, այդ հարցին էլ թող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանի, որի թողտվությամբ այսօր քրեակատարողական հիմնարկները դարձել են սանատորիա»,- ասաց Արամ Սիմոնյանը։

Սպանված Մանուկ Սիմոնյանի եղբայրը վստահություն չունի, որ այս դատավարության շրջանակներում իրականությունը վեր կհանվի, և ի վերջո պարզ կդառնա, թե ինչու և ով սպանեց իր եղբորը։ «Բոլորը մի կոճի թել են, փաթաթված են մի կծիկի վրա։ Ես հույս չունեմ, որ հայաստանյան դատարաններում ինչ-որ բան կբացահայտվի։ Ոնց նախաքննությունն է  գնացել, այդպես էլ դատաքննությունը կլինի, ու հարցը կփակեն»,- եզրափակեց սպանվածի եղբայրը։

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:

Սպանվածի կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը, իսկ որդուն արգելանքից ազատելու մասին որոշում էր կայացվել:

Սպանությունից հետո նշանակված փորձաքննությունների արդյունքում սպանվածի կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, մեղսունակ էր ճանաչվել։ Մինչդեռ սպանությունից մոտ մեկ տարի անց նշանակված կրկնակի փորձաքննության արդյունքում պարզվեց, որ սպանության մեջ մեղադրվող Մանուկ Սիմոնյանի կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, եղել է աֆեկտի տակ։

Комментариев нет: