ԲՀԿ նախագահի անսպասելի հայտարարությունը. քաոսի ճանապարհը - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/10/2020

ԲՀԿ նախագահի անսպասելի հայտարարությունը. քաոսի ճանապարհը




 «Կարան ստուգեն, ես խնդիր չունեմ, թող իրենք մտածեն, որ իրենց օրերը հաշված են, մեկ շաբաթ, երկու շաբաթ ձգելով՝ պատասխանը տալու են: Մարդու վրա գործ կարելով չի»,- Ապարանում իր կուսակիցների հետ հանդիպմանը հայտարարել է մեծ հանրահավաքի պատրաստվող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հայտարարությունն իսկապես հետաքրքիր է՝ ո՞ւմ օրերն են հաշված, ո՞ւմ նկատի ունի Գագիկ Ծառուկյանը օրերի կամ ընդամենը մեկ-երկու շաբաթի հաշվի համատեքստում: Եթե խոսքը իրավապահ համակարգի մասին է, որ իրականացնում է Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված գործը, ապա դա նշանակո՞ւմ է արդյոք, որ վարչապետ Փաշինյանը էական փոփոխություն է կատարելու այդ համակարգում, ԱԱԾ-ում, ոստիկանությունում կամ մյուս կառույցներում: ԲՀԿ նախագահն այդպիսի տեղեկությո՞ւն ունի: Հազիվ թե: Հետևաբար՝ պետք է ենթադրել, որ խոսելով օրերը հաշված լինելու կամ ընդամենը մեկ-երկու հաշված շաբաթի մասին, Գագիկ Ծառուկյանը նկատի ունի քաղաքական իշխանությանը: Այդպիսով, ստացվում է, որ ԲՀԿ նախագահը հայտարարում է քաղաքական իշխանության օրերը հաշված լինելու մասին: Պետք է նկատել, որ այդպիսի հայտարարություններ Հայաստանում ընդդիմադիր գործունեություն ծավալած, իրական կամ իմիտացիոն ընդդիմություն եղած գրեթե բոլոր ուժերն էլ արել են իրենց ժամանակին, բայց նաև հենց այդ հայտարարություններն են, որ նրանց հանդեպ առաջացրել են հանրային անլուրջ ընկալումներ, որովհետև «ռեժիմը խուճապի» մեջ է եղել միշտ, բայց, ի վերջո, այդ «խուճապի» մատնող ուժերն են մեծ հաշվով հեռացել ասպարեզից:



Այդպիսով, քաղաքական որևէ իշխանության օրեր հաշված լինելու մասին հայտարարության համար կամ պետք է լինի լսարանի հանդեպ տարրական հարգանքի իսպառ բացակայություն, կամ պետք է լինի այդպիսի հայտարարություն անելու ծանրակշիռ, լրջագույն պատճառ, հիմք, փաստարկ, վկայություն և այլն, որպեսզի լայն լսարանի առաջ հնչի այդպիսի պատասխանատու քաղաքական խոսք: Թե որն է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեպքում՝ նա գիտե՞ ինչ-որ բան, որը թույլ է տալիս խոսել իշխանության օրերը հաշված լինելու մասին, թե՞ բացարձակապես չի հարգում իր լսարանին, կպարզվի թերևս ժամանակի ընթացքում: Մյուս կողմից, ԲՀԿ նախագահն այդ իմաստով առանձնահատուկ քաղաքական սուբյեկտ կամ գործոն է, այն առումով, որ նա, որպես այդպիսին, չունի հանրային լսարան նվաճելու խնդիր: Նա ունի իր թիրախային ընտրազանգվածը, որի հետ հարաբերությունն ավելի շուտ բնորոշ է ոչ թե քաղաքական գործիչ-հասարակություն, քաղաքական առաջնորդ-համակիրներ կամ կուսակցապետ-կուսակիցներ ձևաչափին, այլ գործատու-աշխատողներ ձևաչափին: Ըստ այդմ, տվյալ առումով, իհարկե, ԲՀԿ նախագահի և նրա լսարանի հարաբերությունն, այսպես ասած, ազնիվ է և, հետևաբար, լսարանը նրանից պատասխան հազիվ թե պահանջի, եթե օրեր կամ շաբաթներ անց քաղաքական իշխանության որևէ փոփոխություն էլ չլինի: Իսկ այդպիսի փոփոխություն, անկասկած, չի լինելու՝ այն պարզ պատճառով, որ դա կբերի Հայաստանի քաոսի:


Եվ դարձյալ, դրա պատճառն էլ պարզ է՝ Հայաստանում չկա ոչ միայն իշխանության փոփոխության հանրային կոնսենսուսային մեխանիզմ, որով ձևավորվող արդյունքը կընդունեն բոլորը, այլ չկա նաև ուժ, որը հավակնում է լեգիտիմորեն փոխել ներկայիս քաղաքական մեծամասնությանը: Ըստ այդմ՝ Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխությունը կարող է բերել միայն քաոսի: Իսկ այդ հարցում կարող են շահագրգռված լինել միայն Հայաստանի հակառակորդները, երկրներ կամ խմբեր, որոնք խիստ անհարմարավետության մեջ են Հայաստանում հանրայնորեն լեգիտիմ իշխանության գոյությամբ և Հայաստանի դրանից բխող ռազմա-քաղաքական ուժով, ինքնիշխանությամբ: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանում չպետք է փոխվի իշխանություն: Իհարկե, ոչ:



Պարզապես դա նշանակում է, որ Հայաստանում պետք է դրվի ոչ թե իշխանափոխության, ներկայիս իշխանության օրերը հաշվելու, այլ հանրությանը ավելի որակյալ, առավել առաջադեմ, առավել անկաշառ, առավել համակրելի, առավել բովանդակային, մի խոսքով՝ բոլոր առումներով արդիական ու մրցակցային իշխանության հավակնորդ քաղաքական ուժ մատուցելու խնդիր: Դրանից հետո դարձյալ հանրությունը կլուծի իր իշխանության խնդիրը, որը Հայաստանում ամենևին չի բերի քաոսի և հակառակը, էլ ավելի կամրացնի պետությունը:


Комментариев нет: