Ե՞րբ կկարողանա Ռուսաստանը բացել սահմանները Հայաստանի հետ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/10/2020

Ե՞րբ կկարողանա Ռուսաստանը բացել սահմանները Հայաստանի հետ

 Հայաստանում ինտենսիվորեն շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել ՌԴ արտագնա աշխատանքի մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները։ Նրանց պահանջը մեկն է՝ Ռուսաստանի հետ սահմանի բացում։ Ինչպես ՀՀ կառավարությունն է պնդում, Հայաստանն օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակումներ չի կիրառել, սահմանափակումները կիրառել և շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից, այս դեպքում՝ Ռուսաստանը:



ՀՀ կառավարության տարբեր պաշտոնյաներ նշում են նաև, որ Ռուսաստանի հետ ակտիվ բանակցություններ են ընթանում տվյալ խնդիրը կարգավորելու և սահմանափակումները թեթևացնելու ուղղությամբ, սակայն դեռ ապարդյուն։

Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները վստահ են, որ ՀՀ կառավարությունը խնդիրը կարող է լուծել՝ համապատասխան աշխատանք տանելով ռուսական կողմի հետ, օգտագործելով առկա լծակները ԵԱՏՄ,  ՀԱՊԿ անդամակցության և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների։

Հայտնի է նաև, որ Ռուսաստանը վերջին մեկուկես ամսվա ընթացքում սկսել է որոշակի սահմանափակումներ թուլացնել և վերացրել է ավիահաղորդակցության սահմանափակումները 7 երկրի համար, այդ թվում՝ Թուրքիայի։ Սակայն ուշագրավն այն է, որ հայկական ուղղությամբ որևէ թուլացման մասին ՌԴ-ում խոսք չկա։

Հարցին, թե ինչպե՞ս պետք է կարգավորվի Հայաստանում գլուխ բարձրացրած այս խնդիրը, ե՞րբ և արդյո՞ք քաղաքական եղանակով հնարավոր է այն լուծել, ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ցանկացած խնդիր երկկողմ հարաբերություններում կարելի է լուծել քաղաքական երկխոսությամբ։

Ըստ նրա, հայ-ռուսական հարաբերություններում կարող են նաև խնդիրներ լինել, սակայն սա կապել մյուսի հետ՝ չարժե, քանի որ գոյություն ունի իրականություն, որում ողջ աշխարհն է, և այսօր աշխատատեղի խնդիրը մարտահրավեր է դարձել շատ երկրների համար, համավարակի պայմաններում այդ խնդիրը լուծելը բարդ է, ավելի բարդ է անարգել հաղորդակցության ապահովումը, երբ հիվանդությունը չի նահանջում։

«Ռուսաստանը վերացրել է որոշ սահմանափակումներ մի քանի երկրների համար ՌԴ քաղաքացիների և տվյալ երկրների խնդրանքով, սակայն տոտալ թեթևացումների չի գնում, քանի որ համավարակի իրավիճակն այնքան էլ հեշտ չէ հենց Ռուսաստանում, թվերը բարձր են, և երկիր ելումուտը գուցե ավելի վատթարացնի իրավիճակը։ Այսինքն՝ սա կոնկրետ առողջապահական իրավիճակ է, որից ելնելով էլ՝ կայացվում են որոշումները, և այնպես չէ, որ Թուրքիան սերտ գործընկեր է, քաղաքական հարաբերությունները փայլուն են և սահմանները բացվել են, պարզապես եղել է որոշակի պահանջ, Կառավարությունն ընդառաջ է գնացել, բայց կան ռուս զբոսաշրջիկներ, որոնք վարակված են այժմ Թուրքիայում, և խնդիր է առաջանում նրանց պատշաճ բուժսպասարկմամբ ապահովելու հարցում։ Այսինքն՝ ՌԴ կառավարությունն առաջնորդվում է իր քաղաքացիների անվտանգությամբ, ելումուտի սահմանափակումների վերացումն ակնհայտ է, որ խթանելու է վարակի տարածմանը։ Ուշադրություն հրավիրեմ նաև այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը իր մի շարք սերտ գործընկերների համար թեթևացումներ չի անում, այսինքն՝ դա համարում է վտանգավոր։ Այս իրավիճակում ինչպիսի քաղաքական լծակներ պետք է գործի դրվեն, դժվար եմ պատկերացնում։ Պետք են ժամանակավոր լուծումներ, քանի որ այս ճգնաժամը կարող է երկարաձգվել, և ակցիաներն անվերջ չեն կարող լինել, խնդիրներին պետք է լուծում տրվի գուցե տեղում»,- ասաց Սկակովը։

Սրան զուգահեռ, նրա կարծիքով՝ ԵԱՏՄ շրջանակում ստեղծված իրավիճակը պետք է լայնորեն և հանգամանորեն քննարկվի, քանի որ տեղաշարժի սահմանափակումները խնդիրներ են առաջացրել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար, և այստեղ գուցե արտառոց լուծումների կարիք կա, պետք է քննարկել և գտնել նման լուծումներ։

«Մարդիկ անվերջ չեն կարող սպասել, իսկապես թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում պետք է քննարկումներ ընթանան, և եթե լուծումներ չկան, տրվեն ոչ ավանդական լուծումներ։ Իսկ վերջնական լուծումները, այսինքն՝ սահմանները կբացվեն, երբ վիրուսի տարածման վտանգավոր տեմպերը թուլանան հենց Ռուսաստանում և հետո այն երկրներում, որոնց հետ հաղորդակցությունը պետք է վերականգնվի։ Իմ ընկալմամբ, առաջնահերթ խնդիրը հենց Ռուսաստանում է, հետո՝ այլ երկրներում»,- ասաց Սկակովը։

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ դա Հայաստանի խնդիրն է, որը նախ ՀՀ իշխանությունները պետք է լուծեն խնդիրը, եթե կա նման խնդիր։

«Ինչպես գիտենք, բոլոր երկրներն են այսօր կիրառում աննախադեպ սահմանափակումներ, նման սահմանափակումներ աշխարհում երբեք չեն եղել, սա աննախադեպ իրավիճակ է, որից, ինչպես ասել եմ, չգիտենք, թե որ երկիրն ինչպես դուրս կգա, և այս ամենն աշխարհաքաղաքական ինչ վերադասավորումների կհանգեցնի։ Ռուսաստանն ի՞նչ կարող է անել, եթե համաճարակ է, և մարդիկ հիվանդանում են։ Ռուսաստանը որպես դաշնակից՝ անում է՝ ինչ հնարավոր է, ավելին, երևի թե այս պահին չի կարող անել, եթե այլ որոշումներ չեն կայացվում, քանի որ կան լուրջ վտանգներ։ Դժվար է ասել, թե երբ հնարավոր կլինի վերադառնալ նախկին կյանքին, բնականաբար, երբ վտանգն անցնի, բայց դա շատ հարաբերական է ասված, գուցե դա լինի շուտ կամ ուշ, ոչ ոք չգիտի»,- ասաց նա։

Комментариев нет: