Ռուսաստանի անսպասելի խնդիրը Հայաստանում, որքան էլ տարօրինակ հնչի - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

9/13/2020

Ռուսաստանի անսպասելի խնդիրը Հայաստանում, որքան էլ տարօրինակ հնչի

Իշխանությունը նրա համար չէ, որ վերցնես, գցես ու տաս՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ներկայացնելով երկրի գլխավոր դատախազին:


Բելառուսի նախագահի այդ հայտարարությունները թերևս շատերին են հիշեցնում հայաստանյան այդօրինակ մի միտք, որ հնչեց իհարկե ռուսական հեռուստաալիքով 2018 թվականի ապրիլի 27-ին: Այդ մտքի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն էր, որը ՆՏՎ եթերի մի քանի վայրկյանի խոսքում նշում էր՝ իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցես ինչ-որ մեկին: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Ռոբերտ Քոչարյանը փորձում էր աշխուժորեն ներգրավվել իշխանության հարցի հետագա լուծումներում, ինչը, սակայն, չարժանացավ Մոսկվայից այնպիսի աջակցության, ինչպիսին, օրինակ, այժմ ստանում է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն:

Եվ Բելառուսում ծավալվող իրողությունների ֆոնին իրապես առավել ընդգծվում է Հայաստանում տեղի ունեցածի առնչությամբ հարցը՝ ինչո՞ւ Մոսկվան Հայաստանում չգնաց ժողովրդական բողոքի դեմ այնպիսի դիմադրության, ինչպիսին Բելառուսի ժողովրդական բողոքի դեմ է: Չէ՞ որ Հայաստանի կորուստը պակաս կենսական չէ, քան կորուստը Բելառուսում: Թե՞ Հայաստանի դեպքում Ռուսաստանը համոզված էր, որ չկա ոչ մի կորուստ: Իսկ հիմա համոզված չէ՞, եթե բավականին նկատելի կերպով քաղաքական աջակցություն է ցուցաբերում կամ դրսևորում Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ՝ զուգորդելով այն տեղեկատվաքարոզչական աշխույժ աջակցությամբ, երբ ռուսական մեդիատարածությունում պարբերաբար և բավականին խիստ պարբերականությամբ ի հայտ են գալիս հրապարակումներ Հայաստանում, այսպես ասած, արևմտյան ուժերի իշխանության մասին: Թե՞ դա պրոֆիլակտիկա է, որ կիրառում է Ռուսաստանը, մի կողմից՝ վստահելով, բայց մյուս կողմից՝ ստուգելով՝ ռուսական հայտնի ասացվածքին հավատարիմ: Իսկ գուցե պատճառներն են ավելի պարզ՝ Հայաստանից պարզապես չեղավ դիմում կամ խնդրանք Ռուսաստանին՝ օգնություն ցուցաբերելու համար, և Մոսկվան կանգնեց փաստի առաջ ու ստիպված էր ընդամենը «լավ դեմք ընդունել՝ վատ խաղի պայմաններում», դարձյալ ռուսական ասույթի տրամաբանությամբ:


Այդ համատեքստում Մոսկվան հնարավոր է ժամանակի ընթացքում սպասում է արդեն Երևանի քաղաքական վատ խաղին՝ պատրաստելով պահեստայիններին՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդության հեռանկարով:

Առանց Հանրապետականի որևէ ընդդիմություն չի կարող հասնել հաջողության՝ տարի առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի արտահայտած միտքը օրերս կրկնել է ՀՀԿ երիտասարդական թևի նախագահը: Ի դեպ, օրերս ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հանդիպել էր կուսակցությանն անդամակցած երիտասարդների հետ: Առանց ՀՀԿ հնարավոր կլիներ, եթե Սերժ Սարգսյանը չմնար ՀՀԿ նախագահ, ինչի մտադրությունն ուներ 2018 թվականի ապրիլի 25-ին: Բայց, ըստ ամենայնի, ապրիլի 27-ին ՆՏՎ-ի եթերում Ռոբերտ Քոչարյանին լսելուց հետո Սերժ Սարգսյանը հրաժարվեց ՀՀԿ-ն թողնելու մտադրությունից՝ այդպիսով պահելով ՀՀԿ-ն որպես ընդդիմադիր դաշտում տեղի և դերի համար պայքարի էական գործոն: Գործոն, առանց որի իսկապես չի կարող հաջողության հասնել նախկին համակարգին ասոցացվող որևէ խումբ, բայց և չի կարող հաջողության հասնել ՀՀԿ-ի հետ:

ՀՀԿ-ն դարձել է Հայաստանի յուրօրինակ ներքաղաքական «ռեբուս», որ պետք է լուծի դեպի իշխանություն գնացող որևէ ուժ: ՀՀԿ-ն ինքը չի գնալու այդ ուղղությամբ՝ այդ մասին գրեթե պարզ հայտարարեց Սերժ Սարգսյանը շաբաթներ առաջ մեծ ասուլիսի ընթացքում: Նա սպասելու է: Մի բան, որի, այսպես ասած, ճոխությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում այս պահին կարող է իրեն թույլ տալ միայն այդ ուժը:

ՀՀԿ հարցը խնդիր է նաև Ռուսաստանի համար և թերևս նույնիսկ հիմնական խնդիրներից մեկը Հայաստանի ներքին կյանքում առավել արդյունավետ խաղալու համար:

No comments:

READ MORE