Ինչպես չտապալել ուսումնական պրոցեսը. Մի քանի խորհուրդ Արայիկ Հարությունյանին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/06/2020

Ինչպես չտապալել ուսումնական պրոցեսը. Մի քանի խորհուրդ Արայիկ Հարությունյանին

Սեպտեմբերի 1-ից մեկնարկող ուսումնական պրոցեսը շարունակում է մնալ հասարակության հուզող գլխավոր թեմաներից մեկը։

Այս գործընթացում ԿԳՄՍՆ-ն ճիշտ կանի որոշումներ կայացնելիս լսի եւ հաշվի առնի բոլոր կողմերի կարծիքները՝ վերախմբագրի եւ սրբագրի կայացրած որոշումները։
Նախ, այդպես էլ պարզ չէ, թե ինչու ուսումնական պրոցեսները չեն մեկնարկում սեպտեմբերի 1-ից, այլ մեկնարկում են 15-ից։ Այս շրջանում կարելի էր նախապատրաստական աշխատանքները կատարել եւ աշնան առաջին ամսվա լավ եղանակը օգտագործել դրսում դասերը կազմակերպելու համար։ Անհասկանալի է նաեւ, թե ինչու պետք է առաջին կուրսեցիները գնան այդ օրը համալսարան, առաջին դասարանցիները՝ չգնան։ Երբ կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին գուժում են աշխարհի տարբեր երկրներ եւ մասնագետներ, պետք է ոչ թե սպասել այդ օրվան, այլ օր առաջ մեկնարկել ուսումնական պրոցեսը հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ, քանի որ ոչ մեկ չգիտի՝ հաջորդ lockdown-ը երբ կլինի։
Երկրորդ՝ բուհերի դեպքում ուսումնական պրոցեսը սկսելու որոշումը ավելի քիչ խոցելի է, քանի որ նախ չափահաս մարդկանց հետ գործ ունեք եւ հետո՝ ԿԳՄՍՆ-ն որոշումը թողել է բուհերի տիրույթում։

Ամենախնդրահարույցը դպրոցներն են եւ այստեղ պետք է տարբերակված մոտեցում։
Նախ, նախարարությունը չպետք է նույն չափորոշիչներով որոշում կայացներ բոլոր դասարանների համար։ Առաջին դասարանցիների եւ տարրական դասարանի աշակերտների դեպքում այլ կանոններ պետք է սահմանվեին։

Այսպես, մի քանի ամիս տանը մնացած եւ նախակրթարական, դպրոց չհաճախած 6-7տ երեխային դժվար է լինելու դասապրոցեսի մեջ ներգրավելը։ Հետեւաբար՝ պատասխանատուները պետք է ամեն ինչ անեն, որ երեխաները չհոգնեն եւ չհիասթափվեն դպրոցից, ուսումնական պրոցեսը սթրեսային չլինի։

Այս իմաստով համահարթ սկզբունքով դասերը 6օր դարձնելը սխալ որոշում է, հոգնեցնող, այսպես երեխաներին զրկում ենք հանգստի իրավունքից։ Հետեւաբար՝ այն դպրոցները, որոնք կարող են կազմակերպել դասապրոցեսը 20 հոգանոց դասարաններում եւ պահպանել կանոնները, կարելի է նրանց դեպքում պահպանել հնգօրյա ռեժիմը։
Որոշումը պատասխանատուները պատճառաբանել են ճաշարանների չգործելով եւ երեխաների դպրոցում քիչ մնալով։

Սակայն սա ոչ միայն խնդրի լուծում չէ, այլ նոր խնդիրներ է ստեղծում։ Նախ՝ աշխատող ծնողները ստիպված են լինում երեխաներին թողնել երկարօրյա պարապմունքի, հետեւաբար՝ առավոտյան 08.00-ից տնից դուրս եկող եւ մինչեւ ժամը 17.00 դպրոցում մնացող աշակերտի հետ ինչքան սնունդ պետք է դնի ծնողը, որը չի փչանա այս եղանակային պայմաններում։ Պատկերացնում եք՝ ինչ կստացվի՝ ամեն երեխա տարբեր սնունդ բերի, ամեն մեկը սկսի համտեսել իր բերածը։ Կամ որն է տրամաբանությունը ճաշարանները չգործելու, եթե ռեստորանները աշխատում են, մարդիկ կարող են 40 հոգանոց միջոցառումներ անել, մի սեղանի շուրջ նստել 8 հոգով։

Երրորդ, եթե անգամ մեծերն են դժվարությամբ դիմակ կրում, ինչպես եք պատկերացնում 6-7 տարեկան երեխաներին դիմակով դասի նստելիս, ուսուցչի, դպրոցի հետ նոր-նոր ծանոթացող երեխայի դեմքի վրա դրոշմվում է վերաբերմունքը եւ դա կարեւոր ցուցիչ է մանկավարժի համար իր աշխատանքը կազմակերպելիս։

Այնպես որ գոնե տարրական դասարանի երեխաների դեպքում կարելի է վերանայել դիմակների նորմը, բավարարվել ջերմաչափելով, հիվանդության թույլ նշանների դեպքում տուն ուղարկելով։ Կորոնավիրուսը մի օր կդառնա առօրյա կյանքի անբաժան մասը, ինչպես գրիպը, բայց մինչ այդ փուլին հասնելը այսպիսի որոշումներով մենք կհասցնենք հիասթափեցնել մի ամբողջ սերնդի եւ վանել նրանց ուսումնական պրոցեսից։
Ուստի՝ այս ոլորտում որոշումներ կայացնելիս պետք է նախեւառաջ մանկավարժ-հոգեբան լինել, խնդիրները դիտարկել նաեւ ծնողի տեսանկյունից։ Ընդ որում՝ պարտադիր չէ որպես պատկան մարմին քո որոշումները լինեն կատարյալ, հետեւաբար՝ հասկանալու դեպքում՝ որ որոշումն է գործող, որը՝ ոչ, կարելի է մասնավոր հաստատությունների դեպքում գոնե սկզբանապես ուսումնական պրոցեսի կազմակերպումը թողնել նրանց հայեցողությանը։ Չէ՞ որ ամեն տնօրեն եւ հաստատության ղեկավար ինքը գիտի, որ համակարգը կաշխատի իր մոտ։ Ընդհանուր սկզբունքները, հակահամաճարակային կանոնները որպես առաջնահերթություն հռչակելուց հետո՝ պետք է օր առաջ սկսել դասապրոցեսը։ Մեկ ամսից հաստատապես պարզ կլինի, թե որ կանոնն է ավելի գործող եւ արդյունավետ։ Գուցե այդ ճանապարհին պարզվի, որ մասնավոր դպրոցների ղեկավարները այնպիսի ռազամավարություն են մշակել, որն ավելի կիրառելի եւ ընդօրինակելի է պետական հաստատություններում։ Եւ ԿԳՄՍՆ-ն ընդունի այդ կանոնները եւ սկսի կիրառել նաեւ պետական ուսումնական հաստատություններում։

Փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ քանիցս որոշումներ են կայացվել, որոնք բուռն քննադատությունների եւ առօրյա կյանքում չգործելու պայմաններում սրբագրվել են։

Комментариев нет: