Եվս չորս կործանիչ և արդիականացված գրոհիչներ․ հայ-ռուսական բարձր դինամիկան և համագործակցության աննախադեպ մակարդակը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/06/2020

Եվս չորս կործանիչ և արդիականացված գրոհիչներ․ հայ-ռուսական բարձր դինամիկան և համագործակցության աննախադեպ մակարդակը



Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ ՍՈւ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու վերաբերյալ։ Այս տեղեկությունը հայտնել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման շրջանակներում անդրադառնալով ռազմատեխնիկական ոլորտին և հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող մի շարք կարևոր հարցերի։

Հայաստանի պաշտպանության նախարարը նախորդ շաբաթ է վերադարձել Մոսկվայից, ուր մեկնել էր պաշտոնական այցով մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարին, «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսի բացման արարողություններին, ինչպես նաև բանակցելու Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների հետ։

«Բանակ» ցուցահանդես-ֆորումը ամենամյա միջոցառում է, որի ընթացքում տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունները հնարավորություն են ստանում ծանոթանալու ցուցադրված նոր զինատեսակներին, նոր զինտեխնիկային, նաև շփվելու, վարելու կարևոր բանակցություններ և ստորագրելու նոր պայմանագրեր։ Բնականաբար, Հայաստանն էլ է մասնակցում Մոսկվայում անցկացվող այս կարևոր միջացառմանը՝ որպես Ռուսաստանի առանցքային ռազմաքաղաքական գործընկերներից մեկը։ Եվ այս անգամ էլ Երևանից Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք էր մեկնել հայկական պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ։


Մոսկովյան այցի շրջանակներում ՀՀ ՊՆ ղեկավարը նաև հանդիպում է ունեցել իր ռուսաստանցի գործընկերոջ՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։

Տոնոյանը նաև շփվել է ռուսաստանցի լրագրողների հետ՝ ասելով, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը այսօր աննախադեպ մակարդակի վրա է գտնվում։ Մեր նախարարը ընդգծել է, որ աշխարհում ոչ մի պետություն չի կարող ռազմատեխնիկական համագործակցության մակարդակով համեմատվել Երևանի և Մոսկվայի հետ:

Վերադառնալով Մոսկվայից՝ Հայաստանի պաշտպանության նախարարը կրկին ընդգծում է, որ հայ-ռուսական հարաբերություններում «շատ մեծ դինամիկա կա», իսկ որոշ ոլորտներում, օրինակ՝ ռազմաօդային ուժերի ոլորտում, այն աննախադեպ է։

Այս համատեքստում Տոնոյանը տեղեկացրել է, որ Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր ՀՀ Զինված ուժերի սպառազինության տակ գտնվող չորս միավոր ՍՈւ-25 գրոհիչների արդիականացման և վերանորոգման պայմանագիր։

«Կնքվեց 4 ՍՈւ-25-երի արդիականացման ծրագիր, որը տարիներ շարունակ չի հաջողվել իրականացնել: Ռազմարդյունաբերության ոլորտում բավականին հետաքրքիր լուծումներ են եղել։ Ինձ ոգեշնչում է մասնավոր կազմակերպությունների ներգրավվածությունը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ռազմարդյունաբերության ոլորտում», – ասել է նախարարը ու նաև հայտնել, որ նախատեսվում է նոր խմբաքանակի ՍՈւ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերումը։

Հիշեցնենք, որ ռուսական «Սուխոյ» ընկերության արտադրության բազմաֆունկցիոնալ կործանիչների առաջին խմբաքանակը՝ 4 մեքենա, Հայաստան բերվեց նախորդ տարվա վերջին։ Դրանից հետո՝ ս․թ․ հունվարի 28-ին, լրագրողները Եռաբլուրում հետաքրքրվել էին պաշտպանության նախարարից, թե մյուս խմբաքանակը ե՞րբ կլինի Հայաստանում, ինչին ի պատասխան Տոնոյանը ասել էր՝ «շուտով»։ Բայց թե կոնկրետ ե՞րբ դա տեղի կունենա՝ առայժմ դժվար է ասել։ Համենայն դեպս, նախարարն ասում է, որ բանակցություններն ընթանում են, և եթե հաշվի առնենք, որ երկկողմ հարաբերությունները, իր իսկ խոսքերով, շատ լավ դինամիկայի մեջ են, ռազմատեխնիկական համագործակցությունն էլ՝ աննախադեպ մակարդակի վրա, ապա կարելի է ենթադրել, որ Տոնոյանը գոհ է բանակցությունների ընթացքից։



Ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը, որը շատ լավ գիտի Հայաստանի ռազմաօդային ուժերի հնարավորություններն ու նաև ինչ-որ չափով ծանոթ է այս ոլորտին վերաբերող ծրագրերին, հիշեցնում է, որ ընդհանուր առմամբ, ինչպես նախկինում է բազմիցս հայտարարվել և ինչպես ինքը՝ նախարար Տոնոյանն է ասել, նախատեսվում ձեռք բերել 12 միավոր ՍՈւ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ և կազմավորելով մեկ էսկադրիլյա՝ ստեղծել կործանիչ ավիացիա, որի առկայությունը և դերակատարումը շատ է կարևորվում ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանական քաղաքականության մեջ։ Ու քանի որ կործանիչների ձեռքբերումն իրականացվում է փուլային տարբերակով, կարելի է ենթադրել, որ այս անգամ էլ պայմանագիր կստորագրվի ևս չորս կործանիչ գնելու մասին։

«Կարծում եմ՝ խոսքը ևս չորս մեքենայի պայմանագրի մասին է։ Իսկ եթե խոսենք մատակարարման ժամկետների մասին, ապա կարծում եմ՝ դա տեղի կունենա պայմանագիրը ստորագրելուց մոտ մեկ-մեկուկես տարի անց, քանի որ առնվազն մեկ տարի կպահանջվի դրանք գործարանում արտադրելու համար։ Այսպես է արվում այն պատճառով, որ նախկինում Հայաստանը կործանիչ ավիացիա չի ունեցել, հետևաբար՝ չկան նաև կադրեր, ենթակառուցվածքներ, ուստի իմաստ չուներ միանգամից 12 կործանիչ գնելը։ Բնականաբար, ֆինանսական պատճառներն էլ են այստեղ իրենց դերը խաղում, և միանգամից 12 մեքենա գնելը շատ ավելի թանկ է, քան աստիճանաբար գնելու դեպքում», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը՝ ավելացնելով, որ շատ կարևոր է նաև մեր բանակի գրոհիչների արդիականացումը, որի վերաբերյալ հաջողվել է պայմանագիր ստորագրել Մոսկվայում։ Արդիականացումից և վերանորոգումից հետո ՍՈւ-25 գրոհիչները, հատկապես կործանիչների հետ համակցությամբ, շատ արդիական ու կարևոր զորատեսակ են դառնում։

Комментариев нет: