Ողբերգություն Արմավիրում. ազգային անվտանգության կիսատ ցիկլը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/02/2020

Ողբերգություն Արմավիրում. ազգային անվտանգության կիսատ ցիկլը






Նախօրեին հայտնի դարձավ Արմավիրի մարզում սահմռկեցուցիչ դեպքի մասին: Կեղծ օղու թունավորումից մահացել է մոտ մեկ տասնյակ մարդ: Սեպտեմբերի 1-ի երեկոյան դրությամբ նրանց թիվը 9-նն էր, մի քանիսը ծանր վիճակում, և չի բացառվում, որ այս հրապարակումը կարդալիս վիճակագրությունը ցավալիորեն լինի ավելացած: Ձերբակալվել է անձը, որը տանը պատրաստած օղին վաճառել է տարբեր քաղաքացիների: Կատարվում է քննություն, թե ինչն է մահաբեր թունավորման պատճառը, ինչով է այսպես ասած պատրաստված եղել այդ օղին: Ընդ որում, այդ օղին վաճառվել է մոտ երեք տասնյակ տարբեր քաղաքացիների: Ողբերգական այդ միջադեպը շատ ավելի խորքային թե՛ համակեցության, թե՛ մշակութաբանական խնդիր է: Հայաստանում երբ խոսվում է ազգային անվտանգության մասին, առաջին հերթին և գլխավորապես նկատի են առնվում արտաքին սպառնալիքներ ու ռիսկեր, դրանց հակազդելու քայլեր և միջոցառումներ:

Մինչդեռ, ազգային անվտանգությունն ունի նաև ներքին խորքային բաղադրիչներ, երբ, օրինակ, որևէ մեկը կարող է թույնը վաճառել օղու տեղ, և գտնվեն դրա գնորդներ: Մինչդեռ այդ իրողությունը գալիս է նրանից, որ շատ տարածված մշակույթ է տանն օղի թորելն ու վաճառելը, առանց որևէ վերահսկողության: Եթե փորձ արվի վերահսկողական միջամտություն իրականացնել՝ ելնելով հանրային առողջությունից, ապա հաջորդ օրը, հավանաբար, կառավարության դիմաց կհավաքվեն մի քանի տասնյակ կամ հարյուր ցուցարարներ, կմիանան քաղաքական ուժեր ու կբարձրաձայնեն, որ կառավարությունը մարդկանց թույլ չի տալիս գոնե տանն օղի թորել և սոցիալական հոգս հոգալ:

Խորքային առումով, ազգային անվտանգության ներքին, մշակութաբանական, սոցիալ-հոգեբանական բաղադրիչների հանդեպ տասնամյակներով թքած ունենալն է, որ բերում է իրավիճակների, երբ երեխաները տանը կարող են տարիներով ենթարկվել բռնության և հանրության ուշադրությունում հայտնվել միայն ողբերգական ելքի պարագայում:

Ազգային անվտանգության խորքային բաղադրիչների վրա թքած ունենալու մշակույթն է, որ Հայաստանի ավտոճանապարհները վերածվել են մահաբեր մարտադաշտի՝ ողբերգական դեպքերի բարձր վիճակագրությամբ:


Ցանկը ցավալիորեն հնարավոր է շարունակել: Մեզանում անհրաժեշտ է անվտանգային մտածողության մշակութաբանական հեղափոխություն, անվտանգության խորքային մշակույթի ձևավորում՝ առանց որի, միայն արտաքին անվտանգության ամուր պատը ամենևին բավարար չէ ազգային անվտանգության հուսալի ամրություն ունենալու համար: Անվտանգության մշակույթը պետք է սկսի կենցաղից և ավարտվի սահմանին, որպեսզի անվտանգային ցիկլը լինի ամբողջական: Այլապես, մենք բավականին ծանր ենք ապրում գեթ մեկ զինվորի մահ և անմիջապես խոսում անվտանգությունից, բայց ենթագիտակցորեն անցկացնում ենք թունավոր օղուց իննը մարդու մահը: Ցիկլը պետք է ձևավորվի, մարդկային կյանքը պետք է հռչակվի անվտանգության համակողմանի և աներկբա ուշադրության առարկա և շահառու:

Комментариев нет: