Արտակարգ դրության փոխարեն՝ կարանտին․ իշխանությունը ստիպված գնաց այս քայլին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/06/2020

Արտակարգ դրության փոխարեն՝ կարանտին․ իշխանությունը ստիպված գնաց այս քայլին

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվել է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որի մշակումը պայմանավորված է COVID-19 համավարակով: Օրենքի այս նախագիծն արդեն ընդունվել է. սեպտեմբերի 11-ից հետո նախատեսվում է չերկարացնել արտակարգ դրությունը, փոխարենը կգործի կարանտինի ռեժիմը, որի ընդունմանը դեմ է եղել խորհրդարանական ընդդիմությունը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Հայկ Սահակյանի խոսքով՝ կառավարության նման ռեակցիան և այսպես գործելու մոտիվացիան իր համար անհասկանալի է:


Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ արտակարգ դրությունը չէր կարող հավերժ լինել. «Կարանտինը նույնպես գործիք է, որը հստակ կարգավորելու է այս դաշտը… Որոշակի սահմանափակումներ կիրառելն անհրաժեշտ է: Սա պետք է ունենա նաև մշակութային հենք…, այս վեց ամսվա ընթացքում, օրինակ, համատարած դիմակ կրելու մշակույթ ձևավորվեց»:

Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ այսքան երկար՝ շուրջ վեց ամիս տևած արտակարգ դրության ռեժիմ երբևէ չի եղել, և սա ընդդիմությանը քննադատությունների տեղիք էր տալիս, որ դա իշխանության կողմից կիրառվող գործիք է քաղաքական ազատությունները սահմանափակելու հարցում: «Չի բացառվում, որ այս առումով Հայաստանի վրա միջազգային կառույցներից էլ է ճնշում եղել: Եվ միգուցե իշխանությունը ստիպված է գնացել այս քայլին»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ իշխանության այս քայլը բավարար է, բայց հարց է առաջանում, թե ինչու է տուգանքների չափը  բարձրացվում: «Այս ամիսներին տնտեսական վիճակը վատացել է, և տուգանքները չեն  նպաստում մեր քաղաքացիների ֆինանսական վիճակի բարելավմանը: Այս պայմաններում կառավարությունը հակառակ ճանապարհով է գնում և քաղաքացիների համար հավելյալ խնդիրներ է ստեղծում՝ բարձր տուգնանքերով,- նկատեց Արմեն Վարդանյանը:

Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ պետք է հաշվի առնել՝ սահմանափակումները չխախտող քաղաքացիները խնդիր չեն ունենա. «Թող բարի լինեն, չխախտեն սահմանափակումները»:

Ռուսաստանը մի քանի երկրների հետ բացել է օդային սահմանը: Արմեն վարդանյանի խոսքով՝ այս խնդիրը քաղաքական չէ, այլ բացառապես առողջական է. Ռուսաստանը վիճակագրական տվյալներից ելնելով է առաջորդվում, իսկ Հայաստանը դեռևս չի ներառվում այն երկրների ցանկում, որոնք քիչ ռիսկային են: «ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների համար Հայաստանի կառավարությանը չի կարելի մեղադրել. այս հարցում որոշում կայացնողը Ռուսաստանն է»,- նշեց քաղաքագետը:

Հայկ Սահակյանը հավելեց, որ սահմանները Հայաստանը չի փակել, մյուս երկրներն են փակել, քանի որ համարվում է, որ մեր երկիրը վարակի տարածաման առումով պոտենցիալ վտանգ է ներկայացնում. « Հայաստանի կառավարություն այս հարցում ի՞նչ կարող է անել»:

Հարցին, թե Առողջապահական համաշխարհային կազմակերպության որոշումներն ինչու պետք է պարտադիր լինեն նաև Հայաստանի համրար՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Կարծում եմ՝ Հայաստանը այն մտավոր, գիտական պոտենցիալը չունի, ինչին որ տիրապետում է աշխարհը, դա ակնհայտ է. իհարկե, ԱՀԿ-ն էլ կարող սխալվել: Հայկ Սահակյանը հակադարձեց՝ նշելով. «Մենք չենք կարող առանց ԱՀԿ որոշումները քննարկելու և տեղայնացնելու փորձի, պարտադիր ընդունել որպես պատրաստի որոշումներ»:

Комментариев нет: