«Մոնթեն ու ընկերներն արդեն հասցրել են չարաճճիություն անել». Աստղիկ Ալավերդյանը` որդու դպրոցական առաջին քայլերի և դստեր մանկապարտեզ հաճախելու մասին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/16/2020

«Մոնթեն ու ընկերներն արդեն հասցրել են չարաճճիություն անել». Աստղիկ Ալավերդյանը` որդու դպրոցական առաջին քայլերի և դստեր մանկապարտեզ հաճախելու մասին

 Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի որդին` 6-ամյա Մոնթեն օրերս իր առաջին դպրոցական քայլերն է արել, իսկ դուստրը` 1,7 տարեկան Շուշին, արդեն մեկ ամիս է` մանկապարտեզ է հաճախում: 

«Մոնթեն հաճախել է Եվրոպական վարժարանի մանկապարտեզը, հիմա արդեն վարժարան` որպես դպրոց: Բացի բոլորիս ծանոթ դպրոցական ծրագիրը, վարժարանում հատուկ ծրագիր ունեն, դասավանդվող առարկաները երեխաները նաև անգլերենով են անցնում: Քանի որ անգլերենը միջազգային լեզու է, կարևորեցինք այդ ուղղությամբ գնալը: Մոնթեն լեզուներ շատ է սիրում, տիրապետում է ոչ միայն ագլերենին, այլև ռուսերենին: Ամռանը նույնիսկ ռուսերենի առանձին պարապմունքների է հաճախել»,-ասաց նա:

Աստղիկի խոսքով` Մոնթեն վերջին օրերին հաշվում էր, թե երբ է դպրոց գնալու. «Շատ ոգևորված էր, առաջին օրը ես ավելի լարված էի, քան Մոնթեն: Երեկ ամբողջ օրը մնացել է դպրոցում, քանի որ իրենց դպրոցում երկար են մնում, առավոտյան 8:30 գնում է, երեկոյան 18:30 գալիս է տուն: Մտածում էի, որ առաջին օրն է, գուցե հոգնի, բայց շատ առույգ վերադարձավ տուն: Մանկապարտեզի ընկերներից մի քանիսի հետ նույն դասարանում են սովորում, քիչ առաջ դասղեկի հետ էի խոսում, ասաց, որ Մոնթեն ու ընկերներն արդեն հասցրել են չարաճճիություն անել»:

Դերասանուհին նշեց, որ նախադպրոցական բոլոր գնումները որդու հետ են կատարել. «Բոլոր դետալները միասին ենք որոշել: Եթե առանց Մոնթեի ինչ-որ հագուստ գնեմ ու իրեն դուր չգա, չի կրի: Նախընտրում եմ իր հետ գնումներ անել՝ հաշվի առնել իր կարծիքը»:

Ըստ Աստղիկի` Մոնթեն շատ ընդունակ է, սովորել շատ է սիրում. «Ինձ ծանոթ մասնագետներից մեկն ասաց, որ իրենից երկու տարի ավելի մեծին բնորոշ IQ ունի: Բայց եթե գերազանցիկ չլինի, չեմ նեղսրտի, քանի որ երեխայիս ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կա: Մաթեմատիկան Մոնթեի մոտ շատ լավ է զարգացած, եթե պատմողական առարկաները լավ չսովորի, ես չեմ ստիպի: Թող զարգացնի այն ուղղությունը, որն իր մոտ առավել արտահայտված է»:

Նա ասաց, որ դեռ անհանգիստ է. «Մտածում եմ` արդյոք հաց կերավ, չհոգնեց, չձանձրացավ` չնայած գիտեմ, որ ապահով ձեռքերում է: Ծնողին միշտ թվում է, թե քիչ բան է անում երեխայի համար: Մտածում եմ գուցե մեկ խմբակ ավել հաճախի, այդ պատճառով մինչև դպրոցը Մոնթեն շատ խմբակների էր հաճախում: Հիմա հրաժարվել ենք բոլորից, որպեսզի գոնե շաբաթ և կիրակի օրեին ազատ լինի»:

Աստղիկն ասաց, որ դուստրը` փոքրիկ Շուշին, արդեն մեկ ամիս է` մանկապարտեզ է հաճախում: «Առաջին մի քանի օրը լացում էր, հուզվում, բայց ես միանգամից դուրս էի գալիս, չէի մնում իր մոտ: Հիմա շատ լավ է հաճախում, ինձ ցտեսություն է ասում` չնայած դեռ կես օրով եմ տանում, շուտով ամբողջ օրով կթողնեմ,-ասաց նա և հավելեց, որ Շուշին ամեն օր մի նոր բան է սովորում,- Մի քանի օր առաջ իր անունն էր ասում: Մանկապարտեզում ապլիկացիաներ է անում, բերում է տուն, բոլորիս ցույց է տալիս»:

Комментариев нет: