Լարսում մնացած ՀՀ քաղաքացիների հարցը գրեթե լուծվել է. մարդիկ ինքնաթիռով ժամանել են Հայաստան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/09/2020

Լարսում մնացած ՀՀ քաղաքացիների հարցը գրեթե լուծվել է. մարդիկ ինքնաթիռով ժամանել են Հայաստան

ՀՀ քաղաքացիների հարցը, ովքեր սեփական մեքենաներով Ռուսաստանից ցամաքային ճանապարհով որոշել էին գալ Հայաստան ու տևական ժամանակ մնացել Լարսի անցակետում, գրեթե լուծված է։

Հիշեցնենք, որ Լարսի անցակետ չհասած Չմի բնակավայրից մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող բենզալցակայանի մոտ սեփական մեքենաների մեջ երկար ժամանակ է, ինչ գիշերում էին 23-25 ՀՀ քաղաքացի՝ երկու երեխա, կանայք, տարեցներ, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներ։ Նրանք պնդում էին, որ ՌԴ-ում ապրուստի միջոց չունեն, վարձով են բնակվել, աշխատանք չունեն, տուն չունեն, փողոցներում են մնացել։ Այդ իսկ պատճառով ցամաքային ճանապարհով որոշել են վերադառնալ Հայաստան։ Սակայն Վրաստանը ցամաքային հաղորդակցությունը դեռ չի վերականգնել, և հայտնի չէ, թե երբ դա տեղի կունենա։

«Առաջին լրատվական»-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ 6 քաղաքացի հյուպատոսի ու տեղի գործարարներից մեկի շնորհիվ ինքնաթիռով տեղափոխվել են Հայաստան։ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ այսօր արդեն Լարսի անցակետում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխման հարցը գրեթե լուծված է։ «Այս պահին Լարսի անցակետում մնացել են 7 տղամարդ՝ իրենց մեքենաներով։ Նրանք էլ այս ընթացքում մեքենաները բեռնատարներով կուղարկեն, իրենք ինքնաթիռով կմեկնեն Հայաստան։ Մնացած բոլոր քաղաքացիները, կանայք, երեխաները Մինվոդիից ինքնաթիռով մեկնել են Հայաստան։ Բոլոր հարցերը կարգավորել ենք։ Կարելի է ասել, խնդիրը լուծվել է»,- մեզ փոխանցեց Արամ Թանանյանը։


Նրա խոսքով՝ այս դեպքը ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցների համար լավ օրինակ եղավ, հասկացան՝ ցամաքային ճանապարհը դեպի Հայաստան շարունակում է փակ մնալ, ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի։ «Մենք հորդորում ենք մեր քաղաքացիներին, ովքեր ուզում են վերադառնալ հայրենիք, ցամաքային ճանապարհը չընտրել։ Ճանապարհի բացումը մեզանից կախված չէ, այլ Վրաստանից։ Եվ հայտնի չէ, թե Վրաստանը երբ կորոշի անգամ այս հարցը քննարկել»,- ասաց Արամ Թանանյանը։

Նշենք, որ Վրաստանը սեպտեմբերի 10-ից երկրում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված կրկին սահմանափակումներ է մտցնում։

Комментариев нет: