«Շատերը Լեդի Գագայի փարաջանովյան մոտիվներից շատ ավելի են հուզված, քան բուն փարաջանովյան կինոյից». Զավեն Բոյաջյան - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/20/2020

«Շատերը Լեդի Գագայի փարաջանովյան մոտիվներից շատ ավելի են հուզված, քան բուն փարաջանովյան կինոյից». Զավեն Բոյաջյան

Լեդի Գագայի՝ երեկ թողարկված «911» տեսահոլովակը, որի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, բուռն արձագանք գտավ սոցցանցերի հայկական տիրույթում:




Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը խոստովանել է, որ մտքով չէր էլ անցնի, թե կարձագանքի երգչուհու նոր աշխատանքին, մանավանդ որ «այդ փութաջան տիկնոջ ջատագովների թվին չի պատկանում», բայց հոլովակի հայտնվելուն պես նամակներ է ստանում, որոնց հեղինակները մեկնաբանություն են ակնկալում:

«Անհնար է չնկատել, որ ոմանց ֆեյսբուքյան խանդավառությունը, թե Լեդի Գագան գովազդում է Հայաստանը, հայկական կինոն ու Փարաջանովին, ավելի շատ վկայում է մեկ-մեկ նկատվելիս խիստ շոյված զգալու փոքր ազգի ավանդական ոգեւորության (կամ իր փոքրաքանակությունը մեծարժեքությամբ փոխհատուցելու բարդույթի) մասին, քան համապատասխանում է իրականությանը: Սա նման է թեթեւակի գովեստից տեղնուտեղը չափազանցության վերին ոլորտները թեւելու թուլության: Փարաջանովը Լեդի Գագայի հոլովակի ոգեշնչման, իսկ ավելի շատ նմանակման միակ աղբյուրը չէ. խոսքն այստեղ պաշտամունքային կինոյի հայտնի մի շարք նմուշների/դեմքերի մասին է, որոնց գեղագիտական սկզբունքները, նկարագեղ ոճաբանությունը, սիմվոլիկան ու կոմպոզիցիոն լուծումներն էլ մեջբերվել են:


 

Փարաջանովի կողքին նույնքան զգալի է «ուշացած սյուրռեալիստ» Ալեխանդրո Խոդորովսկու ներկայությունը, հղումներ կան նաեւ Ֆրից Լանգի եւ Ֆեդերիկո Ֆելլինիի գործերին: Իրականում հոլովակի ռեժիսորը՝ ամերիկաբնակ հնդիկ ռեժիսոր Թարսեմ Սինգհը, կիրառել է նույն բանալին, ինչ Ջենիֆեր Լոպեսի, Վինս Վոնի եւ Վինսենթ Դ’Օնոֆրիոյի մասնակցությամբ դեռ 2000-ին նկարահանած իր «Բջիջ» (The Cell) ֆիլմում, այսինքն՝ նորից իր տարերքի մեջ է: Այնտեղ կանանց առեւանգող մոլագարի ներաշխարհն էր ձեւավորված նշանավոր նկարչական կտավների ոգով, այստեղ էլ հոլովակի հերոսուհու ներաշխարհն է ոճավորված կինովերհուշերով, ընդ որում՝ երկու դեպքում էլ առանց որեւէ պատճառաբանվածության, պարզապես հանուն տպավորիչ էսթետիզմի:



Ինչ վերաբերում է հոլովակում երեւացող հայատառ գրություններին, դրանցից մեկը, ինչպես արդեն պարզել են խորամուխները, հայերեն չէ, մյուսը, որ ժապավենին գրված «Զգուշություն» բառն է, ըստ երեւույթին՝ անգլերեն Caution!-ի բառացի թարգմանությունն է. սա էլ, փաստորեն, չի գտնվել մի բանիմաց, որ թարգմանի «Զգո՛ւյշ» կամ «Զգուշացի՛ր»:

Իսկ ինչ մնում է այն հանգամանքին, որ շատերը Լեդի Գագայի փարաջանովյան մոտիվներից շատ ավելի են հուզված, քան բուն փարաջանովյան կինոյից, իհարկե, պարադոքս է, որը զվարճալի կլիներ, եթե տխուր չլիներ: Ամեն դեպքում հիշեցնեմ Փարաջանովի ֆիլմերը հիշատակողներին, որ գոնե այդ ֆիլմերի վերնագրերը չաղավաղեն՝ Աշուղ Ղարիբին դարձնելով Աշուղ (կամ Աշիկ) Քերիբ, Սուրամի բերդն էլ՝ Սուրամի ամրոց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Զավեն Բոյաջյանը:  

Комментариев нет: